Կառավարությանը հերթական վիճակագրական փրկօղակ է նետել Ազգային վիճակագրական ծառայությունը։
Կառավարությունը գտել է հրաժարականից խուսափելու երկու պատճառներից մեկի չեզոքացման մեխանիզմը՝ վիճակագրական մանիպուլյացիա։
2013թ. մարտի 18-ի ասուլիսում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, և դա վերաբերում է 2013-2017 թթ., չապահովի 7 տոկոս տնտեսական աճ և աշխատավարձի առաջանցիկ աճ, քան գնաճն է, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա:
Անցած տարի կառավարությանն այդպես էլ չհաջողվեց ապահովել նախագահի նախանշած ցուցանիշները. նախնական գնահատականներով տնտեսական աճը կլինի 3,5%-ի շրջանակում, իսկ 5,6% գնաճի պայմաններում տարին փակվեց 4,8% միջին աշխատավարձի ցուցանիշով։
Կառավարությանը փրկօղակ է շտապել նետել Ազգային վիճակագրական ծառայությունը։ Այս տարվա հունվարի վերջին ներկայացված «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2013թ. դեկտեմբերին (2014թ. հունվարի 24-ի դրությամբ)» հրապարակման մեջ վիճակագիրները ճշգրտել են միջին աշխատավարձերի ցուցանիշը, ընդ որում՝ ամբողջ տարվա կտրվածքով։ Արդյունքում՝ անցած տարվա 5,6% գնաճի պայմաններում միջին աշխատավարձերի աճը ստացվել է 6,5%-ի մակարդակում։
Աշխատավարձերի ճշգրտում ԱՎԾ-ն կատարել է միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշում («ամբողջականացման նպատակով»), ներառելով զինվորականների աշխատանքի վարձատրության վերաբերյալ 2012-2013 թթ. տվյալները, «որոնք հասու են դարձել 2013թ. տարեվերջին»։ «Նախկինում ներկայացվող միջին աշխատավարձի ներկայացվող ցուցանիշները չեն ներառել զինվորականների աշխատանքի վարձատրության վերաբերյալ տվյալները, սակայն ներկայացվում են ժամանակային շարքի տարեկան ամփոփման և համադրելիության ապահովման նկատառումներով, ինչը ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների պահանջներից է»,- նշված է ԱՎԾ հրապարակման մեջ։
Նախորդ տարիների միջին աշխատավարձի ցուցանիշներում զինվորականների վարձատրության տվյալների բացառման ԱՎԾ-ի հիմնավորումը միանշանակ չէ. պարզ չէ նաև, թե ինչու են այդ տվյալները միայն անցյալ տարեվերջին հասանելի դարձել։ ԱՎԾ-ի հիմնավորումները խոցելի են այն առումով, որ բյուջեով ռազմական ծախսերը ծրագրելիս հաշվի է առնվում զինվորականների թե՛ թվաքանակը, թե՛ վարձատրության չափը։ Համենայնդեպս, գործնականում ոչնչով հիմնավորված չէ հաշվարկների մեթոդաբանության տարեվերջյան այսպիսի փոփոխությունը և մեկ ամսում ամբողջ տարվա կտրվածքով ճշգրտումների անհրաժեշտությունը։ Եթե անգամ զինվորականների վարձատրությունը մինչ այս չի ներառվել միջին աշխատավարձի հաշվարկման բանաձևում և ԱՎԾ-ն «ավելի բարձր ճշգրտության» համար է դիմել նման քայլի, ապա ոչինչ չէր խանգարում Ծառայությանը դա անել 2014թ. հունվարից։
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ ԱՎԾ-ն է կառավարությանը օժանդակում ապահովելու նախանշված ցուցանիշները։ Մասնավորապես, միայն ԱՎԾ-ի շնորհիվ 2012թ. տնտեսությունը արձանագրեց 7,2% աճ. վիճակագիրները նախ ճշգրտեցին (նվազեցրին) 2011թ. ՀՆԱ-ն, իսկ 2012թ. համար ստացան բավական փոքր ինդեքս դեֆլյատոր։
Civilnet











