Գլխավոր Լրահոս

Արմեն Մովսիսյանը կարող է «ինքնագոլի հեղինակ դառնալ». Ռ. Քոչարյանի գրասենյակ

Արմեն Մովսիսյանը կարող է «ինքնագոլի հեղինակ դառնալ». Ռ. Քոչարյանի գրասենյակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հանդես է եկել նոր հաղորդագրությամբ` անդրադառնալով էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի` Tert.am-ին տված հարցազրույցին: Վերջինի կապակցությամբ երկրորդ նախագահի գրասենյակը հունվարի 15-ին ևս հաղորդագրություն էր տարածել:  

Tert.am-ին տված հարցազրույցում Մովսիսյանը, հակադարձելով Քոչարյանի՝ դեկտեմբերի 2-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրի քննադատությանը, հայտարարել էր, որ հայ-ռուսական գազային գործարքը շահեկանորեն տարբերվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած գույք-պարտքի դիմաց գործարքից:

Երկրորդ նախագահի գրասենյակի հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Մենք շնորհակալ ենք Արմեն Մովսիսյանին՝  «Գույք պարտքի դիմաց»  գործարքի մանրամասների համար և կցանկանայինք ամբողջացնել դրանք հավելյալ տեղեկատվությամբ:

Գույքի փոխանցմամբ պարտքի խնդիրը լուծելու գաղափարը գալիս էր Հայաստանի և Ռուսաստանի նախագահներից: Սակայն «Գույք պարտքի դիմաց»  համաձայնագրի բանակցությունները վարվում էին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, որի համանախագահներն այն տարիներին Սերժ Սարգսյանը և Իլյա Կլեբանովն էին: Համաձայնագրի պարամետրերի մասին բոլոր պայմանավորվածությունները, մասնավորապես` ձեռնարկությունների ընտրության, դրանց գնահատման և կողմերի պարտավորությունների վերաբերյալ, ձեռք են բերվել հենց միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, ինչը և ամրագրվել է համապատասխան արձանագրություններում: Ինքը՝ Արմեն Մովսիսյանը` որպես էներգետիկայի նախարար, գործընթացի առանցքային մասնակից է եղել էներգետիկ ակտիվների մասով:

Պայմանավորվածությունների վերջնական արդյունքները զեկուցվել են ՀՀ և ՌԴ նախագահներին՝ հավանություն ստանալու համար: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը մինչև հիմա էլ համարում է, որ համաձայնագիրը լավն էր ու փոխշահավետ, և որ միջկառավարական հանձնաժողովը լավ է աշխատել: Դատելով հարցազրույցից` Մովսիսյանը ժամանակի ընթացքում վերաիմաստավորել է իր կատարած աշխատանքի գնահատականը և իր անձնական նպաստը այդ համաձայնագրի կայացման գործում: Ի՞նչ արած, երբեմն մարդկանց հետ այդպես էլ է պատահում: Այսքանը 2002թ. համաձայնագրի մասին: 

Տպավորությունն այնպիսին է, որ նախարարը շփոթել է 2002 և 2006 թթ. համաձայնագրերի բաղադրիչները: 2006թ. համաձայնագրի հիմնական շարժառիթը Իրան-Հայաստան գազամուղի կառուցման նախագծին «Գազպրոմի» ներգրավումն էր՝ 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտմամբ: Նշենք, որ այդպիսով «Գազպրոմը» ներառվում էր իրանական գազով էլեկրաէներգիայի արտադրության և հետագայում դրա՝ Իրան արատահանման սխեմայի մեջ: Այդ սխեման լիարժեք դեռ չի շահագործվել էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ուշացման պատճառով: Այն, ինչով պարտավոր էր զբաղվել էներգետիկայի նախարարը:  

Կիսակառույց 5-րդ էներգաբլոկը գնահատվեց 250 մլն դոլար: Այդ էներգաբլոկը սկսել էր կառուցվել ԵՎԶԲ-ի վարկով 1995-96 թթ-ին, այնուհետ կոնսերվացվել էր, ընդհանուր ծախսը կազմել էր շուրջ 60 մլն դոլար: «Գազպրոմն» ընդունեց գնահատված արժեքը հենց այն պատճառով, որ հայկական կողմը հնարավորություն ունենա սուբսիդավորել գազի գինը: Ընդհանուր առմամբ, «Գազպրոմի» կողմից նախագիծն իրականացվեց բարձր մակարդակով: Նախագծի վարողը հանդիսանում էր «ՀայՌուսգազարդի» ղեկավարությունը: Հայաստանը, գրեթե ոչինչ չծախսելով. ստացավ նոր ժամանակակից էներգաբլոկ և հայ-իրանական գազամուղ, ինչպես նաև, առանց բյուջեն ծանրաբեռնելու, գազի գնի սուբսիդավորման միջոցներ: Ընդ որում, որևէ մեկին որևէ բացառիկ իրավունք չտրվեց: Դա արվել է բաց և թափանցիկ (տես՝ ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 6-ի որոշումը, համար 449): 

Իսկ հիմա նախարարի հարցազրույցի մնացած դրվագների վերաբերյալ: Տպավորություն կա, որ Մովսիսյանը չի կարդացել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը, ո՛չ էլ «Գազպրոմի» հետ վերջին համաձայնագիրը: Իսկ եթե կարդացել է, ապա ոչինչ չի հասկացել: Ակնհայտ է, որ նա լրջորեն խճճվել է:

Մանավորապես.

1. Այն ժամանակվա և ներկայիս սուբսիդիաների տարբերությունն այն է, որ այն ժամանակ սուբսիդիան կատարվում էր արդեն համաձայնագրի կնքումից հետո, այսինքն՝ օրինական հիմքի վրա: Հիմա՝ հետին թվով, ի հաշիվ գազի դիմաց կուտակված փաստացի պարտքի: Հուսով ենք՝ նախարարը այս տարբերությունը հասկանում է: 

2. Անհասկանալի է Մովսիսյանի՝ բաշխիչ ցանցերի մասնավորեցման հետ արված համեմատությունը: Բացառիկ իրավունքներ այնտեղ չկային և չէին կարող լինել: Ընդհակառակը, այնտեղ մանրամասն շարադրված են սպառողների սպասարկման մասով ընկերության պարտավորությունները և գեներացիայի վճարումների մեխանիզմները: Թվում էր, թե էներգետիկայի նախարարը պետք է որ իմանար դրա մասին:

3. «ՀայՌուսգազարդի» գործադիր տնօրենը ընկերության աշխատանքների մասին անձամբ ամեն ամիս զեկուցում էր նախագահին, սակայն նա երբևէ չի ասել, թե տնօրենների խորհրդում «Գազպրոմի» ներկայացուցիչները խոչընդոտներ են ստեղծում մենեջմենթի առաջ: Ընդհակառակը, մշտապես խոսվել է փոխադարձ վստահության և ընկերությունը կառավարող թիմի գործողությունների ազատության բարձր մակարդակի մասին: «ՀայՌուսգազարդի» ընթացիկ գործունեությանը Մովսիսյանը չի առնչվել: 

4. Որպեսզի ընթեցողը ինքը գնահատի, թե ինչ իրավունքներով է օժտվել ընկերությունը, մի մեջբերում անենք մամուլում հրապարակված և չհերքված վերջին համաձայնագրից.

«Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության ապագա որևէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր և այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի և (կամ չեղյալ հայտարարի) և կամ այլ կերպ ոտնահարի սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների իրավունքները և շահերը` ներառյալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական պարտավորությունների ավելացումը և/կամ տնտեսական վիճակի վատթարացումը, պետական բյուջետային և արտաբյուջետային նպատակային հիմնադրամներ հատկացումների նորմատիվների ավելացումը, արտարժույթի առքի վրա տուրքերի սահմանումը, նոր հարկերի և/կամ տուրքերի գործարկումը կամ նմանատիպ ազդեցություն ունեցող գործող հարկերի և/կամ տուրքերի դրույքների ավելացումը, գործունեության ցանկացած արգելքների և/կամ սահմանափակումների գործարկում»:

Այստեղ է, որ նախագահ Քոչարյանը խնդիր է տեսնում: Սա ապագայի առումով վատ նախադեպ է էներգետիկայում հնարավոր ներդրումների համար: Այսօր «ՀայՌուսգազարդը» ոչ միայն բնական մենաշնորհ ունի գազի ոլորտում, բայց և էլեկտրագեներացիայի խոշոր մասնակից է (5-րդ էներգաբլոկ): Գեներացիայում այլ ընկերությունները այդպիսի իրավունքներ ապագայի համար չունեն, ինչը կարող է խաթարել նրանց մրցակցային հնարավորությունները: 

Նախարարը թերևս կհանդարտեցներ հանրությանը, եթե համաշխարհային պրակտիկայից նման համաձայնագրերի մի քանի օրինակ ներկայացներ (բայց ոչ գաղութային Աֆրիկայի ժամանակաշրջանից): 

5. Մենք նաև կուզենայինք, որպեսզի ստորագրված համաձայնագրի մասով ապագայում խնդիրներ չառաջանային և որ «Գազպրոմի» հետ պահպանվեին գործընկերային հարաբերությունները: 

Ափսոսում ենք, որ ստիպված ենք բացատրել նախարարին մի բան, որ գրված է սևով սպիտակին, և հրապարակված է երկու լեզվով: Հիշողության ընտրողականությունը նենգ բան է. կարող ես շփոթել դարպասները և ինքնագոլի հեղինակ դառնալ: Ի՞նչ արած, այսպիսին է մեր նախարարը, և այսպիսին է մեր իրականությունը:  

Կուզենայինք մի քանի բառով անդրադառնալ նաև ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարություններին (15 հունվարի, ասուլիս ՀՀ կառավարության շենքում):

Պետական գործչի հիշատակի մասին քաղաքական գործիչների հոգածությունը պետք է առաջին հերթին դրսևորվի ոչ թե այցելություններով նրա շիրիմին, այլ իր քաղաքական ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունքով: Ծավալված բանավեճի էությունն այն էր, որ առանձին պաշտոնյաներ, ձգտելով արդարացնել այսօրվա խնդիրները, փորձում էին վերագնահատել նախորդ իշխանության տնտեսական քաղաքականության արդյունքները: Խոսքը հիմնականում 2001-2007 թթ. մասին է: 

Նախագահ Քոչարյանը կարող էր պարզապես լուռ մնալ, հիմք ընդունելով այն, որ ըստ Սահմանադրության՝ տնտեսության պատասխանատուն կառավարությունն է: Բայց նա պաշտպանեց այդ ձեռքբերումները ոչ միայն և ոչ այնքան իր համար, այլ նաև այն թիմի համար, որը երկարամյա աշխատանքով կերտել է այդ ձեռքբերումները: Խոսքը վարչապետի, նախարարությունների, Երևանի և այլ քաղաքների քաղաքապետարանների, տասնյակ հազարավոր շինարարների մասին է, որոնք ոչ թե փուչիկ էին փչում, այլ բարեկարգում էին երկիրը: Այդ «փուչիկներից»՝ ճանապարհներից, կամուրջներից, թունելներից, բարեկարգված թատրոններից ու թանգարաններից, այսօր օգտվում են բոլորը, այդ թվում՝ մոռացկոտ պաշտոնյաները: Ցավոք, այդ ձեռքբերումներն այսօր պետք է պաշտպանել նաև այն երիտասարդ հանրապետականների ոտնձգություններից, որոնց կարիերան սկսվել է Անդրանիկ Մարգարյանի օրոք և նրա շնորհիվ»:

Դեկտեմբերի 30-ին Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել իր ոչ պաշտոնական 2nd.am կայքին և անդրադարձել վարչապետ Տիգրան Սարգսյանի` մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցված որոշ մտքերի, մասնավորապես` շինարարական տեմպերի անկման մասին տված մեկնաբանություններին։ Վարչապետն էլ սկզբում ֆեյսբուքյան գրառմամբ, ավելի ուշ` ծավալուն վերլուծությամբ պատասխանել էր երկրորդ նախագահին: Հունվարի 13-ին հրապարակվել էր Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի շարունակությունը, որում անդրադարձ էր կատարվել հայ-ռուսական գազային համաձայնագրերին և կենսաթոշակային բարեփոխումներին: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում