Գլխավոր Լրահոս

Ինչ պետք է անի հայկական Մայդանը

Ինչ պետք է անի հայկական Մայդանը
Պարտադիր կուտակայինի դեմ հանրահավաքը կայացավ: Սակայն ամենասարսափելին այն կլինի, եթե այդ հանրահավաքը հաջողություն ունենա: Թեպետ արդյունքներ չարձանագրելու վտանգն ավելի մեծ է: Չի կարելի մոռանալ, թե ով է ՍԴ նախագահը: Նախ ինչու սարսափելի կլինի, եթե այն հաջողություն ունենա, այսինքն, ՍԴ-ն ազդվի հանրահավաքից և չեղյալ համարի օրենքը: Որովհետև հայ մարդը սիրում է քնել դափնիների վրա: Քաղաքական հեռահար հաշվարկները, որոնք դրվում են պայքարի հիմքում, հայ մարդու սրտով չեն, նա արդյունքներ է ուզում առաջին իսկ հավաքից: Պարզ է, որ դա լավ գիտեն և Գագիկ Հարությունյանը, և Սերժ Սարգսյանը: Նրանք գիտեն, որ չորս քաղաքական ուժերի հեռահար հաշվարկները մի օր արդյունք են տալու, այսինքն, բոլորը՝ մինչև Արմեն Աշոտյանի պահակը, պատասխան են տալու վերջին 16 տարվա համար: Բայց Սերժ Սարգսյանը նաև գիտի, որ հանրահավաքն այն վրձինն է, որով ինքը վերծանում է թշնամուն: Իսկ «թշնամին», նկատենք, ուկրաինական Մայդանի բռունցքը չէ: Հետևաբար, ինքը բավականաչափ ժամանակ ունի իր առօրեական գործերով զբաղվելու: 1993-ից մինչև հիմա փողոցի բողոքավորը ոչ մի քաղաքական հարց չի լուծել: Նկատենք, Սերժ Սարգսյանը Հայաստանում պաշտոնավարում է 1993-ից: Այսօր նա շարքային հայի թիվ մեկ իմացաբանն է: Ինքը գիտի, որ շարքային հայն ըստ էության երբեք խոշոր հարցեր չի դնում իր առջև, այդ պատճառով է, որ ինքը, ինչպես մուրացիկի առջև նետում է Մաշտոցի պողոտայի կրպակների ապամոնտաժումը, տրանսպորտի 150 դրամը չեղյալ համարելը: Սրանք ստրատեգի քայլեր չեն, սրանք քայլեր են մի մարդու, որն իր առջև ոգի չի տեսնում: Ոգուն նա պատասխանում է մարտի 1-ով: Մնացած բոլոր դեպքերում նա կողմնակից է լոկալ փորձություններին: Պարտադիր կուտակայինը լոկալ փորձություն է: Այն հասել է ՍԴ: Բացառված չէ, որ ՍԴ-ն այն իսկապես չեղյալ համարի: Դրա օգտին է խոսում փաստը, որ սա նախագահի ընտրության արդյունքները չեղյալ համարելու պահանջ չէ, այսինքն, ՍԴ նախագահի առջև կյանքի ու մահվան հարց դրված չէ: Բացառված չէ (ես սրան եմ հակված), որ ամենևին էլ չեղյալ չի համարի: Եվ չեղյալ չի համարի, որովհետև մարտի 1-ը նրա կյանքում քննություն բռնած իրադարձություն է: Քննություն բռնած իրադարձություն է նաև եվրոչինովնիկների քթից չորս տարի բռնած ման ածելը: Բարեբախտաբար անազնվությունը քաղաքական կատեգորիա չէ և եվրոչինովնիկները դա գիտեն: Պարզ է, որ ՍԴ վճռի օրը մարդիկ նույնպես բողոքի են դուրս գալու, հնարավոր է կրկնակի կամ եռակի թվաքանակով, ի վերջո եղանակն ավելի կոտրված կլինի: Ուրեմն, ի՞նչ պետք է անի հայկական Մայդանը: Փաստ է՝ առայսօր արվել են բացառապես իրավական քայլեր: Փաստ է, որ այսուհետև էլ դրանք պետք է լինեն իրավական: Փաստ է, որ չորս քաղաքական ուժերի հիմնական ռինգը մնում է ԱԺ-ն, որտեղ նրանք բացառապես ոչ մի հարց չեն կարողացել, չեն կարողանում և չեն կարողանալու լուծել: Ընդդիմությունը գիտի, որ երկրի արգելակման հիմնական մեղավորը ՀՀԿ-ն չէ, Քոչարյանին միայն երիտհհկականների մակարդակով պատասխանելը հենց դա ցույց տվեց: Երկրի արգելակման հիմնական մեղավորը Սերժ Սարգսյանն է: Ըստ այդմ, քաղաքական չորս ուժերը պետք է փաստեն, որ մինչև հիմնական չարիքից ազատվելը իրենք չեն ունենալու տարաձայնություններ: Այս առումով փոքր ինչ բարդ է լինելու Դաշնակցության դիրքորոշումը, որի անդամները դիվանագիտական պաշտոններ են ստանում անձամբ Սերժ Սարգսյանից: Քաղաքական չորս ուժերը պայքարը չպետք է թողնեն Սերժ Սարգսյանի համար լոկալ փորձության մակարդակին: Որովհետև հենց ՍԴ-ն դա բավարարեց, նրանց,- այդ չորս ուժերի,- ճանապարհները կրկին բաժանվելու են: Եվ ամենակարևորը, այս պայքարը, որը պետք է հանգեցնի իշխանափոխության, քանի որ Սերժ Սարգսյանը չունի ժողովրդահաճո որևէ նպատակ իր քաղաքական ծրագրերում, չպետք է մտնի ամառ: Որովհետև հենց մտավ ամառ, եղանակը, արձակուրդները և բնակչության հերթական տեղաշարժը երկրի սահմաններից դուրս, այն փոզմիշ են անելու: Իսկ մենք գիտենք, թե հուսահատված ժողովուրդն ինչպես է անձամբ հուղարկավորում ցանկացած երկրահաճո նպատակ:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում