Կառավարությունը շարունակում է զսպել ծախսերը։
Կառավարությունը ծրագրել էր, որ 2013թ. բյուջեի հավելուրդը (առանց արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերը հաշվի առնելու) կկազմի 11 մլրդ դրամ, իրականում այն կազմել է 41,5 մլրդ։ Պարզ ասած՝ անցած տարի գործադիրը չի ծախսել պետբյուջեով նախատեսված 30 մլրդ դրամ, այն դեպքում երբ բյուջեի եկամտային մասը կատարվել է ավելի քան 100%-ով։
Բյուջեի եկամտային մասը 2013թ. կազմել է 1,066 տրլն դրամ՝ ծրագրված 1,032-ի դիմաց։ Հարկային եկամուտները կազմել են 1 տրլն դրամ, ծրագրված էր 993 մլրդ։ Պետական եկամուտների կոմիտեն հարկային մուտքերը գերակատարել է 0,7%-ով։ Եվ սա այն դեպքում, երբ բյուջեի հարկային մուտքերի այս ծավալը ծրագրվել էր հիմք ընդունելով տնտեսական աճի 6,2% ցուցանիշը, իսկ տարին փակվել է շուրջ 3,5% աճով։ Պարզ ասած՝ հարկման բազայի աճը ծրագրվածից փոքր է եղել, իսկ ՊԵԿ-ին հաջողվել է հավաքագրել է ոչ միայն նախատեսված ծավալի հարկերը, այլև գերակատարել այն։
Գործադիրը, այսպիսով, տնտեսությունից դուրս բերված միջոցները ծախսերի միջոցով չի ուղել տնտեսություն՝ խոչընդոտելով տնտեսական աճին ու հարվածելով տնտեսվարողներին ֆինանսական վիճակին։ Կառավարության կողմից եկամտային մասի կատարումը, ըստ մասնագիտական հաշվարկների, կարող էր ապահովել շուրջ 1%-ի տնտեսական հավելյալ աճ։
Տնտեսումները կառավարությունը կատարել է ընթացիկ ծախսերի հաշվին. ծրագրված 954,6 մլրդ դրամի փոխարեն ծախսվել է 942 մլրդ։ Տնտեսումները հիմնականում բաժին են ընկել սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին (7,1 մլրդ դրամ), մոտ 10 մլրդ-ով թերակատարվել է «Այլ ծախսեր» հոդվածը, տոկոսավճարների հաշվին տնտեսվել է ևս մոտ 6 մլրդ։
Եթե հաշվի առնենք նաև արտաքին աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերի ծախսերը, ապա պետբյուջեն կատարվել է 16,4 մլրդ դրամ պակասուրդով՝ ծրագրված 119 մլրդ-ի փոխարեն։ Փաստացի շեղումը կազմել է 86,2%։ Օրերս կայացած ասուլիսին ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը սա պայմանավորեց վարկային որոշ ծրագրերի թերակատարումով։
Դեֆիցիտային մասի թերակատարման ծավալից սակայն երևում է, որ վարկային առանձին ծրագրերով գրեթե աշխատանքներ չեն տարվել։ Այսպես, ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառույթների ծախսերը անցյալ տարի ծրագրված էին 198 մլրդ դրամ մակարդակում, այնինչ կատարվել է միայն 82 մլրդ-ի ծախս։
Civilnet











