Կենսաթոշակային ֆոնդերը Հայաստանում ներդրումային նոր հնարավորություններ են ստացել։
Կենտրոնական բանկը, Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման և կենսաթոշակային ֆոնդերի համար ներդրումային գործիքներ ապահովելու նպատակով, օժանդակել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից դրամով պարտատոմսերի թողարկմանը։
Միջազգային ֆինանսական կորպորացիան, Հայաստանի կենտրոնական բանկի հետ համատեղ աշխատանքի արդյունքում անցած տարվա դեկտեմբերի 23-ին թողարկել է 2 մլրդ դրամ ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսեր: «Միջազգային ամենաբարձր AAA վարկանիշ ունեցող այս ընկերության կողմից ազգային արժույթով նոր ներդրումային գործիքների թողարկումը կարևորագույն իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ու այս տարի մեկնարկած կենսաթոշակային բարեփոխումների տեսանկյունից: Ներդրողները, այդ թվում և կենսաթոշակային ֆոնդերը հնարավորություն կունենան կատարել հուսալի ներդրումներ ընկերության պարտատոմսերում և ապահովել կայուն եկամուտ»,- ասվում է ԿԲ տարածած հաղորդագրությունում:
Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հավաքագրված դրամական միջոցներն ուղղվելու են տնտեսության ֆինանսավորմանը: «Սա կարևոր իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման տեսանկյունից, քանի որ պարտատոմսերը ցուցակվելու և շրջանառվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում, և նոր ներդրումային հնարավորություն է ստեղծվելու մասնավոր և ինստիտուցիոնալ ներդրողների համար»,- նշվում է հաղորդագրությունում:
Բացի այդ, 2014թ. հունվարի 31-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի միջոցով տեղի է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից թողարկված 2 մլրդ դրամ ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխումը։ Ազգային արժույթով այս գործիքը նույնպես կարևոր է մեկնարկած կենսաթոշակային բարեփոխումների տեսանկյունից, քանի որ կենսաթոշակային ֆոնդերը հնարավորություն կունենան կատարել ներդրումներ պարտատոմսերում։
ՎԶԵԲ կողմից հավաքագրված դրամային միջոցները նույնպես ուղղվելու են տնտեսության ֆինանսավորմանը։
Civilnet











