«Նաիրիտ» գործարանի հիմնական բաժնետեր օֆշորային Rhinoville Property Limited ընկերությունից կբռնագանձվի $107,95 մլն՝ հօգուտ ԱՊՀ Միջպետական բանկի։
Մոսկվայի արբիտրաժային դատարանը հունվարի 22-ին բավարարել է ԱՊՀ Միջպետական բանկի՝ $107,95 մլն-ի հայցն ընդդեմ Հայաստանի քիմիական հսկա՝ «Նաիրիտ» գործարանի հիմնական բաժնետեր օֆշորային Rhinoville Property Limited ընկերության։
Ըստ rapsinews.ru գործակալության՝ դատարանը վճռել է բռնագանձել $68,8 մլն դոլար հիմնական պարտքի գծով, ինչպես նաև վարկի մարումն ուշացնելու համար նախատեսված տույժ-տուգանքները:
ԱՊՀ Միջպետական բանկը դատարան հայցը ներկայացրել էր $25,2 մլն-ի բռնագանձման պահանջով, սակայն հետագայում ավելացրել է գումարի չափը:
Ինչպես նախորդ նիստերին, այս նիստում էլ Rhinoville Property Limited-ը կամ «Նաիրիտ գործարանը» ներկայացուցիչ չի ունեցել, թեև պատշաճ ծանուցված է եղել:
Հիշեցնենք, որ ԱՊՀ Միջպետական բանկը Հայաստանի կառավարության միջնորդությամբ 2006թ. Մեծ Բրիտանիայում գրանցված օֆշորային Rhinoville Property Limited ընկերությանը $70 մլն-ի վարկ էր տրամադրել՝ 5,3 տարի մարման ժամկետով (մինչև 2011թ. դեկտեմբերի 27-ը) և տարեկան 12,5% տոկոսադրույքով։ Վարկից $39 մլն-ը ուղղվել է «Նաիրիտ գործարանի» 90% բաժնետոմսերը Հայաստանի կառավարությունից ձեռքբերեմանը, $12,8 մլն-ը՝ գործարանի շրջանառու միջոցների համալրմանը, $18,2 մլն-ը՝ արդիականացմանը։ Թեև Rhinoville Property Limited-ը մինչև 2011թ. դեկտեմբերի 27-ը չի կատարել իր վարկային պարտավորությունները և «Նաիրիտի» 90% բաժնետոմսերը շարունակում էին գրավադրված մնալ ԱՊՀ Միջպետական բանկում, օֆշորային այս ընկերությունը մնում է քիմիական հսկայի հիմնական բաժնետերը։
Մոտ երեք տարի պարապուրդում գտնվող «Նաիրիտ» գործարանի պարտքը կազմում է ավելի քան $150 մլն, որից միայն $100 մլն-ը՝ ԱՊՀ միջպետական բանկի նկատմամբ պարտավորություններն են։
Civilnet











