Էներգետիկ ընկերությունները կառավարության հիմնական ֆինանսական դոնորներն են։ Սակագների բարձրացումը միայն ամրապնդում է նրանց դիրքը խոշոր հարկատուների ցանկում, քանի որ էլեկտրաէներգիայի ու գազի սակագինն իր մեջ ներառում է նաև ավելացված արժեքի հարկ։
Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2013 թ. 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Այդ ցանկը նախորդ տարվա համեմատ ցույց է տալիս հանքարդյունաբերական ընկերությունների, սիգարետային բիզնեսի, էներգետիկ ընկերությունների կողմից հարկերի վճարման զգալի աճ: Սակայն հարկերի վճարման աճը չի արտացոլում տնտեսական աշխուժությունը. այն հետևանք է հարկային ու սակագնային փոփոխությունների, վարչարարական միջոցառումների իրականացման: Այսպես՝ հանքարդյունաբերական ընկերությունների «առաջընթացը» պայմանավորված է բնօգտագործման վճարների դրույքաչափերի փոփոխությամբ, էներգետիկ ընկերություններն «առաջադիմել են» էլեկտրաէներգիայի ու գազի սակագնի զգալի բարձրացման շնորհիվ։ Սակայն հարկային վարչարարությունը հիմնականում շրջանցել է պարենամթերքի ու վառելիքի շուկայի խոշոր խաղորդներին։
Հանքարդյունաբերություն
Խոշոր հարկատուների ցանկը, ինչպես և նախորդ տարի, գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ 2013 թ. այն վճարել է 37,8 մլրդ դրամ՝ 2012 թ. 31,6 մլրդ դրամի համեմատ։ Հարկերի աճը հիմնականում պայմանավորված է ռոյալթիների վճարմամբ, ինչպես նաև՝ չորրորդ եռամսյակում միջազգային շուկայում մոլիբդենի գների որոշ աճով: Նշենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերի 40%-ից ավելին բնօգտագործման համար նախատեսված վճարներն են, այնինչ նախորդ տարիներին այդպիսի վճարների տեսակարար կշիռը կազմում էր 30-35%:
Մյուս հանքարդյունաբերական ընկերություններից խոշոր հարկատու է Սոթքի ոսկու հանքերը շահագործող «Գեո Պրո Մայնինգ Գոլդը»: Այն հայտնվել է խոշոր հարկատուների առաջին տասնյակում՝ 7,2 մլրդ դրամ ցուցանիշով զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը: Սա այն դեպքում, երբ տարվա ընթացքում ոսկու գները շարունակաբար նվազել են։ 2012 թ. այս ընկերությունը վճարել էր ավելի քիչ՝ մոտ 5 մլրդ դրամ, ու զբաղեցնում էր 17-րդ հորիզոնականը: Հարկերի աճի առյուծի բաժինը կրկին բնօգտագործման վճարների մասով է: Ընկերությունը ցույց է տվել նաև ուղղակի հարկերի աճ, ինչից կարելի է եզրակացնել ոսկու արդյունահանման ծավալների ավելացման մասին:
Մետաղների մշակման ոլորտում իրենց ցուցանիշները որոշ չափով բարելավել են ֆեռոմոլիբդենի արտադրությամբ զբաղվող «Մաքուր երկաթ» և «Արմենիան քափըր փրոգրամ» ընկերությունները։
Էներգետիկա
Էներգետիկ ընկերությունները կառավարության հիմնական ֆինանսական դոնորներն են։ Սակագների բարձրացումը միայն ամրապնդում է նրանց դիրքը խոշոր հարկատուների ցանկում, քանի որ էլեկտրաէներգիայի ու գազի սակագինն իր մեջ ներառում է նաև ավելացված արժեքի հարկ։ Գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումից բյուջեն միանշանակ շահում է, ու այդ «շահը» 2013 թ. գնահատվում է մոտ 5 մլրդ դրամ։ Այսպես՝ «ՀայՌուսգազարդը» հանրապետության երկրորդ խոշոր հարկատուն է՝ 36 մլրդ դրամ վճարներով։ Այդ գումարի միայն 10%-ն է ուղղակի հարկ (շահութահարկ կամ եկամտահարկ), մնացածը գազի սակագնում ներառված ավելացված արժեքի հարկն է: Այդ մասով «ՀայՌուսգազարդը» երկրորդ կիսամյակում լրացուցիչ հավաքագրել է մոտ 3 մլրդ դրամ։
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» ևս զգալի առաջադիմել է՝ 2012 թ. 8 մլրդ դրամի փոխարեն 2013 թ. վճարել է համարյա 10 մլրդ դրամ (7-րդ տեղ)։ Եվ կրկին աճը հիմնականում բաժին է ընկնում սակագնի մեջ ավելացված արժեքի հարկին:
Էներգետիկ ընկերություններից խոշոր հարկատուներ են նաև Հայկական ատոմակայանը (4,9 մլրդ դրամ և 18-րդ տեղ), «Բարձրավոլտ էլեկտրացանցերը» (1,3 մլրդ դրամ և 91-րդ տեղ): Վերջինը, սակայն, էապես վատթարացրել է հարկերի վճարման ցուցանիշը՝ 2012 թ. համեմատ պակաս վճարելով 3,8 անգամ։ Թե ինչու է «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» մոտ ֆինանսատնտեսական ցուցանիշների էական վատթարացում տեղի ունեցել, առանձին ուսումնասիրման առարկա է:
Պարենամթերք
Պարենամթերքի շուկայում տոն է տալիս երկու խոշոր ընկերություն, երկուսն էլ փոխկապակցված են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ: Հայտնի «Ալեքս գրիգը» 2013 թ. վճարել է 18,7 մլրդ դրամ ու հանդիսանում է 4-րդ խոշոր հարկատուն։ Այս ընկերությունը նախորդ տարվա համեմատ մի փոքր ավելացրել է հարկերի վճարումը՝ հիմնականում ի հաշիվ մաքսազերծման ընթացքում կատարվող վճարումների: Փոխարենը՝ հարկերի վճարումը պակասեցրել է գոմեշի մսի ներմուծման մեջ մասնագիտացած «Սամ-Սեր» ընկերությունը: 2013 թ. ընկերությունը վճարել է 6,1 մլրդ դրամ (13-րդ տեղ)՝ նախորդ տարվա 6,6 մլրդ դրամի համեմատ: Պարենի շուկայի մյուս մասնակիցները խոշոր հարկատուների ցանկում բարձր տեղեր չեն զբաղեցնում: Թերևս արժե նշել «Գրանդ քենդիին» (3,8 մլրդ դրամ և 26-րդ տեղ), հացահատիկի ներմուծմամբ զբաղվող «Մանանա գրեյնին» (3,5 մլրդ դրամ և 33-րդ տեղ): Այս ընկերությունները ևս նախորդ տարվա համեմատ հարկերի ծավալների էական փոփոխություններ չունեն։ Ընդհանուր առմամբ՝ հարկային մարմիններն այնքան էլ չեն «ծանրաբեռնել» պարենի շուկայի գերիշխող դիրք գրավողներին։ Նույնը վերաբերում է վառելիքի շուկային՝ «Ֆլեշը» և «ՍիՓիԷս Օյլ քորփորեյշնը», թեև խոշոր հարկատուների առաջին տասնյակում են, սակայն հարկերի վճարման հարցում էական փոփոխություն չունեն:
Սամվել Ավագյան
Civilnet











