Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հունվարի 20-ին տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։
Ինչպես հաղորդում են ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել և ամփոփվել են ԴԱՀԿ ծառայության 2013թ. գործունեության արդյունքները: Ըստ օրակարգի՝ ներկայացվել են հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների և ավարտների վերաբերյալ զեկույցները։
2013թ. բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 20 մլրդ դրամի սահմանագիծը: Հարուցվել է 123,232 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 105,570-ի դիմաց. աճը կազմել է 16%։
Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու տարում պահանջատերերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է 20 մլրդ դրամ՝ նախորդ տարվա բռնագանձված և վերականգնված 15,5 մլրդ դրամ գումարի դիմաց։ Աճը կազմել է 29%, այդ թվում՝ պետական բյուջեի օգտին 3,5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 2,8 մլրդ դրամ գումարի դիմաց. աճը կազմել է 25%, իրավաբանական անձանց օգտին՝ 10 մլրդ դրամ` նախորդ տարվա 6,8 մլրդ դրամ գումարի դիմաց, աճը կազմել է 48%, ֆիզիկական անձանց օգտին՝ 2,8 մլրդ դրամ` նախորդ տարվա 2 մլրդ դրամ գումարի դիմաց, աճը կազմել է 38%: Ոչ գույքային բնույթներով հարուցվել և ընթացք է տրվել 21,644 կատարողական վարույթի` նախորդ տարվա 20,008-ի փոխարեն: Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը 2013-ին կազմել է 119,101 կատարողական վարույթ, նախորդի՝ 105,159-ի փոխարեն` աճը կազմել է 13%։
Ի թիվս օրակարգում ընդգրկված այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում զեկուցվել են ոչ միայն 2013թ. ունեցած ձեռքբերումների, այլև բացթողումների ու թերացումների մասին: Վերջինների լուծման առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Civilnet











