Գլխավոր Լրահոս

Ներկայացվել է հայկական առաջին պլանշետը

Ներկայացվել է հայկական առաջին պլանշետը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 4-ին մասնակցել է հայկական առաջին պլանշետի՝ «Արմթաբ»-ի շնորհանդեսին, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից: Պլանշետի արտադրությունն իրականացնում է «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերությունը: Կառավարության ծրագրով, որն արժանացել է հանրության և Ազգային ժողովի հավանությանը, առաջին դասարանցիները պետք է ապահովվեն համակարգչով: Այդ առումով, վարչապետի խոսքով, հայկական պլանշետների արտադրության այս  ծրագիրը համահունչ է կառավարության ծրագրին: Կառավարության ղեկավարը սա համարել է լրջագույն հաջողություն, քանի որ Հայաստանը  երկարաժամկետ առումով գտնում է նաև իր տնտեսության մասնագիտացման կարևորագույն ոլորտներից մեկը, իսկ վերջին 10 տարիների փորձը ցույց է տվել, որ այս բնագավառում Հայաստանն ունի հարաբերական առավելություն՝ ինտելեկտուալ ներուժ, երիտասարդ սերնդի կարողություններ: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ իրականացված միջոցառումներն արդեն ձևավորել են միջավայր և տալիս են շոշափելի արդյունքներ: «Եթե կարողանանք քաղել այս ոլորտի բոլոր պտուղները, ապա դա կնշանակի, որ ևս 10 տարի անց ՀՀ տնտեսությունը կլինի ավելի արդյունավետ, իսկ արտադրողականության տեսակետից կլինենք մրցունակ պետություն»,- նշել է վարչապետը: Ներկայացնելով ՏՏ բնագավառում 2013-ին արձանագրված արդյունքները՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ այս ոլորտում երկնիշ տնտեսական աճն ունի շարունակական բնույթ, և նախորդ տարին այդ առումով բացառություն չէր. աճը կազմել է շուրջ 20%, իսկ արտահանումը՝ 12%: Դա, ըստ կառավարության ղեկավարի, նշանակում է, որ աճի մի զգալի մասն ապահովում է ներհանրապետական սպառում, ինչը նույնպես հաջողություն է: Ոլորտի ձեռնարկությունների 80% ունի հայկական ծագում: Վարչապետի խոսքով՝ նախորդ տարվա կարևորագույն ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ ՀՀ ՏՏ ոլորտի նկատմամբ միջազգային տրանսնացիոնալ կորպորացիաների ուշադրությունն ավելի է մեծացել: «Սիլիկոնյան հովտում IBM ընկերության հետ մեր ձեռք բերած պայմանավորվածությունն ամբողջությամբ իրացվել է: Դրա արդյունքում այդ ընկերությունը Հայաստանում ունի իր կենտրոնը, որը հնարավորություն է տալու երիտասարդ սերնդին ավելացնել իր կարողությունները: Ուրախ եմ նաև, որ IBM-ի միջոցով համագործակցում ենք ԱՄՆ-ի առաջատար բուհերի հետ, ինչը հնարավորություն է տալու մշտապես պահպանել կրթական համակարգի բարձր մակարդակ»,- նշել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետը փաստել է, որ «Մայքրոսոֆթ»-ը նույնպես ՀՀ-ում արձանագրում է զարգացման բարձր տեմպեր, իսկ մեր երկրում գործող վերջինիս ինովացիոն կենտրոնը ճանաչվել է աշխարհի լավագույն կենտրոններից մեկը: Գործադիրի ղեկավարն արձանագրել է, որ ՏՏ ոլորտում զբաղվածների թիվը նախորդ տարի  աճել է 1800-ով և կազմել 11 հազ., որոնցից 9 հազ. հանդիսանում են բարձրակարգ ինժեներներ: Այսինքն, կառավարության  կանխատեսումը, ըստ որի՝ ոլորտը տարեկան համալրվելու է 2 հազ. մասնագետով, ինչն էլ համահունչ է այդ բնագավառի 20-30% տնտեսական աճին, դարձել է իրականություն: Վարչապետի խոսքով՝ ՏՏ բնագավառում առկա է կադրերի՝ բարձրորակ աշխատուժի պահանջարկ, և համապատասխան կրթության դեպքում երիտասարդները երաշխավորված կլինեն բարձր վարձատրությամբ աշխատանքի հարցում: Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ ավարտվել են նաև Գյումրու տեխնոպարկի ֆինանսավորման աշխատանքները, և շուրջ 6 հազ. քմ տարածք պատրաստ է շահագործման: Աշխատանքներ են տարվում տեխնոպարկը համալրելու ուղղությամբ: Կան բազմաթիվ մասնավոր ընկերություններ, որոնք հավակնում են իրենց գործունեությունը ծավալել տեխնոպարկում: Միաժամանակ, տեխնոպարկին կից գործելու է նաև D-Link ընկերությունը: Այսպիսով, տեխնոլոգիական ոլորտի զարգացումը Գյումրիում մեծ թափ կստանա: «Այս փուլում կուտակել ենք զարգացման մեծ ներուժ, սակայն առաջ շարժվելու  համար անհրաժեշտ են նոր ինստիտուցիոնալ  ներարկումներ: Պետք է մտածենք այն խթանների մասին, որոնք նոր ձևավորվող ընկերություններին հնարավորություն պետք է տան այս բավականին բարձր մրցակցային դաշտում գտնել իրենց տեղը: Այսօր էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքներ են տարվում նաև, որպեսզի Ազգային ժողով ներկայացնենք մի օրենսդրական փաթեթ, որը հնարավորություն է տալու Start up-երին գործել ավելի մեղմ հարկային դաշտում, որն էականորեն տարբերվելու է գործող հարկային դաշտից»,- տեղեկացրել է կառավարության ղեկավարը: Minno Tablet ընկերության նախագահ Էրիկ Ռայենը խոստովանել է, որ հայկական պլանշետների արտադրության ուղղությամբ իրենց ներդրումային ծրագիրը լավագույններից է` թե ՀՀ կառավարության ցուցաբերած աջակցության, թե ներգրավված աշխատակազմի ու գործընկերների առումով: Նրա խոսքով՝ Minno Tablet ընկերությունը կապահովի նախագծի արդյունավետ մեկնարկի և զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, տեխնոլոգիաների փոխանցումը և այլ հնարավոր աջակցություն: «Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, էկոնոմիկայի,  կրթության և գիտության նախարարներին՝ ցուցաբերած մեծ աջակցության համար: Համոզված եմ, որ շատ շուտով նաև մեր աջակցությամբ Հայաստանն իր լայն ճանաչումը կստանա ամբողջ աշխարհում՝ որպես բարձր տեխնոլոգիաների երկիր»,- նշել է Էրիկ Ռայենը: Շնորհանդեսի ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով  2015-ից «Արմթաբ» պլանշետները կներդրվեն Հայաստանի դպրոցական համակարգում: Հայկական արտադրության առաջին պլանշետը (Armtab) և առաջին հեռախոսը (Armphone) ներկայացվել էր վարչապետին կից արդյունաբերական խորհրդի  նիստում: Նախատեսվում է, որ «Թեքնոլոջի ընդ սայնս դայնեմիքս»-ն առաջիկա երեք տարվա ընթացքում արտադրության ծավալը 10 հազ. պլանշետից կհասցնի 50 հազ,, իսկ մեկ պլանշետի գինը կլինի շուրջ 180 դոլար, ինքնարժեքը` շուրջ 135 դոլար: Կառավարության թույլտվությամբ «Թեքնոլոջի ընդ սայնս դայնեմիքս»-ի ընկերությունը գործունեություն կծավալի «Ալյանս» ազատ տնտեսական գոտում: Պլանշետների ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ–ում և Հոնկոնգում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում