Հայ-ռուսական գազային գործարքը շահեկանորեն տարբերվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած գույք-պարտքի դիմաց գործարքից. Tert.am–ի հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին: Վերջինում երկրորդ նախագահը անդրադարձել էր, գազի իրական գնի մասին հանրության չտեղեկացնելուն և դրա հետևանքով 300 մլն դոլարի պարտքի կուտակելուն, «ՀայՌուսգազարդի» հայկական 20% փայաբաժնի բուն վաճառքին:
– Պրն Մովսիսյան, Ռոբերտ Քոչարյանը մեղադրել է գործող իշխանություններին գազի իրական գինը թաքուն պահելու և դրա հետևանքով պարտք կուտակելու մեջ: Ինչպե՞ս կպատասխանեք այդ մեղադրանքին:
– Գիտե՞ք` ես իմ կյանքում շատ բանակցությունների եմ մասնակցել. չեմ հիշում որևէ դեպք, երբ բանակցության մանրամասները նախ հրապարակավ քննարկվեն, հետո կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Համաձայնեք, անհեթեթ իրավիճակն անխուսափելի կլինի:
Հիմա կոնկրետ այս բանակցությունների մասին: Սկսած 2010թ. մենք պարբերաբար հայտարարել ենք, որ բանակցություններ են ընթանում «Գազպրոմ»-ի հետ գազի գնի, ինչպես նաև գնագոյացման սկզբունքների վերաբերյալ: Ցանկանում եմ հիշեցնել, որ ռուսական կողմի հետ ձեռք էր բերվել համաձայնություն, որ անկախ «Գազպրոմ»-«ՀայՌուսգազարդ» առևտրային հարաբերություններից, գազը շարունակվում է ՀՀ-ում իրացվել սահմանի վրա $180 հաշվարկից ելնելով՝ մինչև բանակցությունների ավարտը և վերջնական մոտեցումների փոխհամաձայնեցումը: Կար պայմանավորվածություն, որ վերջնական համաձայնության գալուց հետո՝ ելնելով դրանց արդյունքներից պետք է լուծել այդ ընթացքում առաջացող հնարավոր պարտքի խնդիրը: Բանակցությունները տևեցին շուրջ 3 տարի և այդ ընթացքում գների տարբերությամբ պայմանավորված ձևավորվեց շուրջ $300 մլն պարտք:
Սակայն, հաշվի առնելով ավելի երկարատև ժամանակաշրջանի համար գազի գնի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև գազի գնի բանաձևի կապվածությունը ՌԴ ներքին գների հետ, հայկական կողմը համաձայնվեց պարտքի մոտ կեսի վճարման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկությանը, ինչը մեզ համար չափազանց ընդունելի տարբերակ էր:
Ցանկանում եմ նաև ավելացնել, որ պրն Քոչարյանի կողմից նախաձեռնված գույք-պարտքի դիմաց գործարքից այս գործարքը մեղմ ասած շահեկանորեն տարբերվում է: Տարբերվում է ոչ միայն նրանով, որ գոյացած պարտքի կեսն իր վրա վերցրեց ռուսական կողմը, կամ նրանով, որ երկարատև ժամանակահատվածի համար գազի գնի կանխատեսելի լինելը լուրջ ձեռքբերում է տնտեսության մեջ ներդրումների խթանման համար, այլ որ սա իսկապես մեր երկրի շահերից բխող ու լուրջ մշակված գործարք է, որն իր հետևից ոչ թե թողնելու է այդպես էլ կենդանանալու հնարավորություն չստացած մահացած հսկա ձեռնարկություններ, այլ իրականում կյանք է տալու բազմաթիվ նախաձեռնությունների:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
Ռոբերտ Քոչարյանը հունվարի 13-ի հարցազրույցում անդրադարձ էր կատարել հայ-ռուսական գազային համաձայնագրերին և կենսաթոշակային բարեփոխումներին:
Civilnet











