Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում 2014-ից գործող պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը բխում է քաղաքացիների և սերունդների շահերից։ Այս մասին հունվարի 21-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի պնդմանը, թե աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կարող է «հանգիստ խղճով իրեն կենսաթոշակային ռեֆորմի և´ հայր, և´ կնքահայր համարել», Ասատրյանն ասաց, որ համակարգի հետ կապված ներկայում բարձրացվող խնդիրները բազմիցս քննարկվել են տարբեր շրջանակների հետ, և կայացված որոշումները «բխում եմ երկրի, քաղաքացիների և սերունդների շահերից»։ «Ես միայն հպարտ կլինեմ, եթե ևս համարվեմ այդ բարեփոխումների կնքահայր»,- ասաց նախարարը։
Արտեմ Ասատրյանի խոսքով` այս բարեփոխումները քննարկվել են ավելի քան 10 տարի, և «ամենաշատ քննարկված և իրազեկված բարեփոխումներից են»։ Հարցին, թե ինչու պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը կառավարությունը մեկ տարով չհետաձգեց` հաշվի առնելով քաղաքացիների իրազեկվածության ցածր մակարդակն ու դժգոհությունները, նախարարն ասաց, որ այս ժամանակահատվածում իրականացված «իրազեկման աշխատանքների ծավալի նախադեպը հնարավոր չէ գտնել»։ «Այլ խնդիր է, որ հետաքրքրվածությունը քաղաքացու մոտ ավելի առարկայական է լինում այն ժամանակ, երբ մոտենում է ժամկետը, և քաղաքացին սկսում է առնչվել այդ փոփոխությունների հետ»,- ասաց նախարարը` հավելելով, թե ամենամեծ իրազեկումն ու ուսուցումը կլինի 2014-ին, երբ սկսեն աշխատել բոլոր համակարգերը, և քաղաքացիներն իրենց անհատական հաշվին հետևելու հնարավորություն կունենան։
Հարցին, թե ինչու կառավարությունը չհետաձգեց համակարգի ներդրումը և չսպասեց Սահմանադրական դատարանի` կուտակային կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու` ԱԺ չորս խմբակցությունների` ՀՅԴ-ի, «Հայ ազգային կոնգրեսի», «Բարգավաճ Հայաստանի» ու «Ժառանգության» դիմումի որոշմանը, Ասատրյանն ասաց, որ օրենքները ենթակա են կատարման, և քաղաքացիներն իրավունք ունեն դիմելու ՍԴ` այս կամ այն հարցի կապակցությամբ։ «Սահմանադրական դատարանը կընդունի որոշում, և մենք պարտավոր ենք կատարել դատարանի որոշումը։ Բայց ներկայում խոսքը գնում է ընդունված որոշման մասին»,- ասաց Ասատրյանը` մյուս կողմից նշելով, որ կառավարությունը չի քննարկել, թե ինչպես ենվերադարձվելու քաղաքացիների կուտակումները, եթե ՍԴ-ն բավարարի խմբակցությունների դիմումը։
Civilnet











