Կառավարության փետրվարի 6-ի նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է պետական ծառայողներին բնակարաններով ապահովելու նոր ծրագրի մեկնարկման մասին, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:
«Հիշում եք, մենք միասին բավական երկար աշխատեցինք պետական ծառայողներին բնակարանով ապահովելու խնդրի շուրջ: Այդ նախապատրաստական աշխատանքները մենք հասցրել ենք ավարտին և այսօր հայտարարում ենք այդ ծրագրի մեկնարկը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է, որ այս պահի դրությամբ 3,5 հազ. պետական ծառայող ցանկություն է հայտնել մասնակցել ծրագրին:
«Մեր օրակարգում, Վաչե Գաբրիելյան, առաջարկում եմ ներառել այդ հարցը և այդ ծրագիրը մանրամասն ներկայացնել, որպեսզի Երևան քաղաքում կարողանանք կարճ ժամանակում կառուցել շուրջ 1000 բնակարան ունեցող շենքեր և մեր աշխատողներին ապահովել բնակարանով, նաև դրան կցելով հիփոթեքային ապահովվածությունը: Կարծում եմ, որ սա կարևոր ազդակ կլինի պետական ծառայողների համար»,- ասել է վարչապետը:
Նիստում կառավարությունը հավանություն է տվել պետական ծառայողների համար բնակարանային ապահովման ծրագրին, որին մասնակցել ցանկացողները մինչև 2013թ. մարտի 10-ը էլեկտրոնային կամ փաստաթղթային տարբերակով առաջարկ պետք է ներկայացնեն Կառավարական տուն 1 հասցեով: Հարցի քննարկումն ամփոփել է կառավարության վարչապետը` նշելով, որ եթե վճարունակ պահանջարկն ավելանա, ապա կարվի ծրագրի երկրորդ փուլը:
«Մեկ քառակուսի մետրի առավելագույն գինը կլինի 300 հազ. դրամ, առավելագույն ժամկետը` 30 ամիս, գումարած հիպոթեքից օգտվելու հնարավորություն պետական ծառայողների համար: Սկսում ենք 1000 բնակարանով ծրագրից, եթե տեսնենք, որ հետաքրքրությունը մեծ է, կանենք երկրորդ քայլը»,- մանրամասնել է վարչապետը:
Civilnet











