Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 22-ին ընդունել է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:
«Մենք մեծ հույսեր ենք կապում ձեզ հետ և համոզված ենք, որ միասին լավ աշխատանք ենք իրականացնելու: Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը մեր կողմից խորապես գիտակցված որոշում է: Մեր նպատակը՝ 21-րդ դարի մարտահրավերներին ադեկվատ պատասխան տալն է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Հյուրերը բարձր են գնահատել կենսաթոշակային բարեփոխումների ուղղությամբ կառավարության գործունեությունն ու նպատակամղվածությունը, և պատրասատակամություն հայտնել օժանադակել այդ աշխատանքներին: Նշելով, որ իրենց ներկայացրած ընկերությունը Եվրոպայում համարվում է առաջատարներից և խոշորագույններից մեկը՝ «Ցե-Կվադրատ AG»-ի հիմնադիր Ալեքսանդր Շյուցը նշել է, որ տպավորված են կենսաթոշակային բնագավառում խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կայացրած ճիշտ որոշումից:
«Հայաստանը ճիշտ ուղղությամբ է առաջ շարժվում, ինչը մարդկանց կապահովի երկարատև սոցիալական և տնտեսական կայունություն»,- ասել է Շյուցը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը կնպաստի նաև երկրում քաղաքացիական հասարակության ձևավորմանը:
«Ունենալու ենք 270 հազ. պատասխանատու քաղաքացիներ, որոնք վերահսկելու են ոչ միայն իրենց անհատական հաշիվները, այլև ֆոնդերի կառավարիչներին և կառավարությանը»,- ասել է վարչապետը:
Այնուհետև կողմերն անդրադարձել են երկկողմ փոխգործակցությանն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերին:
2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը: Նոր կենսաթոշակային համակարգի շահառուները կլինեն 1974թ. հետո ծնված քաղաքացիները: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կուտակվելու են կենսաթոշակաին ֆոնդում, որը կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:
Այն քաղաքացիները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 500 հազ. դրամը, կենսաթոշակ կկուտակեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով. պետությունը, իր հերթին, փոխանցում կկատարի 5%-ի չափով: Այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազ., պետությունը կփոխանցի 25 հազ. դրամ, իսկ քաղաքացին յուրաքանչյուր ամիս կկուտակի այնքան, որ իր և պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը:
Civilnet











