Ամերիկյան Heritage Foundation հիմնադրամը հրապարակել է 2014թ. Տնտեսական ազատության ցուցիչը (2014 Index of Economic Freedom), որի համաձայն` Հայաստանի տնտեսությունն աշխարհի 178 երկրների շարքում զբաղեցնում է 41-րդ տեղը` 68,9 միավորով: Այն շարունակում է համարվել «չափավոր ազատ» տնտեսությամբ երկիր։
Զեկույցի համաձայն` անցած տարվա համեմատ` Հայաստանի տնտեսության ազատության վիճակը վատթարացել է 0,5 միավորով՝ ներդրումային, գործարարության և դրամական ազատության ոլորտներում գրանցված անկման պատճառով:
Ըստ Heritage Foundation-ի` եվրոպական տարածաշրջանի 43 պետություններից Հայաստանը զբաղեցրել է 18-րդ տեղը, և իր միավորներով գերազանցել է աշխարհի, ինչպես նաև տարածաշրջանի պետությունների տնտեսական ազատության ցուցանիշները:
«Զեկույցի ավելի քան 20 տարվա պատմության ընթացքում Հայաստանը 26,7 կետով բարելավել է տնտեսական ազատության ցուցիչը, որն այս տվյալի բարելավման չորրորդ ամենաբարձր ցուցանիշն է: Հայաստանն առաջընթաց է ապրել 20 տարի առաջ եղած տնտեսական ճնշվածությունից մինչև այսօրվա տնտեսապես «չափավոր ազատ» պետության՝ գրանցելով ցուցանիշների բարելավում տնտեսական 10 ազատություններից ութի հարցում, այդ թվում՝ «հարկաբյուջետային ազատություն», «պետական ֆինանսական միջոցների կառավարում», «առևտրի ազատություն» և «ֆինանսական ազատություն» ցուցանիշներում: Տնտեսական ազատության ընդհանուր առաջխաղացման շնորհիվ տնտեսական հիմքի դիվերսիֆիկացումը բարելավել է Հայաստանի տնտեսական դինամիզմը և կրճատել աղքատությունը», - ասված է զեկույցում:
Heritage Foundation հիմնադրամի զեկույցի տվյալների համաձայն` Հայաստանում «սեփականության իրավունքները» ցուցանիշը գնահատվել է 30 միավոր, «ազատություն կոռուպցիայից»` 26,7 միավոր, «ֆիսկալային ազատությունը»՝ 86,5 միավոր, «պետական ծախսերը»` 81,3 միավոր, «գործարարության ազատությունը»՝ 83,1 միավոր, «աշխատանքի ազատությունը»` 78,5 միավոր, «դրամական ազատությունը»` 77 միավոր, «առևտրի ազատությունը»` 85,5 միավոր, «ներդրումային ազատությունը»` 70 միավոր, «ֆինանսական ազատությունը»` 70 միավոր:
Զեկույցի համաձայն` այդուհանդերձ, Հայաստանի տնտեսությունում դեռ զգալի դժվարություններ են առկա, մասնավորապես` տնտեսական ազատության հիմքը հզորացնելու համար կարևորագույն նշանակություն ունեցող ինստիտուցիոնալ և համակարգային խոր բարեփոխումների իրականացման հարցում:
Հարևան երկրների շարքում Վրաստանը 22-րդն է` 72,6 միավորով («հիմնականում ազատ» տնտեսությամբ երկիր), Թուրքիան` 30-րդը` 64,9 միավորով («չափավոր ազատ»), Ադրբեջանը` 81-րդն է` 61,3 միավորով («չափավոր ազատ»), Իրանը` 173-րդն է 40,3 միավորով («ճնշված»): Ռուսաստանը զեկույցում 140-րդն է` 51,9 միավորով և ընդգրկված է «հիմնականում անազատ» տնտեսությամբ երկրների շարքում:
Երկրի տնտեսական ազատության ինդեքսը հաշվարկվում է տասը ցուցիչի հիման վրա. գործարարության ազատություն, առևտրի ազատություն, հարկաբյուջետային ազատություն, կառավարության ծախսեր, դրամավարկային ազատություն, ներդրումների ազատություն, ֆինանսական ազատություն, սեփականության իրավունք, կոռուպցիա, աշխատանքի ազատություն։
Ըստ մեթոդաբանության՝ կիրառվում է 0-ից մինչև 100 միավոր գնահատման սանդղակ, ընդ որում՝ բարձր ցուցանիշը վկայում է տնտեսական ազատության ավելի մեծ աստիճանի մասին։ Երկրները տնտեսական ազատության ինդեքսին համապատասխան խմբավորվում են հինգ խոշոր կատեգորիաներում: Այսպես, ինդեքսում 80 և ավելի կետ ունեցող երկրները համարվում են տնտեսապես «ազատ», 70,0-79,9-ը` «հիմնականում ազատ», 60-69,9-ը` «չափավոր ազատ», 50-59,9-ը` «հիմնականում ոչ ազատ», 49,9-ից ցածրը` «ճնշված» երկրներ։
Civilnet











