Կառավարությունը հունվարի 23-ի նիստում ընդունեց որոշում, որի համաձայն` պետական գանձարանում առկա ոսկին չի վաճառվելու: Ներկայացնելով որոշումը` ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասաց, որ համաշխարհային շուկայում ոսկու գները բավական ցածր են, և այս պայմաններում թանկարժեք մետաղների և քարերի վաճառքն աննպատակահարմար է:
Մինչ այդ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծի համաձայն` առաջարկվում էր «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում առկա թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների վաճառքի վերջնաժամկետ սահմանել 2015թ. դեկտեմբերը։ Այս ընթացքում գործադիրը մտադիր էր վաճառել 67,3 կգ ոսկյա և 43,7 կգ արծաթյա իրեր, 872,9 կարատ ադամանդ, 762 կարատ ալմաստ։
Որոշման նախագծում ֆինանսների նախարարությունը նշել էր, որ պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային և բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրերից և պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներից բացի, մնացած արժեքների պահպանումը ոչ արդյունավետ և աննպատակահարմար է։
Նախորդ որոշման համաձայն` պահուստները պետք է վաճառվեին դեռ 2012-2013 թթ., սակայն չեն վաճառվել, ինչը ֆինանսների նախարարությունը պատճառաբանում է միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների նվազմամբ։
Civilnet











