Բնակչությունը կողմից գազի սպառումը նվազել է անգամ ցրտաշունչ դեկտեմբերին։
Բնակչությունը շարունակում է քիչ գազ սպառել. 2013թ. բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները կրճատվել են 0,6%-ով՝ կազմելով 539 մլն խմ։ Սպառումը նվազել է անգամ ցրտաշունչ դեկտեմբերին։
Բնակչության կողմից գազի սպառման ծավալները նվազում են երկրորդ տարին շարունակ, իսկ Էլեկտրաէներգիայի սպառման ցուցանիշներից հուշում են, որ բնակչությունը կապույտ վառելիքն այլևս չի դիտարկում որպես ջեռուցման հիմնական աղբյուր. անցած տարի էլեկտրաէներգիայի սպառումն ավելացել է 2,5%-ով։
Չնայած բնակչության կողմից գազի սպառման ծավալների կրճատմանը, անցած տարվա ցուցանիշերը «ՀայՌուսգազարդի» (այժմ՝ «Գազպրոմ Արմենիա») օգտին են եղել։ Ըստ ընկերության հաղորդագրության՝ Ռուսաստանից Հայաստան ներկրված բնական գազի ծավալները 2013թ. ընթացքում նվազել են 0,6%-ով՝ կազմելով 1,95 մլրդ խմ, ներքին շուկայում գազի իրացման ծավալներն ավելացել են 5,4%-ով՝ կազմելով 1,94 մլրդ դրամ։
2012թ. համեմատ էներգետիկայի ոլորտում սպառման ծավալներն աճել են 8,9%-ով, արդյունաբերությունում՝ 5,4%-ով՝ կազմելով համապատասխանաբար 511 մլն խմ և 268 մլն խմ: Ավտոմեքենաների գազալցման ճնշումային կայաններին (ԱԳԼՃԿ) իրացված գազի ծավալն ավելացել է 8,8%-ով՝ կազմելով 455 մլն խմ, «այլ սպառողների» դեպքում՝ 5,9%-ով՝ մինչև 172 մլն խմ:
ԱԳԼՃԿ-ների կողմից գազի սպառման ծավալների ավելացումը պայմանավորված է մի կողմից նրանով, որ բենզինի ներկայիս գների պայմաններում սեղմված գազը շարունակում է մնալ հիմնական վառելիք, մյուս կողմից՝ միայն անցած տարվա ինն ամիսներին (2013թ. ընդհանուր տվյալները դեռ չեն հրապարակվել) Հայաստան է ներկրվել մոտ 30 հազ. ավտոմեքենա և դրանց զգալի մասն որպես վառելիք օգտագործում է գազը։
Միանշանակ չէ էներգետիկայում գազի սպառման ծավալների 8,9%-ով աճը։ Ոլորտում հիմնական սպառողները՝ «ՀրազՋԷԿ»-ը և «Հրազդան-5»-ը (պատկանում են «Գազպրոմ Արմենիա»-ին), կարծես չեն ավելացրել սպառումը։ Անցած տարի «ՀրազՋԷԿ»-ում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կրճատվել է մոտ 18%-ով, «Հրազդան 5»-ում՝ ավելացել 15%-ով։ Այս երկու կայանները հանրագումարով 2013-ին արտադրել են գրեթե այնքան էլեկտրաէներգիա, որքան 2012-ին, ինչը նշանակում է, որ գազի սպառման ծավալների աճ գործնականում տեղի չի ունեցել։ Եթե հաշվի առնենք նաև, որ «ՀրազՋԷԿ»-ը 1Կվտ/ժ էլեկտրաէներգիայի արտադրության համար ավելի շատ գազ է սպառում, քան «Հրազդան 5»-ը, ապա իրականում պետք է տեղի ունենար էներգետիկ ոլորտի կողմից գազի սպառման ծավալների կրճատում, և ոչ թե ավելացում։
2013-ին գազի սպառման ցուցանիշները պետք է որ «ՀայՌուսգազարդին» դուրս բերեին շահութաբերության մակարդակ։ Անցած տարվա հուլիսի 7-ից վերջնական սպառողների՝ բնակչության համար՝ 156 դրամ/1խմ և խոշոր գազասպառողների համար՝ $276,98/1000 խմ սակագին սահմանելիս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հաշվարկներում հիմք էր ընդունել, որ տարվա ընթացքում պետք է ներկրվի 1,8 մլրդ խմ և իրացվի 1,7 մլրդ խմ բնական գազ։ Իրականում «ՀայՌուսգազարդը» ներկրել է 8,3%-ով և իրացրել է 14%-ով ավելի բնական գազ՝ քան դրված էր ՀԾԿՀ հաշվարկների հիմքում։
Civilnet











