Գլխավոր Լրահոս

Ինչ սպասել Սահմանադրական դատարանից

Ինչ սպասել Սահմանադրական դատարանից

ՍԴ-ն համակարգը կասեցնելու համար պետք է քաղաքական կամք դրսևորի, ինչը գործնականում անհնար է: Սահմանադրական դատարանը ավտորիտար իշխանական համակարգի անբաժանելի մասնիկն է, ու երբեք այդ համակարգի դեմ բացահայտ առճակատման չի գնա

Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի երկու հոդվածների կիրարկումը կասեցնելու որոշումը շատերի մոտ հույսեր առաջացրեց՝ միգուցե իրո՞ք պարտադիր կուտակային համակարգը ընդհանրապես կասեցվի։

Փորձը ցույց է տալիս, որ ՍԴ որոշոումների համար անհրաժեշտ են ոչ միայն իրավական, այլև քաղաքական նախադրյալներ։ Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը նախորդ շաբաթ կուտակայինի մասին օրենքը «պատմական» որակեց, պարզ դարձավ, որ առկա է քաղաքական որոշում՝ չհրաժարվել պարտադիր կուտակային համակարգից: Հետևաբար՝ ՍԴ-ն համակարգը կասեցնելու համար պետք է քաղաքական կամք դրսևորի, ինչը գործնականում անհնար է: Սահմանադրական դատարանը ավտորիտար իշխանական համակարգի անբաժանելի մասնիկն է, ու երբեք այդ համակարգի դեմ բացահայտ առճակատման չի գնա: Հավանականությունը, որ Հայաստանի ղեկավարությունը քաղաքական որոշում է կայացրել՝ ՍԴ-ի միջոցով արժանապատվորեն հրաժարվելու պարտադիր կուտակայինից, չնչին է։

Այնուամենայնիվ, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի երկու հոդվածների կասեցման փաստն առկա է, ու դա անվազն երեք ամսով հետաձգել է համակարգի ներդրումը: Կասեցված 76-րդ հոդվածը վերաբերում է պարտադիր վճարներ չկատարելու համար պատասխանատվությանը, իսկ 86-րդ հոդվածի 3-րդ կետը՝ կենսաթոշակային կառավարիչների և ֆոնդերի ընտրությանը:

Այս կասեցումներն ըստ էության հետաձգում են պարտադիր կուտակային համակարգի ներդրումը։ Սակայն ՍԴ որոշումը հետաքրքիր է ոչ միայն այս կասեցումներով, այլև դրանց պարզաբանումներով։ «...կուտակային կենսաթոշակների համակարգի կիրառման հաջողությունը մեծապես պայմանավորված է այդ համակարգի նկատմամբ բնակչության պատշաճ իրազեկվածությամբ ու վստահությամբ»,- նշված է ՍԴ որոշման մեջ:

Հարկ է նշել, որ պարտադիր բաղադրիչի դեմ հիմնականում բողոքում են հենց լավ իրազեկված քաղաքացիները: Անշուշտ՝ կառավարությունն ու Կենտրոնական բանկը թերացել են քաղաքացիների իրազեկման հարցում, հիմնականում ուշադրությունը կենտրոնացնելով ոչ այնքան համոզիչ գովազդների վրա: Սակայն անգամ իրազեկման աշխատանքների ակտիվացումը մարդկանց մոտ անվստահությունը չի վերացնում:

Իշխանությունների ու կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ համընդհանուր անվստահությունը տարածվում է նաև կենսաթոշակային բարեփոխումների վրա: Նման համակարգային փոփոխություններ անցկացնելու համար պետք է կա՛մ շատ խիստ ավտորիտար, կա՛մ ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն:

Հետաքրքիր է, որ այդ անվստահության մթնոլորտն առկա է ոչ միայն շարքային քաղաքացիների, այլև հենց կառավարական շրջանակներում։ Դրա մասին է վկայում ՍԴ-ի հրապարակած այն փաստը, որ հունվարի 16-ի դրությամբ կենսաթոշակային ֆոնդի ընտրություն է կատարել ընդամենը 1309 մարդ (մասնակիցների 0,5%-ը): Միայն պետական գերատեսչություններում աշխատողների թիվը մոտ 10 000 է, ու նրանց մոտ կեսը 40 տարեկանից ցածր է: Դրան կարելի է ավելացնել նաև Կենտրոնական բանկի մի քանի հարյուր աշխատակիցներին: Ստացվում է, որ պետական ապարատը նույնպես չի վստահում կենսաթոշակային բարեփոխումներին։

Բացի այդ՝ համակարգը տեխնիկապես անպատրաստ է, ինչի վկայությունն են այս օրերին անձնագրային բաժիններում գոյացած հերթերը նույնականացման քարտեր ստանալու համար: Գործնականում ակտիվություն չեն ցուցաբերում ֆոնդերի կառավարման լիցենզիա ստացած երկու ընկերությունները՝ հայ-ֆրանսիական «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը» և գերմանական կապիտալով «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիան»։

Այս պայմաններում ՍԴ որոշումը նույնիսկ կառավարության օգտին է՝ համակարգն այս պահին տեխնիկապես պատրաստ չէ, ու այս երեք ամիսների ընթացքում հույս կա, որ տեխնիկական հարցերը կլուծվեն:

Ընդհանուր առմամբ՝ ՍԴ հունվարի 24-ի որոշումը կենտրոնացած է համակարգի ներդրման նախապատրաստման ընթացքի վրա՝ տալով բացասական եզրակացություններ, ու դրանով պայմանավորելով քաղաքացիների իներտությունն ու անվստահությունը: Սակայն քաղաքացիների անվստահության արմատներն ավելի խորն են, ու պայմանավորված չեն նախապատրաստական աշխատանքների թերություններով: Այդ պատճառով ՍԴ որոշման մեջ այդ գնահատականը կոռեկտ չենք համարում, այն կարելի է նաև կենսաթոշակային համակարգին պաշտպանելու անուղղակի փորձ համարել:

Սամվել Ավագյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում