Գլխավոր Լրահոս

Ինչ էր ասում ԿԲ-ն «շինարարական փուչիկի» մասին 2007-ին

Ինչ էր ասում ԿԲ-ն «շինարարական փուչիկի» մասին 2007-ին

ԿԲ-ի 2007թ. հաշվետվությունում նշվում է, որ շինարարության բարձր աճին նպաստել է բնակչության եկամուտների շարունակական աճը՝ պայմանավորված մասնավոր տրանսֆերտներով, աշխատավարձերով ու գործազրկության նվազմամբ: Ընդ որում՝ շինարարության աճի մեծ մասը 2007թ. ապահովվել է ճանապարհաշինության ծավալների աճի արդյունքում... Նույն տրամաբանությամբ՝ այսօր կառավարությանը կարելի է մեղադրել «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու միջոցով շինարարարական փուչիկ փչելու մեջ։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ մինչև 2008-2009-ի ճգնաժամը Հայաստանում «շինարարական փուչիկ» էր ձևավորվել։ Այդ «փուչիկը» 2007թ. իր առավելագույն մակարդակին էր, իսկ Տիգրան Սարգսյանը Կենտրոնական բանկի նախագահն էր: Քանի որ ԿԲ-ն կառավարությունից անկախ մարմին է, հնարավորություն ունի իր հաշվետվություններում ավելի օբյեկտիվորեն գնահատել տնտեսական իրավիճակը: Եթե տնտեսությունում վտանգավոր փուչիկներ են գոյացել՝ ԿԲ-ն պետք է որ այդ ժամանակ ահազանգեր այդ մասին: Փորձենք պարզել, թե ինչ գնահատականներ են տեղ գտել ԿԲ հաշվետվություններում 2007թ.:

2007 թ. ֆինանսական կայունության հաշվետվության հիմնական եզրակացություններից մեկն այն է, որ ԱՄՆ-ում սկսված հիփոթեքային ճգնաժամը, որն արդեն գլոբալիզացման միտում ուներ, որևէ կերպ չի կարող ազդել Հայաստանի վրա, քանի որ ՀՀ բանկերը կախվածություն չունեն միջազգային ֆինանսական շուկաներից, չունեն նաև արտասահմանյան արժեթղթերի պորտֆելներ: Այս ոչ ճիշտ եզրակացությունը հետագայում չար կատակ խաղաց Տիգրան Սարգսյանի հետ, քանի որ որպես վարչապետ նա շարունակում էր պնդել, որ գլոբալ ճգնաժամն էական ազդեցություն չի թողնի Հայաստանի վրա: ԿԲ մասնագետները հաշվի չէին առել, որ Հայաստանի անշարժ գույքի շուկայի ընդլայնումը կրում է գլոբալ գործընթացների ազդեցությունը:

Այդ նույն հաշվետվության մեջ նշվել է, որ 2007թ. շինարարության բարձր աճին նպաստել է բնակչության եկամուտների շարունակական աճը՝ պայմանավորված մասնավոր տրանսֆերտներով, աշխատավարձերով ու գործազրկության նվազմամբ: Ընդ որում՝ շինարարության աճի մեծ մասը 2007թ. ապահովվել է ճանապարհաշինության ծավալների աճի արդյունքում։ Միայն մեծագույն սուբյեկտիվիզմի պարագայում սա կարելի է դիտարկել որպես փուչիկի փչում: Նույն տրամաբանությամբ՝ այսօր կառավարությանը կարելի է մեղադրել «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու միջոցով շինարարարական փուչիկ փչելու մեջ։

Ուշադրություն պետք է դարձնել նաև այն հանգամանքի վրա, որ մասնավոր բնակարանաշինության աճի լոկոմոտիվ է դիտարկվել մարդկանց եկամուտների աճը, իսկ դա արդեն օբյեկտիվ տնտեսական գործոն է։ Ի դեպ՝ մարդկանց եկամուտների աճը ընդհանրապես դիտարկվել է որպես տնտեսական աճի հիմնական խթան, քանի որ նպաստել է մասնավոր սպառման աճին: Սա կարևոր է նաև այն տեսանկյունից, որ ներկայում Հայաստանում տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ մարդկանց եկամուտները նվազում են (աշխատավարձի աճը ետ է մնում գների աճից): Վերջին հինգ տարիների ընթացքում սա տեղի է ունենում երկրորդ անգամ (2011թ. և 2013թ.). բացառիկ երևույթ Հայաստանի ողջ պատմության ընթացքում:

Այսպիսով՝ ԿԲ-ն իր հաշվետվություններում երբևէ մտահոգություն չի հայտնել շինարարական ծավալների աճի վերաբերյալ: Ընդհակառակը՝ դա նշվել է դրական լույսի ներքո՝ որպես հետևանք մարդկանց իրական եկամուտների աճի: Իսկ այն, որ մարդկանց եկամուտներն ուղղորդվել են դեպի շինարարություն և ոչ այլ ոլորտներ, հետևանք էր կապիտալի շուկայի չկայացվածության: Սակայն դրա պատասխանատուն նույնպես ԿԲ-ն էր:

Հետաքրքիր է, որ բանկային համակարգն այդ տարիներին մի կողմ էր քաշված շինարարական բումից: Այսպես՝ շինարարության ծավալը 2007թ. եղել է 667 մլրդ դրամ, իսկ շինարարության վարկավորումը (չի ներառում հիփոթեքային վարկավորումը)՝ ընդամենը մոտ 22 մլրդ դրամ: Այսինքն՝ երկրում շինարարության ընդամենը 3,3%-ն է ֆինանսավորվել բանկերի կողմից: Հիփոթեքային վարկավորումը կազմել է մոտ 53 մլրդ դրամ կամ ընդհանուր վարկային ներդրումների մոտ 13%-ը (ներկայում այդ ցուցանիշը 8,2% է);

Մենք, իհարկե, հեռու ենք այն մտքից, որ ԿԲ գնահատականներն ու եզրակացությունները պետք է հալած յուղի պես ընդունել, առավել ևս 2007-ինը, երբ համաշխարհային տնտեսության հեռանկարները վարդագույն էին թվում: Իր վարչապետության ընթացքում Տիգրան Սարգսյանը հեռացել է ԿԲ մեթոդոլոգիաներից, քանի որ իրական տնտեսության կարիքներն ու պահանջները բոլորովին այլ են: Սակայն տնտեսական իրավիճակի գնահատականները, ճգնաժամից հետո կամ առաջ, դեռևս խոր վերլուծությունների կարիք ունեն:

Սամվել Ավագյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում