Գլխավոր Լրահոս

Տոն, հիշատակ, մեռելոց. ոչ աշխատանքային 44 օր՝ մեկ տարում

Տոն, հիշատակ, մեռելոց. ոչ աշխատանքային 44 օր՝ մեկ տարում

Եկեղեցեկան տոների քանակով Հայաստանն աշխարհում զիջում է միայն Վատիկանին, որտեղ վեց այդպիսի ոչ աշխատանքային օր կա: (Լուսանկարը՝ Ֆոտոլուրի)

Ոչ աշխատանքային օրերի ընթացքում մի շարք ճյուղեր տուժում են, սակայն շահում են զբոսաշրջությունը, ռեստորանային բիզնեսը, զվարճանքների բիզնեսը; Օրինակ, երբ մարդը հունվարին յոթօրյա արձակուրդ է ստանում, մեծ է հավանականությունը, որ նա այն կօգտագործի հանգստյան տներից մեկում, այնինչ եռօրյա արձակուրդի դեպքում դրա հավանականությունը փոքր է:

Մեկ այլ խնդիր խնդիր էլ կա: Իրականոմ Հայաստանում այնքան էլ շատ չեն կազմակերպությունները, որոնք ամբողջովին պահպանում են աշխատանքային օրենսգիրքը: Հայաստանում զբաղվածների բացարձակ մեծամասնությունը լիարժեք չի օգտվում արձակուրդից, շաբաթական աշխատում է 6 օր, այդ թվում՝ տոնական օրերին։ Բացի այդ՝ զբաղվածների մեծ մասն ունի սեզոնային աշխատանք, ինչպես գյուղատնտեսությունում 500 հազ. զբաղվածները: Նրանց համար իրականում չկա տոն կամ կիրակի, ընդհակառակը՝ այդ օրերին գյուղմթերքն ավելի լավ է իրացվում: Այդ պարագայում չի կարելի ասել, թե հանգստյան օրերի առատությունը լուրջ խնդիրներ է առաջացնում տնտեսական համակարգում: Եթե ընդհանրացնելու լինենք՝ 1,1 մլն զբաղվածներից հանգստյան ու տոն օրերից լիարժեք օգտվում է ոչ ավելի, քան 100 հազ. մարդ կամ աշխատողների 9%-ը: Հայաստանում խնդիրը ոչ թե հանգստյան օրերի առատությունն է, այլ մարդկանց աշխատանքային իրավունքների պաշտպանությունը:

Այնուամենայնիվ, որոշ անհարմարություններ ստեղծվում են, հատկապես հունվարին, որն ունի ութ ոչ աշխատանքային տոնական օր (չհաշված շաբաթ և կիրակի օրերը): Բանն այն է, որ այդ օրերին բուժհաստատություններն աշխատում են թերբեռնված, փաստացի չեն գործում լաբորատորիաներն ու ախտորոշիչ կենտրոնները, միայն շտապօգնության դեպքերն են արձանագրվում: Իսկ հունվարը հիվանդությունների սրման «ամենահարմար» ամիսն է, հատկապես Ամանորից հետո, երբ մարդիկ չարաշահում են ուտեստները: Սակայն տոնական օրերի առատության պատճառով մարդիկ ժամանակին բուժում չեն կարողանում ստանալ, բուժհիմնարկներում հերթեր են գոյանում: Կառավարության որոշումը՝ Ամանորի ութօրյա հանգստից հետո ևս քառօրյա հանգիստ հայտարարել, սադիզմի դրսևորում է հիվանդ մարդկանց նկատմամբ: Կառավարությունը պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ կենսական նշանակության որոշ օբյեկտներ այդ օրերին նորմալ աշխատեն;

Ոչ աշխատանքային օրերի քանակով Հայաստանը գերազանցում է եվրոպական ու հյուսիսամերիկյան երկրներին՝ զիջելով թերևս միայն կարիբյան ավազանի երկրներին: Օրինակ՝ ԱՄՆ-ում նույնիսկ վճարովի արձակուրդ գոյություն չունի, ամեն ինչ որոշվում է աշխատանքային պայմանագրով, ու միջինը վճարովի արձակուրդը երկու շաբաթ է:

Զբոսաշրջային Hotels.com պորտալը 2013 թ. ուսումնասիրել է վճարովի ոչ աշխատանքային օրերի վիճակագրությունը 30 արդյունաբերական երկրներում։ Ըստ այդմ՝ երկրներում միջինը տարվա ընթացքում չեն աշխատում 28 օր: Բոլորին գերազանցում է Ռուսաստանը՝ 40 օր ոչ աշխատանքային, իսկ ահա Մեքսիկայում այդ ցուցանիշը 13 օր է:

Հայաստանյան բազմապիսի տոներից միայն չորսն են պետական տոներ (Բանակի օր, Սահմանադրության օր, Անկախության օր, Հանրապետության օր): Երեք տոն ժառանգել ենք Խորհրդային Միությունից (մարտի 8, մայիսի 1, մայիսի 9): Ամենաշատը եկեղացական տոներն են՝ Նախածննդյան տոներ (հունվարի 3, 4, 5), Սուրբ Ծնունդ և Հայտնություն (հունվարի 6), Մեռելոց (հունվարի 7): Ունենք հիշատակի 1 օր՝ ապրիլի 24։ Հարկ է նշել, որ եկեղեցեկան տոների քանակով Հայաստանն աշխարհում զիջում է միայն Վատիկանին, որտեղ վեց այդպիսի ոչ աշխատանքային օր կա: Սակայն նույնիսկ Վատիկանում նախածննդյան օրերը ոչ աշխատանքային չեն հայտարարված:

 Սամվել Ավագյան

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում