Անցած տարի Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է 4,4%-ով, ընդհանուր պետական պարտքը՝ 5%-ով։
Անցած տարի Հայաստանի պետական պարտքը դրամային արտահայտությամբ ավելացել է 5,5%-ով կամ 96,8 մլրդ դրամով՝ դեկտեմբերի վերջին կազմելով 1,86 տրլն դրամ։ Դոլարային արտահայտությամբ պետական պարտքի աճը կազմել է $216 մլն կամ 5%՝ մինչև $4,588 մլրդ։ Հայաստանի պետական պարտքը կազմել է 2012թ. ՀՆԱ-ի 46,5%-ը։ Ընդ որում, պետական պարտքի ծավալը, ինչպես նաև պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցել են «Կառավարության պարտքի կառավարման 2014-2016 թթ. ռազմավարական ծրագրով» նախանշված ցուցանիշները։
Ֆինանսների նախարարության «Պետական պարտքի տեղեկագիր» հրապարակման համաձայն՝ պետական պարտքի 85%-ը կամ $3,9 մլրդ-ը կազմել է արտաքին պարտքը։ Արտաքին պարտքը 2012թ. համեմատ անցած տարի ավելացել է $164,7 մլն-ով կամ 4,4%-ով՝ դեկտեմբերի վերջին կազմելով $3,9 մլրդ։ Արտաքին պարտքի ծավալը նույնպես գերազանցել է գործադրի ռազմավարական ծրագրում նշված ցուցանիշը (2013թ. համար ծրագրված էր $3,83 մլրդ)։
Ֆիննախի հաշվետվությունից երևում է, որ Հայաստանի արտաքին պարտքն ամբողջովին ավելացել է կառավարության կողմից ներգրավված նոր միջոցների հաշվին։ Անցած տարվա ընթացքում Կենտրոնական բանկի պարտքը կրճատվել է $86,3 մլն-ով՝ դեկտեմբերի վերջին կազմելով $508 մլն։ Սա հիմնականում պայմանավորված է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից 2009թ. տրամադրած վարկի մարումով. ըստ համաձայնագրի՝ մարման պիկն ընկնում էր 2013թ. վրա։
Անցած տարի արտաքին պարտքի սպասարկմանն ընդհանուր առմամբ ուղղվել է մոտ $860 մլն, որից $809 մլն-ը մայր գումարի մարմանը և $50 մլն՝ տոկոսավճարներին։ Կառավարությունը 2013թ. բյուջեում ամրագրել էր, որ պետպարտքի սպասարկմանը պետք է ուղղի $418 մլն։ Գործադիրը, սակայն, հոկտեմբերին վաղաժամ մարեց 2009թ. ներգրավված $500 մլն ռուսական վարկի $476,8 մլն մնացորդը։ Ռուսական վարկի վաղաժամ մարմանն ուղղվեց սեպտեմբերին տեղաբաշխված եվրաբոնդերից ստացված $690 մլն-ի մի մասը։
Civilnet











