Ռուսական նավթագազային «Ռոսնեֆտ» ընկերության կողմից գործարար Միխայիլ Բաղդասարովի ընկերություններից մեկը ձեռքբերելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Ռուսական ընկերությունը սակայն պատրաստվում է Հայաստան առաքել մինչև 370 հազ. տ նավթամթերք։
Ռուսական նավթագազային «Ռոսնեֆտ» ընկերության կողմից գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա քորփորեյշն» ընկերության նավթային բոլոր ակտիվների ձեռքբերման տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: «Միկա լիմիթիդ»-ից ՍիվիլՆեթին տեղեկացրին, որ վաճառքի որևէ գործարք չի իրականացվել, իսկ լինելու դեպքում ընկերությունը հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ։
Օրերս «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով սեփական աղբյուրները, տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի` «Ռոսնեֆտը» ձեռք է բերել «Միկա լիմիթիդ» ընկերության ոչ միայն ավտոլցակայաններն ու նավթի բազաները, այլև գրասենյակային տարածքները:
Ուշագրավ է, որ նույնիսկ առանց այս գործարքի Հայաստանի նավթամթերքի շուկայում կարող է կառուցվածքային լուրջ փոփոխություն տեղի ունենալ։ Անցած տարվա դեկտեմբերի 24-ին «Ռոսնեֆտ» ընկերության տնօրենների խորհուրդը որոշում էր ընդունել, որի համաձայն` «Ռոսնեֆտ-Արմենիա» ընկերությանը պետք է մատակարարի մինչև 370 հազ. տ նավթամթերք (արժեքը՝ մինչև $400 մլն)։
Ընկերության պաշտոնական կայքում տեղադրված` տնօրենների խորհրդի որոշումների արձանագրությունում նշված չէ, թե որ ժամանակահատվածում պետք է մատակարարվեն այդ ծավալները։ «Ռոսնեֆտ-Արմենիա»-ն իրականում «Ռոսնեֆտի» դուստր ընկերությունն է. էլեկտրոնային ռեգիստրում նշված է, որ «Ռոսնեֆտ-Արմենիա»-ն հիմնադրվել է 2013թ. դեկտեմբերի 19-ին, իսկ հիմնադիրն է «Ռոսնեֆտ Տեխնո Ս.Ա.»-ն։
Հաշվի առնելով «Ռոսնեֆտ»-ի կողմից իր հայկական դուստր ընկերությանը վաճառվելիք հնարավոր ծավալները և Հայաստան տարեկան ներկրվող նավթամթերքի ծավալները (Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով` 2012թ. ներկրվել է 346 հազ. տ նավթամթերք)` ընկերությունը ոչ միայն կարող է լուրջ դիրք զբաղեցնել Հայաստանի ներքին շուկայում, այլև այն ամբողջովին մենաշնորհել։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալների համաձայն` ներկայում բենզինի ու դիզվառելիքի շուկաները կենտրոնացած են «Ֆլեշ» և «Սիթի պետրոլ գրուպ» ընկերությունների ձեռքում, որոնց բաժին է ընկնում շուկայի մոտ 90%-ը:
Civilnet











