Clearstream Deutsche Börse Group-ի Clearstream Banking Luxemburg-ում 2013թ. դեկտեմբերին բացված արժեթղթերի անվանատիրոջ հաշվի ներքո Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ) ապահովում է արտասահմանյան արժեթղթերով գործարքների հաշվառումը, վերջնահաշվարկը և սպասարկումը Հայաստանում:
Ըստ «Նասդաք ՕԷՄԷՔս Արմենիա»-ի հաղորդագրության՝ Clearstream Deutsche Börse Group-ի հետ կապի ներդրման շնորհիվ հայկական ներդրողներին հնարավորություն է ընձեռվում նեդրումներ կատարել աշխարհի զարգացած և զարգացող 53 շուկաների արժեթղթերում՝ ՀԿԴ-ի միջոցով ապահովելով արժեթղթերով կնքվող գործարքների սպասարկումը, արժեթղթերի հաշվառումը և պահառությունը, ինչպես նաև արտասահմանյան արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը:
«Այս ձեռքբերումը թույլ կտա Հայաստանում շրջանառել արտասահմանյան արժեթղթերը, մասնավորապես` հայկական եվրaպարտատոմսերը՝ վերջիններս հասանելի դարձնելով հայաստանյան ներդրողների համար»,- ասել է դեպոզիտարիայի տնօրեն Վահան Ստեփանյանը` հավելելով, թե արտասահմանյան արժեթղթերում ներդրումներ կատարելու գործընթացում արժեթղթերի պահառությունը տարանջատված է լինելու բրոքերային գործառնությունից, ինչը նպաստելու է ռիսկերի նվազմանը, ինչպես նաև ներդրողի և բրոքերի միջև հնարավոր շահերի բախման վերացմանը։
Civilnet











