Ռուսաստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիա Ազգային հաշվարկային դեպոզիտարիան (ԱՀԴ) և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ) կնքել են փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը ուղված փոխհամաձայնության հուշագիր: Ըստ «Նասդաք ՕԷՄԷՔս Արմենիայի» հաղորդագրության՝ կողմերը համաձայնվել են ընդլայնել համագործակցությունը` արժեթղթերի անդրսահմանյան վերջնահաշվարկի համար արդյունավետ և հուսալի ռեեստրավարման համակարգի ստեղծման ուղղությամբ:
Համաձայն հուշագրի` դեպոզիտարիաները նախատեսում են սերտորեն համագործակցել բիզնեսի տեսանկյունից, ինչպես նաև կազմակերպել սպասարկվող արժեթղթերի և ռեեստրավարման ծառայությունները կարգավորող իրավական ակտերի մասին տեղեկատվության փոխանակում: Ընկերությունները նաև նախատեսում են փոխանակել իրենց լավագույն փորձը օգտագործվող տեխնոլոգիաների, գործունեության ստանդարտների և զարգացման պլանների գծով, ինչպես նաև նախագծերի, աշխատանքային խմբերի և այլ համապատասխան միջոցառումների մասին տեղեկատվությունը:
Ռուսաստանի ԱՀԴ-ի խորհդի նախագահ Էդդի Աստանինի խոսքով` ԱՊՀ երկրների կենտրոնական դեպոզիտարիաների հետ ռազմավարական համագործակցության զարգացումը Ռուսաստանի կենտրոնական դեպոզիտարիայի առաջնահերթություններից մեկն է, ինչին նպաստում է նաև համատեղ աշխատանքը` Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի ներքո: «Ռուսաստանի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիաների միջև համագործակցությունը դրական ազդեցություն է ունենալու մեր երկրների ֆինանսական շուկաների զարգացման վրա»,- ասել է նա:
ՀԿԴ-ի տնօրեն Վահան Ստեփանյանի խոսքով` հուշագիրը նպաստելու է ոչ միայն երկու դեպոզիտարիաների միջև համագործակցության ամրապնդմանը, այլ երկու երկրների միջև առևտրի և ներդրումների հոսքի մակարդակի բարձրացմանը: Միաժամանակ` արժեթղթերի և թողարկողների մասին էական տեղեկատվության հասանելիությունը տեղական և արտասահմանյան ներդրողների համար կհեշտացնի ներդրումային որոշումների կայացման գործընթացը:
Civilnet











