Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է տարածել, որում անդրադառնում է հունվարի 17-ին ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության հայտարարությանը` ՊԵԿ-ում խախտումներ հայտնաբերելու մասին և նշում է, որ այդ խախտումները արձանագրվել են ոչ թե ՊԵԿ-ում, այլ ՊԵԿ-ի կողմից:
Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասված է. «Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության տարածած տեղեկատվության մեջ ներկայացված փաստերը չեն արտացոլում իրականությունը, ուստի, թյուրըմբռնումը կանխելու նպատակով, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել. ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման և վճարման գործընթացներում խախտումների առաջին բացահայտումները կատարվել են հենց ՊԵԿ-ի կողմից և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք եղել են ոչ թե եզակի դեպքեր, այլ կրել են համատարած բնույթ՝ ՊԵԿ-ը երևույթի պատճառները վերհանելու և օրենսդրական դաշտում առկա սողանցքները բացառելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել վարչապետին: Ավելին, Կոմիտեն միջնորդել է նաև գործընթացում վերահսկողական գործառույթներ ունեցող այլ պետական մարմինների ներգրավվածությունը ապահովելու վերաբերյալ՝ հաշվի առնելով հարցի կարգավորման կարևորությունը և ծավալները (այդ թվում նաև ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության):
Մասնավորապես, 2012թ. օգոստոսից ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչությունը նշված փաստերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածների հատկանիշներով իրականացրել է հետաքննություն, որի արդյունքներով 2012թ. սեպտեմբերից մինչ օրս ՊԵԿ հետաքննության վարչություն մուտք է եղել 581 նյութ, որոնցով վերականգնվել է պետությանը պատճառված վնասը շուրջ 87 մլն դրամի չափով:
Ինչ վերաբերում է ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից ներկայացվող օրինակներին, ըստ որոնց «տնտեսվարողն աշխատանքի է ընդունել աշխատողին հղիության 6-րդ ամսում, որը մեկ ամիս աշխատել և գնացել է բյուլետեն ու ստացել 150-220 հազ. և ավելի դրամ նպաստ» կամ «վարձու աշխատողը համատեղել է աշխատանքը 2 փոխկապակցված կազմակերպություններում, մեկ ժամն էլ կրկնակի է աշխատել, ստացել է 1,6 և 2,3 անգամ ավելի եկամուտ, իսկ հղիության արձակուրդում 2 կազմակերպություններից ստացել է 2մլն 565 հազ. դրամի նպաստ» և այլն, ապա անհրաժեշտ ենք համարում կատարել հետևյալ հարցադրումները. նշված դեպքերն առնչություն ունե՞ն ՊԵԿ-ի գործառույթների հետ և արդյո՞ք ՊԵԿ-ն է այն լիազոր մարմինը, որ պետք է վերահսկեր այդ գործընթացները:
Արդյունքում հարկադրված ենք ցավով արձանագրել, որ ՊԵԿ-ի հայտնաբերած խախտումները ներկայացվել են որպես ՊԵԿ-ում կատարված խախտումներ»:
Ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը հայտարարել էր, որ ՊԵԿ-ի կողմից խախտվել են «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման» կառավարության կարգի պահանջները և Սոցիալական ծառայությանը ներկայացրած գումարների վճարման հայտերի պետբյուջեից փոխհատուցման ենթակա բյուլետենների գումարներում ներառվել են նաև գործատուների միջոցների հաշվին վճարված նպաստների գումարները:
Civilnet











