Կենտրոնական բանկի վիճակագրական տվյալների համաձայն՝ 2013-ին հայաստանյան բանկերում ռեզիդենտների վարկային պորտֆելում դոլարային վարկերի մասնաբաժինը կազմել է 62,5%՝ 2 տոկոսային կետով նվազելով նախորդ տարվա ցուցանիշից։ Դոլարային վարկերի նվազման միտումը մասամբ պայմանավորված է բանկերի՝ սպառողական վարկավորման սեգմենտում ակտիվանալու հետ: Դրամի թանկացումը նույնպես բանկերին ստիպել է ակտիվանալ սպառողական վարկերի սեգմենտում:
2013-ին բանկերի վարկային պորտֆելն ընդհանուր առմամբ աճել է 12%-ով կամ 192,6 մլրդ դրամով և դեկտեմբերի վերջին կազմել մոտ 1,8 տրլն դրամ։ Վարկային պորտֆելի 97%-ը բաժին է ընկել ռեզիդենտներին։
Բանկերի վարկային պորտֆելում 2 տոկոսային կետով դոլարիզացիայի նվազումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ 2013-ին դրամային վարկերի պորտֆելի աճը եղել է ավելի արագանցիկ, քան դոլարային վարկերինը։ Դրամային վարկերի պորտֆելի ծավալն անցած տարի ավելացել է 92 մլրդ-ով կամ 17%-ով, իսկ դոլարային վարկերինը՝ 8%-ով կամ 76 մլրդ-ով։
Բանկերի կողմից անցած տարի դրամով տրամադրած վարկերի կեսից ավելին բաժին է ընկել սպառողական վարկերին. պորտֆելն ավելացել է մոտ 25%-ով կամ 55 մլրդ դրամով։ Եթե հաշվի առնենք նաև բանկերի տրամադրած արտարժութային սպառողական վարկերի ծավալը, ապա ստացվում է, որ անցած տարի ռեզիդենտների վարկային պորտֆելի աճի (ավելացել է 168 մլրդ-ով) 42%-ը ապահովել են սպառողական վարկերը։
Սպառողական վարկերի նման աճը նպաստել է նաև առևտրի ոլորտի վարկավորման ծավալների աճին՝ մոտ 10%-ով կամ 31,5 մլրդ-ով։
Բանկերի կողմից սպառողական վարկերին նախապատվություն տալը պայմանավորված է նրանով, որ անցած տարի դրամային ավանդների տոկոսադրույքների աճի պայմաններում սպառողական վարկերը միակ վարկատեսակն էին, որտեղ հնարավոր էր տեղաբաշխել այդ թանկ միջոցները։ Անցած տարի 1 տարուց ավելի դրամային ավանդների միջին տոկոսադրույքը կազմել է 12,3%, իսկ սպառողական վարկերի տոկոսադրույքը հասնում է մինչև 24%-ի։
Սպառողական վարկերի կառուցվածքից երևում է, որ դրանց մոտ կեսը կազմել են քարտային վարկերը, ընդ որում՝ բանկերը գրեթե հավասարաչափ տրամադրել են թե՛ դրամային, թե՛ արտարժութային վարկեր։ Անցած տարի քարտային վարկերի պորտֆելի ավելացումը 1/3-ով (դեկտեմբերի վերջին պորտֆելի ծավալը կազմել է մոտ 130 մլրդ դրամ) սոցիալտնտեսական իրավիճակի արտացոլումն է։ Խնդիրն այն է, որ անցած տարի տեղի է ունեցել բնակչության գնողունակության նվազում՝ 5,6% գնաճի պայմաններում միջին աշխատավարձի աճը կազմել է 4,8%։
Ուշագրավ է, որ անցած տարի արդյունաբերության վարկային պորտֆելը կրճատվել է մոտ 3%-ով։ Դա մի կողմից պայմանավորված է նախորդ տարիներին տրամադրված վարկերի մարումներով, մյուս կողմից՝ տնտեսական իրավիճակից ելնելով՝ տնտեսվարողները չեն շտապել նոր վարկեր վերցնել և ներդրումներ կատարել։
Civilnet











