Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյան։
Շաբաթվա ընթացքում ֆինանսների նախարարությունն արդեն երկրորդ անգամ է (հունվարի 13-ին և հունվարի 14-ին) չեղյալ հայտարարում պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդները՝ արժեթղթերի համեմատաբար բարձր միջին կշռված եկամտաբերության պատճառով։ Ըստ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի՝ նախարարության համար հասկանալի չէ պետական պարտատոմսերի առաջնային շուկայում մասնակիցների վարքագիծը։
ՍիվիլՆեթի հարցին, թե ո՞րն է պատճառը, որ այս շաբաթ արդեն երկրորդ անգամ նախարարությունը չեղյալ է հայտարարում պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասաց, որ 39 շաբաթ և 5 տարի մարման ժամկետներով պետպարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված հայտերով պարտատոմսերի տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունն ավելի բարձր է եղել, քան նույն ժամկետայնությամբ պարտատոմսերի նախորդ տեղաբաշխումներինը։ «Մինչդեռ նախորդ տեղաբաշխումների համեմատ շուկայական միջավայրն ավելի շատ է նպաստում տոկոսադրույքների իջեցմանը. մասնավորապես՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազել է մինչև 7,75%, իսկ Կենտրոնական բանկի կողմից պարտադիր պահուստավորման ռեժիմի մեղմացման արդյունքում առաջիկայում ավելանալու է դրամային իրացվելիությունը։ Թվարկված գործոնները նպաստում են պահանջարկի ավելացմանը, ինչը, նախարարության կարծիքով, պարտատոմսերի եկամտաբերության աճի սպասումներ չի կարող ձևավորել»,- նշեց նախարարը:
Ըստ նրա՝ ֆինանսների նախարարության համար անհասկանալի է 2014թ. սկզբին պետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների դրսևորած վարքագիծը։
Ուշագրավ է, որ այս քայլով ֆինանսների նախարարությունը շուկայի ոչ մեծաթիվ մասնակիցներին հասկացնում է, որ թույլ չի տալու, որ հնարավոր գաղտնի պայմանավորվածությունների մասին լուրերը մրցակցության համար անառողջ միջավայր ձևավորեն։
Ֆինանսների նախարարությունը, աճուրդները չեղյալ հայտարարելով, փոփոխություններ է մտցնում նաև պարտատոմսերի տեղաբաշխման գործելաոճում։ Եթե նախորդ տարիներին պարտատոմսերի եկամտաբերությունը թելադրում էր պահանջարկը, ապա այս տարի նախարարությունն ինքն է կարծես որոշել թելադրել եկամտաբերությունը և հրաժարվել «թանկ փողերից»։
Պետպարտատոմսերի տեղաբաշխման ճանապարհով ներգրավվող միջոցներն ուղղվում են նախորդ թողարկումների մարմանն ու բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։ Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև այն, որ պետական պարտատոմսերի շուկայի մասնակիցների թիվը սահմանափակ է, վերջիններս օգտվում էին իրավիճակից և թելադրում խաղի սեփական կանոնները։
Civilnet











