Ապրիլից գործադիրը ցանկանում է դրոշմապիտակավորել կաթնամթերքը, սուրճը, թեյ, ձեթը, օճառը, մսամթերքը։
Կառավարությունը ստվերային շրջանառության դեմ որոշել է պայքարել դրոշմապիտակներով։ Գործադիրը հունվարի 23-ի նիստին հավանություն տվեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որը կներկայացվի Ազգային ժողով։ Ըստ օրենսդրական փոփոխությունների՝ դրոշմապիտակավորման են ենթակա լինելու կաթնամթերքը, սուրճը, թեյ, ձեթը, օճառը, մսամթերքը։ Կառավարություն ցանկանում է, որ օրենսդրական փոփոխությունները մի շարք ապրանքների մասով ուժի մեջ մտնեն արդեն այս տարվա ապրիլից և աստիճանաբար տարածվեն նաև մյուս ապրանքների վրա. մուրաբաների, ջեմերի, պահածոների մասով՝ արդեն 2015թ. հուլիսից։
Նման օրենսդրական փոփոխության կառավարություն համար հիմք է հանդիսացել գարեջրի, հյութերի, ջրեղենի դրոշմապիտակավորման արձանագրված արդյունքները։ Փոփոխության հիմնավորման մեջ ֆինանսների նախարարությունը նշել է, որ 2012թ. տարեվերջին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում լայն սպառման համար նախատեսված որոշ ապրանքատեսակների (գարեջրի, զովացուցիչ ըմպելիքների և ջրերի) մասով դրոշմապիտակներով հաշառման համակարգի ներդրումը նպաստել է այդ ապրանքատեսակների արտադրության և իրացման շրջանառության իրական ծավալների բացահայտմանը, ստվերի կրճատմանը, հետևաբար նաև պետական բյուջեի եկամուտների աճին: Մասնավորապես, 2013թ. երրորդ եռամսյակում 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ գարեջրի արտադրության քանակն ավելացել է 4,9 մլն լիտրով կամ 2,3 անգամ, բնական հյութերի և ըմպելիքների (զովացուցիչ և հանքային) արտադրության քանակը՝ 2,1 մլն լիտրով կամ 62,1%-ով: Միաժամանակ, նշված ապրանքներ արտադրողներից և ներմուծողներից հարկային մուտքերը 2013թ. երրորդ եռամսյակում, երկրորդ եռամսյակի նկատմամբ, աճել են 1 մլրդ-ով կամ 45%-ով:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե դրոշմապիտակավորումը չի հանգեցնի այդ ապրանքատեսակների գծով գների աճին, ասաց, որ «թանկանալը հարաբերական» է։ «Գնահատման խնդիր է։ Մենք գերադասում ենք աշխատել ստվերում և չունենալ թանկացում, թե չաշխատել ստվերում և ունենալ թանկացում»,- ասաց Միրումյանը՝ հավելելով, թե դրոշմապիտակների գումարը ենթակա է նվազեցման հարկ վճարողի հարկային պարտավորություններից, և փաստացի պետությունն է ֆինանսավորում դրոշմապիտակի արժեքը։
Նա համաձայն չէ, որ լայն սպառման ապրանքների դրոշմավորումը ստվերի դեմ պայքարի ծայրահեղ միջոց է։ Ըստ նրա՝ սա միջազգային պրակտիկայում ընդունված արդյունավերտ միջոց է և, օրինակ՝ Վրաստանը, Բելառուսը կիրառում են դրոշմապիտակներ, և համակարգը արդյունավետ աշխատում է։
Դրոշմապիտակներն, այդուհանդերձ, հանգեցնելու են գների աճին։ Այսպես, եթե 2013թ. հունիսին 0,5 լ «Կիլիկիա» տեսակի գարեջրի գինն ըստ Ազգային վիճակագրական ծառայության կազմում էր 356 դրամ, ապա հուլիսին (ուժի մեջ մտավ պարտադիր դրոշմավորումը)՝ արդեն 379 դրամ։ Արտասահմանյան արտադրության մրգի բնական 1 լ հյութի միջին գինը անցած տարվա հունիսին կազմում էր 684 դրամ, հուլիսին՝ 686 դրամ։
Civilnet











