Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է հանրային տրանսպորտի սակագնի վերանայման հարցով զբաղվող հանձնաժողովի աշխատանքներին և առաջարկում է շահագրգիռ անձանց տրանսպորտի սակագնի վերաբերյալ ներկայացնել այլընտրանքային հաշվարկ հիմնավորումներ:
Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Մոտ վեց ամիս է, ինչ ձևավորվել է հանրային տրանսպորտի սակագնի վերանայման հարցով զբաղվող հանձնաժողովը: Հանձնաժողովի նիստերի ընթացքում արդեն իսկ քննարկվել և հաստատվել են երթուղային ցանցի հիմնական չափորոշիչները, իրականացվել է ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկ, իսկ ներկայումս ընթացքի մեջ է գտնվում ուղևորահոսքի ուսումնասիրությունը:
Ուղևորափոխադրումների գնի ձևավորման համար առանցքային նշանակություն ունեցող հիշյալ հաշվարկը իրականացվել է Երևանի քաղաքապետարանի կողմից: Քննարկումների ընթացքում Հանձնաժողովի որոշ անդամներ առաջարկել են մի քանի այլընտրանքային տարբերակներ, օրինակ՝ վառելիքի և յուղի գների, տրանսպորտային միջոցների լիկվիդացիոն ծախսերի և այլ հաշվարկների վերաբերյալ, սակայն դրանք չեն եղել ամբողջական և հիմնավորված և վերաբերել են միայն ծախսերի առանձին բաղադրիչներին:
Մինչ օրս Հանձնաժողովում ծախսերի այլընտրանքային որևէ ամբողջական հաշվարկ-հիմնավորում չի ներկայացվել, ինչն էլ հետագայում կարող է տրանսպորտի սակագնի փոփոխման պատճառ հանդիսանալ, մինչդեռ որոշ մասնագետներ պնդում են, որ այլ հաշվարկների առկայության դեպքում կարելի է խուսափել բարձր սակագնից:
Գտնվելով Հանձնաժողովի կազմում՝ Պաշտպանի խորհրդականի նպատակն է հետամուտ լինել, որպեսզի քննարկվեն և հաշվի առնվեն սակագնի ձևավորման հնարավոր բոլոր արդյունավետ տարբերակները:
Սակայն, քանի որ Պաշտպանի աշխատակազմը չունի մասնագիտական տնտեսական հաշվարկներ անելու համապատասխան ռեսուրսներ, խնդրում ենք բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպություններին Պաշտպանի աշխատակազմին կամ տրանսպորտի սակագնի վերանայման հանձնաժողովին հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել այլընտրանքային հաշվարկ հիմնավորումներ, որոնք հիմնված կլինեն արդեն իսկ հաստատված չափորոշիչների վրա: Լրացուցիչ աջակցության համար կարող եք կապ հաստատել Պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանի հետ ՝զանգահարելով 53-75-51 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին»:
Երևանի քաղաքապետարանը որոշում էր ընդունել հուլիսի 20-ից բարձրացնել հանրային տրանսպորտի ուղեվարձը՝ 100-ից մինչև 150 դրամ։ Քաղաքացիների զանգվածային դժգոհությունները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ստիպեցին վերանայել որոշումը և վերադառնալ հին ուղեվարձին՝ 100 դրամ:
Civilnet











