Գլխավոր Լրահոս

ՊԵԿ նախագահն ինքն իրեն չի ստուգում

ՊԵԿ նախագահն ինքն իրեն չի ստուգում

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված ընկերություններն այս տարի ևս կխուսափեն հարկայինի ստուգումներից։

Պետական եկամուտների կոմիտեն 2012-ից հարկ վճարողների մոտ ռիսկերի վրա հիմնված ստուգումներ է իրականացնում։ Վերջին երկու տարվա ստուգումները ցույց են տալիս, որ ՊԵԿ նախագահի հետ փոխկապակցված ընկերությունները «ռիսկային չեն»։

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 2012-ից հարկ վճարողների մոտ իրականացնում է բացառապես ռիսկերի վրա հիմնված ստուգումներ. հաշվի առնելով ընկերությունների կողմից ներկայացված տվյալները՝ համակարգն է որոշում ընկերության ռիսկայնության աստիճանը։ Թեև այս համակարգի ներդրումն ուղղված էր մարդկային գործոնի և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված ընկերությունները, այդուհանդերձ, դուրս են մնացել հարկայինի ուշադրությունից։

Տնտեսվարողների մոտ հարկային ստուգումների, ուսումնասիրությունների տարեկան պլանը հաստատում է ՊԵԿ նախագահը։

ՊԵԿ-ի կայքում տեղադրված տեղեկության համաձայն՝ 2013թ. ընթացքում իրականացվել է մոտ 9 հազ. ստուգում, 40 վերստուգում և 9,6 հազ. ուսումնասիրություն։ 2012թ. համեմատ ստուգումների թիվը կրճատվել է 27,5%-ով, վերստուգումներինը՝ 2,3 անգամ, ուսումնասիրություններինը՝ 27%-ով։

Թեև անցած տարի հարկային մարմինների աշխատակիցները զգալի աշխատանք են կատարել, սակայն որևէ գործողություն չեն իրականացրել, օրինակ՝ կոնֆետներ և հրուշակեղեն արտադրող ռուսական և ուկրաինական խոշոր ընկերությունների արտադրանքի ներկրող «Մեգաֆուդ» ընկերությունում, «Միցուբիշիի» ներկայացուցիչ «Մեգա Մոթորսում», թանկարժեք ժամացույցների և զարդերի «Խրոնոգրաֆ» խանութ-սրահում, սպորտային հագուստի և իրերի «Մեգա Սպորտ» խանություն, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցող «Յուքոմ» ընկերությունում։

Այս ընկերություններում ուսումնասիրություններ և ստուգումներ չանցկացնելը կարող էր օբյեկտիվ պատճառներով պայմանավորված լինել, օրինակ՝ գործունեության այս ոլորտներում առհասարակ ստուգումներ չեն իրականացվում։ Սակայն նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ ՊԵԿ-ի հաշվետվությունից երևում է, որ ՊԵԿ նախագահի հետ փոխկապակցված ընկերությունների մրցակիցների մոտ անցկացվել են թե՛ ստուգումներ, թե՛ ուսումնասիրություններ։ Օրինակ՝ ՊԵԿ-ի աշխատակիցները շրջանցել են «Յուքոմը», բայց «Օրանժ Արմենիայում» իրականացվել է ուսումնասիրություն, «ԱրմենՏելում»՝ ստուգումներ, «ՋիԷնՍի Ալֆա» (ապրանքանիշը՝ «Ռոստելեկոմ»)ընկերությունում՝ վերստուգում։ «Մեգաֆուդի» հիմնական մրցակից «Սովռանո» և «Գրանդ քենդի» ընկերություններում անցկացվել են թե՛ ստուգումներ, թե՛ ուսումնասիրություններ։

Իհարկե, մրցակից ընկերություններում ստուգումների արդյունքում հնարավոր է հայտնաբերվեն «խախտումներ», նշանակվեն տուգանքներ, սակայն շատ ավելի է մտահոգիչ է, որ այս ստուգումների և ուսումնասիրությունների ժամանակ հարկային աշխատակիցներին հասանելի են դառնում այնպիսի տեղեկություններ, որոնք պարունակում են կոմերցիոն գաղտնիք և դրանք մյուս մրցակցին՝ ՊԵԿ նախագահին հասանելի դառնալու դեպքում վերջինիս կապահովվեն լուրջ մրցակցային առավելություն։

Ի դեպ, ՊԵԿ նախագահի հետ փոխկապակցված ընկերություններում այս տարի ևս ոչ մի ստուգում, ուսումնասիրություն չի իրականացվի։ Համենայն դեպս, հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների ծրագրում այդ ընկերությունները ներառված չեն։

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում