«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամի» տնօրեն Կորյուն Սարգսյանը հայտարարություն է տարածել` արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հարցազրույցին, որում վերջինս պատասխանել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հարցազրույցին: Նախարարը նշել էր, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի «հիմնադիր հայրն է», իսկ Վիկտոր Սողոմոնյանը հակադարձել էր, թե նախարարը կարող է «իրեն այս ռեֆորմի և հայր, և կնքահայր համարել»:
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Նախարարը կամ ցանկացած այլ պաշտոնատար անձ (ներկա կամ նախկին), կարծում եմ` պետք է հպարտանա, եթե իրեն համարեն մեր երկրի և սերունդների համար կարևորագույն նշանակություն ունեցող համակարգային բարեփոխումների կնքահայր: Կարծում եմ, որ այդ գործում իրապես վաստակ ունեցող նախարար Արտեմ Ասատրյանը մեծ հպարտությամբ կհամաձայներ դրան:
Խիստ ցանկալի է որ հանրային բանավեճի ցանկացած մասնակից հստակորեն շարադրի միայն այնպիսի հավաստի փաստեր, որոնց ցանկության դեպքում կարող է ծանոթանալ ցանկացած անձ: Ցավոք, հայտարարությունում առկա են բառախաղեր, որոնք որևէ առնչություն չունեն քննարկվող խնդրի էության հետ: Փաստը, սակայն, մնում է փաստ, որ ներկայումս ներդրվող կենսաթոշակային համակարգի
կառուցվածքը ներառյալ պարտադիր կուտակային բաղադրիչը սահմանվել է դեռևս 2005-2006 թթ.` ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով: Այս առումով խորհուրդ կտամ այս թեման բոլոր քննարկողներին մինչև հայտարարություններ անելը ուշադիր կարդալ ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի «ՀՀ կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» թիվ 796-Ն որոշումը, որից մեջ բերվող պարբերությունները ավելի քան պերճախոս են պարտադիր կուտակային համակարգի ակունքների վերաբերյալ.
«Նոր կենսաթոշակային համակարգի նկարագիրը»
Կառավարության ռազմավարության նպատակը կենսաթոշակային այնպիսի համակարգի ստեղծումն է, որը յուրաքանչյուր տարեց կամ ծեր մարդու համար կապահովի որևէ տեսակի եկամուտ. նվազագույնն աղքատության շեմը գերազանցող նպաստից մինչև կենսաթոշակային տարիքն ունեցած աշխատավարձի կամ եկամտի փոխհատուցում: Այդ նպատակին հասնելու համար կառավարությունը կներդնի բազմաստիճան, տարբեր ֆինանսավորման աղբյուրներից սնվող, նոր կենսաթոշակային համակարգ: Նոր համակարգի ներդրումը կսկսվի 2008թ. հունվարի 1-ից: Կառավարությունը սահմանում է նաև կանոն, թե որ քաղաքացիները կամ տարիքային խմբերը կարող են անցնել նոր կենսաթոշակային համակարգի: Նոր համակարգն ուժի մեջ մտնելու պահին 30 տարին չլրացած քաղաքացիները պարտադիր անցնում են նոր համակարգին, 30-45 տարիքային խմբում գտնվող քաղաքացիներին տրվում է ընտրության իրավունք մնալու հին համակարգում կամ անցնելու նոր համակարգ: Այս տարիքային խմբի քաղաքացիները նոր համակարգին անցնելուց հետո չեն կարող երբևիցե վերադառնալ հին համակարգ: 45-ից բարձր տարիքի քաղաքացիները մնում են հին համակարգում: Այս սահմանափակումը բացատրվում է այն հանգամանքով, որ նոր կենսաթոշակային համակարգը հասունանալու և դրա առավելություններից օգտվելու համար կպահանջվի 25-30 տարի: Նոր կենսաթոշակային համակարգը կներառի հետևյալ 4 աստիճանը` (ա) նվազագույն ծերության սոցիալական նպաստ, (բ) բազային կենսաթոշակ, (գ) պարտադիր մասնավոր կուտակային կենսաթոշակ և (դ) կամավոր կուտակային կենսաթոշակ:
Պարտադիր կուտակային կենսաթոշակ
Այս կենսաթոշակը համարվում է բարեփոխման հիմնաքարը և վճարվում է կենսաթոշակային հիմնադրամներում բացված քաղաքացիների անհատական հաշիվներում կուտակված միջոցներից և տարիների ընթացքում դրանց դիմաց հաշվեգրված տոկոսային եկամուտներից: Նոր համակարգին անդամագրվածներն իրենց աշխատավարձի 10 տոկոսի չափով գումար յուրաքանչյուր ամիս պարտադիր
կերպով փոխանցում են իրենց կողմից ընտրված կենսաթոշակային հիմնադրամի իրենց անհատական հաշիվներին: Այս կենսաթոշակ ստացողները ստանում են նաև բազային կենսաթոշակը: Այս կենսաթոշակից օգտվողները չեն կարող ստանալ նվազագույն ծերության սոցիալական նպաստ, սակայն կարող են լրացուցիչ կենսաթոշակ ստանալ կամավոր կուտակային համակարգից:
Պարտադիր կուտակային համակարգից կենսաթոշակները տրամադրվում են մասնավոր կյանքի ապահովագրության անուիտետ ձեռք բերելու միջոցով, որը կնկարագրվի կենսաթոշակների վճարման եղանակները բաժնում:
Կամավոր կուտակային կամ ոչ կուտակային կենսաթոշակ
Այս կենսաթոշակի համակարգն աշխատում է պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգի նման, միայն թե կամավոր սկզբունքով: Սոցիալական վճարների չափը և կենսաթոշակների ստացման կարգը որոշվում են կենսաթոշակային հիմնադրամի և քաղաքացու միջև կնքված պայմանագրի հիման վրա: Համաձայն պայմանագրի կենսաթոշակները կարող են վճարվել ուղղակիորեն կենսաթոշակային հիմնադրամներից և կյանքի ապահովագրության անուիտետ ձեռք բերելու միջոցով: Կենսաթոշակային ապահովագրությունը, այս դեպքում, կարելի է գնել և որպես կուտակային (defined contribution) և որպես ոչ կուտակային (defined benefit) կենսաթոշակներ»:
Դեկտեմբերի 30-ին Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել իր ոչ պաշտոնական 2nd.am կայքին և անդրադարձել վարչապետ Տիգրան Սարգսյանի` մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցված որոշ մտքերի, մասնավորապես` շինարարական տեմպերի անկման մասին տված մեկնաբանություններին։ Վարչապետն էլ սկզբում ֆեյսբուքյան գրառմամբ, ավելի ուշ` ծավալուն վերլուծությամբ պատասխանել էր երկրորդ նախագահին: Հունվարի 13-ին հրապարակվել էր Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի շարունակությունը, որում անդրադարձ էր կատարվել հայ-ռուսական գազային համաձայնագրերին և կենսաթոշակային բարեփոխումներին: Tert.am-ին տված հարցազրույցում էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ հայ-ռուսական գազային գործարքը շահեկանորեն տարբերվում է Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած գույք-պարտքի դիմաց գործարքից: Այս կապակցությամբ երկրորդ նախագահի գրասենյակը հունվարի 15-ին և 17-ին հաղորդագրություններ էր տարածել:
Civilnet











