Ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում տուգանքը նշանակվում է ոչ թե յուրաքանչյուր օրվա համար 500 դրամ, այլ յուրաքանչյուր 10 օրվա համար` 5 հազ. դրամ։
Ավտոապահովագրողների բյուրոն հաղորդագրություն է տարածել, ըստ որի` հունվարի 16-ին տեղի ունեցած համապատասխան հասարակական կազմակերպության ներկայացուցչի մամլո ասուլիսի արդյունքում լրատվամիջոցներով շրջանառվում են ԱՊՊԱ համակարգի վերաբերյալ տեղեկություններ, որոնք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կարծիքով` կարող են մոլորության մեջ գցել համակարգի սպառողներին։
«Սկսեց շրջանառվել տեղեկատվություն, համաձայն որի` վարորդներն իրավունք ունեն առանց ԱՊՊԱ պայմանագիր ունենալու վարել ավտոմեքենան մինչև 10 օր: Բյուրոն հայտնում է, որ յուրաքանչյուր ավտոմեքենա, որը վարվում է ընդհանուր օգտագործման ճանապարհներով, պետք է շահագործման ժամանակ մշտապես ունենա ԱՊՊԱ պայմանագիր, իսկ 10-օրյա ժամկետը վերաբերում է այն մեքենաներին, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր և հաշվառված են` անկախ նրանից` շահագործվում են, թե ոչ»,- նշված է հաղորդագրությունում:
Ըստ բյուրոյի` շրջանառվող մյուս տեղեկատվության համաձայն` ԱՊՊԱ չունեցող մեքենան յուրաքանչյուր օր տուգանվելու է 500 դրամով: Իրականում, եթե մեքենան գործող ԱՊՊԱ պայմանագիր չունի, սակայն հաշվառված է, ապա տուգանք կարող է նշանակվել, եթե գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալը տևել է ավելի, քան տասն օր: Ընդ որում` տուգանքի չափը սահմանված է յուրաքանչյուր տասն օրվա համար` 5 հազ. դրամ, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100 հազ. դրամ:
Civilnet











