Մարդու թեման

Ես ազգայնամոլ չեմ, թեպետ էմոցիոնալ մարդ եմ: Ինձ համար հայն ու թուրքը նույն մարդն են, եթե նրանց բաժանարարը երկինքը չէ։ Ես չեմ կարծում, թե «մարդ»-ը հպարտ է հնչում։ Ես կարծում եմ, որ մարդը հրեշ չի ծնվում, քանի որ նա ծնվում է որպես երեխա։ Կյանքը մարդու գոյության իրավունքը չէ, այլ՝ գոյության շռայլությունը։ Այն, ինչ ադրբեջանցիներն արել են Մամիկոն Խոջոյանի հետ (կոտրելով նրա ձեռքը), բազմաթիվ գնահատականների թեմա է, եթե ձեռքիդ զենք չկա։
Այն, թե ինչ են փորձել նրանից ստանալ ադրբեջանցիները, քաղաքական առումով մեր Դատի օգտին է։ Պայմանով, որ էդ Դատի մասնիկ լինելը Մամիկոն պապիկի ընտրությունն է։ Բայց Մամիկոն պապիկի տարիքում և վիճակում բաժանարար գծեր չկան, կա միայն հենման կետ, որը հողն է։ Իսկ հողն ընդհանուր է, ինչպես՝ երկինքը։ Այսինքն, բաժանարար գծեր չկան, եթե Մարդ ես։ Ցանկացած կով ու ընձառյուծ դա քեզ «կբացատրի»։ Իրանից երբեմն հովազներ են մտնում Հայաստան առանց վիզայի ու մաքսային փաստաթղթերի։ Մամիկոն Խոջոյանը հայրենի հող կրելու տարիքում չէ։ Մամիկոն Խոջոյանի տարիքում, քանի դեռ մյուս մարդիկ կան, կարևորը անփորձանք ապրելն է։ Նա, ով կոտրել է այդ ծերունու ձեռքը, իր պայքարն է բերել ասպարեզ։ Հետևաբար խոստովանել է, որ հրեշ է։
Կոտրել առողջական խնդիրներ ունեցող մարդու ձեռքը... Վնասել մոլորյալին... Սա արդեն թեմա չէ։ Սա նույնիսկ ադրբեջանական հողի վրա միջուկային ռումբ գցելու առիթ չէ։ Ավելին, սա ամբողջ մոլորակը մի կոճակով ոչնչացնելու առիթ չէ։ Քանի որ այդ հրեշագործություններից յուրաքանչյուրը բացառում է ոչնչացողի աչքերի մեջ նայելու «հաճույքը»։ Մամիկոն Խոջոյանը Ցեղասպանության նոր զոհ է։ Իսկ Ցեղասպանությունը պարզապես սպանությունը չէ, սպանությունից այն տարբերվում է շերտերով, «իմաստավորումներով»։ Սպանությունը «հասկանալի» է, երբ երկու մարդ «թթվում» են միմյանց շնչին։
Ախուրյանում ամուսինները սպանել էին միմյանց։ Սա սպանություն է։ Համատեղ կյանքի, ասենք, 40-րդ տարում վերջապես «բանաձևել» են միմյանց անհաղթահարելիությունը։ Սպանությունը ցեղասպանությունից տարբերվում է անակնկալով։ Նույնիսկ վարձու մարդասպանը նախ ծանոթանում է զոհի լուսանկարի հետ։ Անգամ դիպուկահարը տեսնում է իր զոհին, որի դատավճիռը կայացվել է, ասենք, երկու օր առաջ սահմանին սպանված հայրենակցի մահով։ Այսինքն, դիպուկահարի զոհը գիտեր, որ ինքը թիրախ է։
Ցեղասպանությունը բանաձևվում է աշխարհաքաղաքականությամբ։ Այսինքն, ցեղասպանության համար անհրաժեշտ է պարզապես «իմաստավորել» տեսակի բացակայությունը։ Հանուն քո ցնծության։ Ցեղասպանության զոհը չգիտի իր թիրախ լինելը։ Ուրիշինը գիտի, իրենը չգիտի, քանի որ ինքնապահպանման բնազդը աշխարհաքաղաքական թեմա չէ։ Սպանությունը ցնծություն չի պահանջում։ Ընդամենը հինգ րոպե առաջ հարց էիք քննարկում։ Աղջիկը բաժանվել է տղայից։ Տղային դա դուր չի գալիս, առաջարկում է հանդիպել, վերջնագիր է ներկայացնում, ստանում է վճռական մերժումն ու աղջկան խեղդում։ Սա «հասկանալի» է։ Տղան կուլ չտվեց մերժումը։ Ինքը չի կարող դառնալ պատվի զոհ։ Մերժվել, ըստ նրա, նշանակում է նաև ծաղրվել։
Մամիկոն Խոջոյանը ոչ մի ադրբեջանցու ոչնչում չի մերժել գոնե վերջին 23 տարում։ Պատճառ և առիթ չի եղել։ Սահման հատելու մասին Մամիկոն Խոջոյանը պարզապես գաղափար չունի։ Միգուցե սահմանի մասին գաղափար ունի, բայց փշալարեր չկան, զգոնության ցուցանակները բացակայում են։ Նշանակում է սահմանի ինչ-որ կետում բանականության ակնարկ կա։ Եվ Մամիկոն Խոջոյանն ինքնամփոփ քայլում է դեպի հատապտուղը։ Ռուսաստանում պատահաբար չի վրաերթել ուղևորատար ավտոբուսը, Ուկրաինայում բարիկադների վրա չի կանգնել հանուն այս կամ այն քաղաքական արժեհամակարգի, Թուրքիայում չի պահանջել ճանաչել ազգային փոքրամասնությունների իրավունքը, Ջավախքում չի երազել նորմալ վերաբերմունք հայկական դպրոցների և եկեղեցիների հանդեպ։ Եվ Ադրբեջանում չի հաղթել հենց ադրբեջանցի ըմբշամարտիկին։
Նա պարզապես Ներքին Կարմիրաղբյուր գյուղի իր տնից դուրս է եկել, եթե չեմ սխալվում, հատապտուղ հավաքելու։ Ենթադրում եմ, տան դուռն էլ չի փակել։ Հնարավոր է, ճանապարհին ժպտացել է գյուղացիներից մեկին։ Կամ, պարզապես, հենց այնպես, ժպտացել է, քանի որ մտքով ինչ-որ բան է անցել։ Երբ մարդը դուրս է գալիս հատապտուղ հավաքելու, նշանակում է, ուրիշ պայքար չունի։ Նշանակում է՝ ինքը սահմաններ գծող չէ։ Նշանակում է, բոլոր պայմանականությունները քամի են։ Ո՞վ է կոտրել այդ մարդու ձեռքը։ Հնչեցնել նման հարց, նշանակում է, հակամարտությունը դարձնել Մարդու գործը։ Այսինքն, Մարդու թեմա։ Բայց ադրբեջանցին ազդարարում է՝ տղերք, մենք կռիվ ունենք։ Ինքը «հրավիրում» է կռվելու։
Ես չգիտեմ, թե Ադրբեջանում ովքեր են բանաստեղծություն գրում։ Ես չգիտեմ, թե ով է այդ հողի Տիգրան Մանսուրյանը։ Ես կարծում եմ, որ մտքի մարդու փնտրտուքով ես ծաղրում եմ բոլոր նրանց, ովքեր բանաստեղծություն չեն կարդացել ու մարդու ձեռք չեն կոտրել։ Ես կարծում եմ, որ մոլորյալի (հանցավոր իմաստ ստացած բառ՝ որովհետև հողը կար, երբ չկային ազգությունները) ձեռքը կոտրել, նշանակում է ամբողջ մարդկության պատմությունից բացառել Մարդու թեման։
Թեմա
Մհեր Արշակյան










