«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հին մասնաշենքը կառավարության հաստատած` «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մաստեր պլանով ենթակա է քանդման։ Այս մասին հունվարի 21-ին կայացված ասուլիսին ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը։
Նա հիշեցրեց, որ մաստեր պլանի հաստատման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել էր քննարկել օդանավակայանի տարածքում ճարտարապետական կոթողներից կազմված այգի կառուցելու տարբերակը։ ««Զվարթնոցի» հավատարմագրային կառավարիչ ընկերության հիմնադիր, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի թիմը դրական է գնահատել վարչապետի այդ առաջարկը և ժամանակ խնդրել այն քննարկելու և ուսումնասիրելու համար»,- ասաց Մովսեսյանը։
Կառավարությունը 2013թ. դեկտեմբերի 26-ի նիստում հաստատեց «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թթ. մաստեր պլանը, որի համաձայն` կոնցեսիոներ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը $101,1 մլն-ի ներդրումներ կկատարի օդանավակայանում:
«Զվարթնոցի» հին մասնաշենքի քանդման խնդիրը ծագել է այն պատճառով, որ շենքը ֆիզիկապես բավական մաշված է, իսկ այն հիմնովին վերանորոգելու համար, տարբեր գնահատականներով, պահանջվում է $15-20 մլն:
Civilnet











