Գլխավոր Լրահոս

Հայաստանում նախագահները չեն հեռանում

Հայաստանում նախագահները չեն հեռանում
Հայաստանի ներքաղաքական որևէ գործընթաց ավելի լավ հասկանալու և հետևություններ անելու համար «դիագնոստիկ» միջոցներից մեկը կարող է լինել ոչ վաղ անցյալի մեր իսկ պատմությունը: 1988-ին` Արցախյան շարժման կամ ինչպես ընդունված է ասել համահայկական հեղափոխության առաջին օրերին և ամիսներին Խորհրդային Հայաստանի ժողովրդայնություն վայելող և ինչու չէ` սիրված առաջնորդ Կարեն Դեմիրճյանը, տասնյակ հազարավոր մարդկանց սուլոցների տարափի տակ հեռացավ քաղաքականությունից: Ճիշտ է՝ Դեմիրճյանին զբաղեցրած պաշտոնից հեռացրեց Մոսկվան, տվյալ դեպքում` Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը, սակայն հեղափոխական և ազգային վերածնունդ ապրող հայ ժողովուրդը ևս անընդունելի էր համարում Դեմիրճյանի հետագա պաշտոնավարությունը: Ուղիղ տասը տարի անց՝ 1998-ի գարնանը, նույն Կարեն Դեմիրճյանը քաղաքականություն վերադարձավ ծափողջույնների ներքո: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո հենց Դեմիրճյանն էր, որը նախագահական արտահերթ ընտրություններում ձեռնոց նետեց Ռոբերտ Քոչարյանին: Միայն երկրորդ փուլով Քոչարյանին հաջողվեց հաղթել Դեմիրճյանին: Սա այն դեպքում, երբ Քոչարյանը վարչապետ էր և նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, նրա ձեռքում էին իշխանական լծակները (նշանակում է՝ նաևընտրակեղծիքներ իրականացնելու բոլոր հնարավորությունները), ֆինանսական միջոցները, Քոչարյանին անվերապահ աջակցում էր այդ օրերի ամենահզոր անձնավորությունը` պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը: Ճիշտ է՝ Դեմիրճյանը իր կողմնակիցներին փողոց և հրապարակ դուրս չբերեց, սակայն հայտարարեց, որ ընտրությունները կեղծվել են: Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1998-ին հրաժարական տվեց թավշյա հեղափոխության կամ ինչպես ընդունված է ասել՝ պալատական հեղաշրջման արդյունքում: Նրա երբեմնի ամենահավատարիմ համախոհներն ու պաշտպանները` Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Բաբայանը և Սերժ Սարգսյանը, ստիպեցին, որ Տեր-Պետրոսյանը հրաժարական ներկայացնի: Հայաստանի բնակչության մի ստվար հատված, եթե չասենք՝ մեծամասնությունը, բավարարվածության մեծագույն զգացումով հրաժեշտ տվեց առաջին նախագահին և ՀՀՇ-ական վարչակարգին: Ո՞վ կարող էր մտածել, որ տասը տարի անց Տեր-Պետրոսյանը պետք է վերադառնա քաղաքականություն և տասնյակ հազարավոր մարդիկ դուրս բերի փողոցներ ու հրապարակներ: Բայց հենց այդպես էլ եղավ: 2007-ի սեպտեմբերին, երկարատև լռությունից հետո Տեր-Պետրոսյանը նախագահի պաշտոնի հայտ ներկայացրեց: 2007-ի սեպտեմբերից մինչև 2008-ի մարտի մեկը հենց Տեր-Պետրոսյանն էր իշխում Հայաստանի ներքաղաքական երկնակամարում: Ճիշտ է՝ նրան չհաջողվեց զբաղեցնել նախագահի աթոռը, սակայն կարողացավ ապացուցել, ինչպես Դեմիրճյանը, որ քաղաքական գործիչը կարող է ունենալ մի քանի աստեղային ժամ: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարքային հայաստանցիների շրջանում երբեք էլ ժողովրդայնություն չի վայելել: Կարելի է ասել, որ նա սիրված նախագահ չի եղել: Սակայն դա չի նշանակում, որ Քոչարյանը քաղաքականություն վերադարձի ռեսուրս չունի, ինչպես պնդում են նրա հակառակորդները, առաջին հերթին՝ իշխող Հանրապետական կուսակցության տարբեր ներկայացուցիչներ: Քոչարյանը, ի տարբերություն Դեմիրճյանի և Տեր-Պետրոսյանի, քաղաքականության մեջ առաջնորդվում է նախևառաջ ներքաղաքական խաղերով և ներկուսակցական հաշվարկներով: Որքան էլ զարմանալի ու անհեթեթ է, Քոչարյանը երկու անգամ զբաղեցրել է նախագահի պաշտոնը՝ չլինելով կուսակցական: Եթե Դեմիրճյանին ու Տեր-Պետրոսյանին հաջողվել է հեռանալուց հետո կրկին վերադառնալ քաղաքականություն և ձեռնոց նետել օրվա իշխանությանը, ապա ինչո՞ւ նույնը չի կարող անել Քոչարյանը: Այսօր հաճախ հիշեցվում է, որ Քոչարյանի նախագահության տարիներին են իրականացվել Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը: Դա, իհարկե, ճիշտ է: Բայց ճիշտ է նաև, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության օրերին Հայաստանի անվտանգության պատասխանատուներից մեկը Սերժ Սարգսյանն էր: Ճիշտ է նաև, որ Մարտի 1-ին նախագահը դեռ Քոչարյանն էր: Սակայն եթե Քոչարյանն է հրաման տվել, որ կրակ բացվի ընդդիմադիր ցուցարարների վրա, ապա Քոչարյանը դա արել է Սերժ Սարգսյանի համար նաև: Չէ՞ որ նախագահի աթոռի համար պայքարում Քոչարյանի իրավահաջորդը Սարգսյանն էր: Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը Քոչարյանի նախագահության տարիների ամենատխուր պահերն են, սակայն երկրորդ նախագահի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցում լրջագույն խոչընդոտները չեն: Հիմա անդրադառնանք ներկային: Այսօր Հայաստանի ներքաղաքական օրակարգի գլխավոր թեման երկրորդ նախագահի և գործող վարչապետի հեռակա բանավեճն է: Ընդ որում` «փոխհրաձգությունը» հրահրեց Տիգրան Սարգսյանը: Նա տարեվերջյան իր մամուլի ասուլիսում Քոչարյանի նախագահության տարիներին գրանցված տնտեսական աճը որակեց «շինարարական փուչիկ»: Քոչարյանը շատ կտրուկ արձագանքեց` վարչապետին հասցնելով նաև անձնական բնույթի վիրավորանքներ: Ապա Սարգսյանի պաշտպանության հարցում հերթ կանգնեցին նրա նախարարներն ու Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Հերթականությամբ, գրեթե ամեն օր, որևէ նախարար կամ հանրապետական, քննադատում է Քոչարյանին: Ռոբերտ Քոչարյանի և Տիգրան Սարգսյանի միջև «փոխհրաձգությունը» ուշագրավ է մի քանի առումներով: Առաջին՝ Սարգսյանն ու Քոչարյանին քննադատող մյուս «խիզախները» Քոչարյանի նախագահության տարիներին գովաբանել, երկրպագել ու անգամ քծնել են երկրորդ նախագահին: Սարգսյանը եղել է Կենտրոնական բանկի նախագահ, սակայն «շինարարական փուչիկի» տարիներին երբեք չի դժգոհել: Հակառակը, նա առաջիններից է եղել, որ գովաբանել է Հայաստանի երկնիշ տնտեսական աճը: Երկրորդ՝ Սերժ և Տիգրան Սարգսյանների իշխանության վեց տարիներին Հայաստանը, փաստացի, տնտեսական հետընթաց է ապրել, հանրապետությունից արտագաղթել է բնակչության տասը տոկոսը, աղքատների թիվը հասել է մեկ միլիոնի: Եվ ահա այս ձախողած իշխանությունն է քննադատում Քոչարյանին՝ փոխանակ արտագաղթի առաջը առնելու, երկրի տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու և բնակչության համար արժանապատիվ կյանք ապահովելու: Երրորդ և ամենագլխավորը՝ Քոչարյան-վարչապետ պայքարը արդյոք նշանակո՞ւմ է, որ հակասությունները երկրորդ և գործող նախագահի միջև ավելի են խորացել: Հայաստանի մամուլում և քաղաքական-փորձագիտական շրջանակներում այսօր ամենից շատ գրվում է Քոչարյան-իշխանություններ պայքարի մասին: Որքանո՞վ է իրական այդ պայքարը: Հարցին պատասխան գնտելու համար անհրաժեշտ է պատասխան գտնել մի քանի այլ հարցերի: Առաջին՝ Ռոբերտ Քոչարյանն իրո՞ք պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն: Եթե այո, ապա նրա նպատակը Տիգրան Սարգսյանին վարչապետի աթոռից զրկե՞լն ու այդ աթոռը զբաղեցնե՞լն է: Երկրորդ՝ իրավա՞մբ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև հակասությունները այնքան են խորացել, որ երկրորդ նախագահը այլևս չի կարող լռել: Երրորդ՝ որքանո՞վ են իրականությանը մոտ այն խոսակցությունները, թե երկու նախկին ընկերների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև 2008-ին ձեռք բերված պայմանավորվածությունը խախտվել է, և գործող նախագահը իր իրավահաջորդ է տեսնում Տիգրան Սարգսյանին, որևէ այլ Հանրապետականի, բայց ոչ երբեք՝ Ռոբերտ Քոչարյանին: Քանի դեռ այս հարցերի պատասխանը չունենք, դժվար է հասկանալ Քոչարյան-Սարգսյաններ հակասությունների խորությունը և լրջությունը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում