ԿԲ-ի ֆինանսական համակարգի կարգավորման վարչություն պետ Մհեր Աբրահամյանը և ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչություն պետ Անդրանիկ Գրիգորյանը համատեղ ասուլիսում, Երևան, 23-ը հունվարի։
Կենտրոնական բանկի կարծիքով՝ կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր կուտակային համակարգի շարունակականության ընդհատումը կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի միջազգային հեղինակության վրա։ Այս մասին հունվարի 23-ին ասաց ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչություն պետ Մհեր Աբրահամյանը, ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչություն պետ Անդրանիկ Գրիգորյանի հետ համատեղ ասուլիսին։ Ըստ նրա՝ եթե երկիրը կեսից փոխում է խաղի կանոնները, դա անվստահություն է ստեղծում օտարերկրյա ներդրողների շրջանում, ազդում է երկրի բիզնես միջավայրի վրա։
Աբրահամյանի խոսքով՝ այս բարեփոխումների արդյունավետությունը կախված է, թե ովքեր են ֆոնդերի կառավարիչները, և ԿԲ-ն իրականացրել է լուրջ գործողություններ՝ հրավիրելու միջազգային հեղինակություն վայելող ընկերությունների։ ԿԲ-ն բանակցություններ է վարել երկու տասնյակից ավելի եվրոպական և ամերիկյան ընկերությունների հետ, և որպես ֆոնդերի կառավարիչներ գրանցել «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» և «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունները։
Հարցին, թե առ այսօր որքան մարդ է ընտրել կուտակային ֆոնդ, Գրիգորյանը նշեց, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիները սովորաբար ակտիվ չեն ֆոնդերի ընտրության հարցում, և դա իրականացնում է պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգը։ Հայաստանում, եթե քաղաքացին չի ընտրում իր ֆոնդը, ապա համակարգն ընտրելու է պահպանողական ֆոնդը (75% պարտատոմսեր և մինչև 25% բաժնետոմսեր)։
«Բայց դա չի նշանակում, որ քաղաքացին հետագայում չի կարող փոխել իր ֆոնդը։ Տարին մեկ անվճար քաղաքացին կարող է փոխել թե՛ ֆոնդը, թե՛ ֆոնդի կառավարիչին։ Իսկ եթե ավելի հաճախ դա կատարի, ապա դրա համար ստիպված կլինի վճարել»,- նշեց Գրիգորյանը։ Ըստ նրա՝ Համաշխարհային բանկի ուսումնասիրություններից երևում է, եթե ֆոնդեր ընտրում է 10 հազ. մարդուց ավելի, սա արդեն բարձր ցուցանիշ է։ «Հայաստանում ֆոնդեր ընտրել է արդեն մի քանի հազար մարդ, բայց ԿԲ-ն իր առջև խնդիր էլ չի դրել, որ 10 հազ. մարդ ինքնուրույն ընտրի ֆոնդեր»,- ասաց Գրիգորյանը։
Հայաստանում ֆոնդերը կսկսեն գործել մարտից, երբ գործատուները հարկային տեսչություններ ներկայացնեն հունվար ամսվա աշխատավարձերի հաշվետվությունները, և համապատասխան գումարները փոխանցվեն ֆոնդերին։
Ի դեպ, Ազգային Ժողովի պատգամավորները Սահմանադրական դատարան են դիմել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերվող հոդվածներն հակասահմանադրական ճանաչելու դիմումով։
Civilnet











