Գլխավոր Լրահոս

Երևանը մաքրվեց կազինոներից

Երևանը մաքրվեց կազինոներից

Երևանի շրջակայքը մաքրվեց խաղատներից և խաղասրահներից։ «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի համաձայն` 2014թ. հունվարի 1-ից հետո խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել առանձնացված գոտիներում կամ Երևանի մերձակայքում` կառավարության որոշմամբ։ Ըստ օրենքի պահանջների` խաղատուն կամ շահումով խաղեր կարելի է կազմակերպել Ծաղկաձորի, Ջերմուկի, Սևանի և Մեղրիի վարչական սահմաններում, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և «Երևան» ազատ տնտեսական գոտու տարածքներում։ Խաղատուն կարելի է կազմակերպել նաև այլ բնակավայրերում` կառավարության կողմից հավանության արժանացած 40 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում։

Խաղատներն առանձնացված գոտիներ պետք է տեղափոխվեին դեռ 2013թ. հունվարի 1-ից, սակայն խաղատնային բիզնեսի ճնշման ներքո` կառավարությունը 2012թ. վերջին Ազգային ժողով ներկայացրեց օրենսդրական փոփոխություն, ըստ որի` տեղափոխման ժամկետը հետաձգվեց մինչև 2014թ. հունվարի 1-ը։ Որպես ժամկետի հետաձգման հիմնավորում նշվել էր խաղասրահների և խաղատների ներկայացուցիչների հիմնավորումներն առ այն, որ իրենց գործունեությանն էական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ինչի պատճառով կրճատվել են ներդրումների չափերը։

Ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ խաղատներն առանձնացված գոտիներ տեղափոխելու ժամկետը մեկ տարով հետաձգելն ընդամենը ընկերություններին գումար աշխատելու հնարավորության ընձեռում էր, և նրանք չեն էլ նախապատրաստվել տեղափոխմանը։ Այն որ խաղատնային բիզնեսով 2013թ. թույլատրվելու է զբաղվել միայն առանձնացված գոտիներում, հայտնի էր 2010-ից, և կազմակերպությունները բավական ժամանակ ունեին նախապատրաստման համար, սակայն ընդամենը մի քանի ընկերություն էր որոշակի քայլեր ձեռնարկել։

Ֆինանսների նախարարության տվյալներով` 2012թ. նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանում շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ուներ 69, իսկ խաղատուն կազմակերպելու՝ 10 ընկերություն։ Ըստ օրենքի` նախկինում տրամադրված բոլոր լիցենզիաների ժամկետն ավարտվել է 2014թ. հունվարի 1-ին, ինչը նշանակում է, որ առանձնացված գոտիներում խաղատուն կամ շահումով խաղ կազմակերպելու համար կազմակերպությունները ֆինանսների նախարարությունից պետք է նոր լիցենզիաներ ստանային։

Ֆինանսների նախարարությունից ՍիվիլՆեթին ասացին, որ ներկայում նախարարությունը տրամադրել է ընդամենը 3 նոր լիցենզիա։

Իհարկե, կազմակերպությունները դեռ կդիմեն նախարարություն` նոր լիցենզիաների համար, սակայն ակնհայտ է, որ առանձնացված գոտիներում խաղատների և խաղասրահների թիվն էականորեն փոքր է լինելու։

Ֆինանսների նախարարության կողմից լիցենզիա ստացած կազմակերպություններից մեկը գործունեություն է ծավալելու իր իսկ կողմից նախատեսված վայրում։ Կառավարության տարեվերջյան նիստին (դեկտեմբերի 26) գործադիրն ընդունեց որոշում, որով հավանություն տվեց «Օնիրա Քլաբ» ընկերության մոտ 62 մլրդ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրին: Ընկերությունը Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղի 5 վայրում նախատեսում է կառուցել ժամանցի և հանգստի կենտրոն` խաղատուն կամ շահումով խաղ կազմակերպելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում