Գլխավոր Լրահոս

Ցողունային պատերազմ հայ ժողովրդի դեմ

Ցողունային պատերազմ հայ ժողովրդի դեմ
Սերժ Սարգսյանն էթիկայի զգացում չունի։ Մարդը 180 հազար դոլար է ծախսել ցողունային բջիջների փոխպատվաստման համար, մի այդքան էլ՝ Կորեա գնալ-գալու համար։ Այսինքն, ավելի երիտասարդ երևալու ձգտում ունի։ Էթիկապես նրա այս քայլը նույնիսկ հանցագործություն է։ Հայաստանում վերջին տարիներին 2-4 տոկոսով աճել է քաղցկեղով հիվանդների թիվը։ Քիմիոթերապիայի մեկ ներարկումը արժե 1,5-3 հազար դոլար։ Ինձ հետաքրքիր չէ, թե որտեղից մինչև այս տարի 400 հազար դրամ աշխատավարձ ստացողին 400 հազար դոլար։ Հնարավոր է՝ լուսանկարի «ալամ աշխարհի հայերի» նախագահն է տրամադրել գումարը։ Ոչ մի խնդիր։ Ինձ հետաքրքիր է, թե ինչ է մտածում Սերժ Սարգսյանը, երբ բուժման ընթացքում լուսանկարվում է կորեական «Չաում» բժշկական կենտրոնում՝ փաստելով, որ ցողունային բջիջների «ազդեցության» տակ է։ Հիմա տեսեք, Հայաստանը ղեկավարում է մի մարդ, որը էթիկայի զգացում չունի։ Դա ի՞նչ է։ Այսինքն՝ ի՞նչ է էթիկայի զգացումը։ Քանի դեռ Աստված չկա, էթիկայի զգացումը կարող է փոխարինել նրան։ Այսինքն, դա քո բարոյական աջակցությունն է բոլոր նրանց, ովքեր քո հնարավորությունները չունեն ինքնուրույն իրենց գլխի ճարը տեսնելու։ Էթիկան շատ կարևոր զգացում է, որը սովորաբար պետք է լինի փող ունեցողների գլխավոր «զենքը» մյուսների հետ հարաբերություններում։ Փող չունեցողներին էթիկայի զգացումը պետք չէ, քանի որ այն հիմնականում սոցիալական առավելություններ ունեցող մարդկանց զգացում է։ Փող չունեցողները որևէ խնդրում զուտ բարոյական ներկայություն են։ Դիցուք, մարդիկ Ֆեյսբուքում լուսանկարներ են դնում արված ճոխ սեղանների առջև։ Այսինքն, տվյալ լուսանկարով ընդգծում են իրենց տվյալ պահի սոցիալական ապահովվածությունը։ Հնարավոր է, որ լուսանկարի հերոսները աղքատ և սովից մի կերպ ոտքի վրա մնացող մարդիկ են։ Բայց լուսանկարն էթիկապես խոցելի է, որովհետև քիչ չեն մարդիկ, որոնք այդպիսի սեղանների մասին երազելու հնարավորություն էլ չունեն։ Այսինքն՝ չգիտեն ճոխ սեղանների մասին, հետևաբար չեն էլ կարող երազել։ Երազելու համար գոնե մեկ անգամ պիտի կուշտ եղած լինես։ Քաղցկեղով հիվանդ մարդը երկրորդ անգամ է ոչնչանում, երբ տեսնում է, թե ինչ աստիճանի թեթևությամբ է քեզ հասանելի դարձել այդ մի քանի հարյուր հազար դոլարը։ Դա մի գումար է, որը ոմանք ոչ միայն բերանով չեն կարող ասել, այլև չապի պատճառով կալարեն պատկերացնել։ Ձեր՝ Հայաստանի ղեկավարի, արածը հակաէթիկական պատերազմ է ամբողջ Հայաստանի ժողովրդին սահմանային հրաձգության այս դաժան ժամանակներում, որովհետև երբ ձգտում եք երիտասարդանալ, ուզում եք ասել, որ դուք ավելի կարևոր եք ժողովրդի համար, քան՝ ժողովուրդը ձեզ համար, քան՝ սահմանին զոհված Արմեն Հովհաննիսյանը, քան՝ 16-ամյա այն աղջիկը, որը ադրբեջանցի նշանառու կրակոցից վիրավորվել էր տանը նստած։ Մինչդեռ, վստահ չեմ, որ դուք սոցիոլոգիական հարցում եք անցկացրել ու պարզել, որ, իսկապես, ժողովուրդը ձեր կարիքն ունի։ Երիտասարդանալով դուք հո չե՞ք ակնարկել հաջորդ ամենաերիտասարդ թոշակառուն դառնալու ձեր նպատակների մասին, այլ, ըստ էության պնդել եք, որ դեռ երկար եք ուղեկցելու մեզ։ Բայց եթե ցողունային բջիջների փոխպատվաստումն արել եք առանց հետին մտքի, զուտ առողջ մնալու համար, էլ ավելի հակաէթիկաբար եք վարվել, որովհետև ցույց եք տվել, որ բացարձակապես ոչ մի խնդիր չունեք նման փոխպատվաստման։ Նշանակում է, դուք տեղյակ եք Հայաստանին պատուհասած, հայերին բնորոշ հիվանդությունների մասին և շտապել եք ձեզ ապահովագրել դրանցից։ Հայաստանն իր պատմության լավագույն օրերը չի ապրում, յուրաքանչյուր հայորդի կյանքի ու մահվան կռիվ է տալիս ամեն օր։ Դուք ինչ-որ պարտադիր կուտակային եք հնարում, տրանսպորտ եք թանկացնում, ապրանքներ եք թանկացնում, գազի գին եք բարձրացնում, այսինքն՝ յուրաքանչյուրի կյանքի օրը արդեն գոյության փորձություն է։ Բոլորս էլ գիտենք, որ ձեր կյանքում կես ակնթարթ անգամ չկա, որը մեծ երևակայություն ունենալու դեպքում անգամ կարելի է նմանեցնել փորձությանը, բայց լուսանկարվել ոտքերն աթոռին դրած, համաձայնեք, ճիշտ չէ։ Հայերի 95 տոկոսը որևէ բուժհաստատություն մտնելուց սկզբից գոնե մի կես ժամ կամ մեկ ժամ կանգնում է այս կամ այն բժշկի ընդունարանում։ Ու դեռ չգիտի՝ կենդանի դուրս կգա՞, թե՞ ոչ։ Դուք կարող եք հակադարձել, որ ըստ էության խնդիրը ծագել է լուսանկարից, ոչ թե ցողունային բջիջների փոխպատվաստումից։ Համաձայն եմ՝ լուսանկարը լեզու է բացում։ Բայց էթիկան լուսանկար, այնուամենայնիվ, չի հարցնում, ճոխ սեղանի դեպքում հարցնում է, իսկ ձեր դեպքում չի հարցնում, որովհետև եթե գաղտնի էլ արած լինեիք, հիշյալ բոլոր հարցերը մնում են։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում