Գլխավոր Լրահոս

Բիզնեսի մարտահրավերների դեմ` զրույցով

Բիզնեսի մարտահրավերների դեմ` զրույցով

Անցյալ տարվա նոյեմբերի վերջին Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում նոր նախագիծ մեկնարկեց՝ «CEED Talks» կամ «CEED զրույցներ», որին աջակցում են ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն (CEED) հիմնադրամը:

Նախագծի շրջանակում փորձառու և հաջողակ ձեռներեցներն ու ղեկավարները ներկայացնում են բիզնեսին հատուկ դեպքերի ուսումնասիրություններ և քննարկում մասնակիցների հետ բիզնեսի մարտահրավերները, ինչպիսիք են կորպորատիվ մշակույթի և թիմի ձևավորումը, գաղափարից ավարտուն ապրանք ստանալու ուղին, նորարարությունն ու կայունությունը:

«Կոնվերս Բանկի» խորհրդի անդամ Րաֆֆի Քասարջյանը խոսում է գաղափարների ռազմավարության մասին․ «Մարդիկ, ովքեր ցանկանում են ներդրում կատարել նորաստեղծ ընկերությունների մեջ, ունեն երկու հիմնական գործոն` թիմ և գաղափար: Այդ երկու գործոններից ավելի շատ կշիռ են դնում թիմի վրա, քանի որ մտածում են, որ եթե լավ թիմ չկա, ապա շատ դժվար կլինի գաղափարը իրականացնել: Սակայն ես ցանկանում եմ բանաձևի մյուս կողմի մասին էլ խոսել. նույնիսկ եթե ունեք աշխարհի լավագույն թիմը, եթե գաղափարը լավը չի և չի համապատասխանում շուկայի պահանջներին, ապա այդ թիմը նույնիսկ դժվարություն կունենա այդ գաղափարը իրականացնել և հաջողել»:

Իսկ «Ռադիո Վան» ընկերության տնօրեն Շուշանիկ Արևշատյանը, որը Հայաստանում ղեկավարում է երկու ռադիոկայան, ներկայացնում է, թե ինչպես է իրեն հաջողվել ստեղծել արդյունավետ թիմ երկու մրցակից թիմերից: «1998-ին ես ստեղծեցի «Ռադիո Վանը», իսկ 2000-ին ստեղծվեց «Ռուսկոյե Ռադիո Երևանը», որը մեր մեծ մրցակիցն էր: 2007-2008 թթ. ինձ առաջարկեցին գնել «Ռուսկոյե Ռադիոն», և ես գնեցի: Իմ առջև կանգնեց շատ բարդ խնդիր` երկու մրցակից թիմեր, որոնք ութ տարվա ընթացքում մրցակցել են, և ես պետք է այդ երկու թիմից ստանայի մեկ թիմ»,- ասում է Արևշատյանը՝ հավելելով, որ առաջինը սկսել է վերլուծությունից, թե ինչով են տարբերվում այդ թիմերը:

Րաֆֆի Նիզիբլյանն էլ խոսում է  իր հմտությունների և հանգրվանների մասին, որոնք թույլ են տվել իրեն ձեռք բերել գիտելիքներ ու հմտություններ: «Փոքր ժամանակվանից ես ցանկացել եմ անել այնպիսի բան, որը հետաքրքրում է ինձ, բայց նաև ազդում է իմ շրջապատի վրա, այսինքն` չլինի միայն ինձ համար: Ես սկսել եմ աշխատել 12 տարեկանից: Վաղ առավոտյան ես թերթեր էի բաժանում, և շատ դժվար էր շատ շուտ արթնանալ: Սակայն այդ աշխատանքի արդյունքում ես սովորեցի համառություն»,- ասում է նա՝ ներկայացնելով նաև այն մյուս աշխատանքները, որոնք հնարավորություն են տվել ձեռք բերել այլ հմտություններ:

X-TECH ընկերության տնօրեն Արմեն Աթոյանը ներկայացնում է իրենց բիզնեսը, որ լինելով փոքր ընկերություն, ինչպես են կարողացել լուծել մեծ խնդիրներ: «Կարևոր է ընկերության բրենդավորումը: Մենք փորձում ենք անել ամենը, որպեսզի մարդիկ ճանաչեն մեզ որպես ընկերություն, որը մատուցում է IT ծառայություններ: Այսօր մենք հասել ենք նրան, որ մարդիկ ճանաչում են մեզ, և այդ ամենը գալիս է նրանից, որ մենք հինգ տարի աշխատել ենք ակտիվ պահել և խոսել այն ամենի մասին, ինչը մենք անում ենք»,- ասում է նա:

«CEED զրույցների» տեսանկարահանումն ապահովել է ՍիվիլՆեթը: Դրանք արդեն զետեղված են առցանց: Զրույցներով հանդես են եկել Վահագն Պողոսյանը, Ստեփան Խզրթյանը, Րաֆֆի Նիզիբլյանը, Շուշանիկ Արևշատյանը, Րաֆֆի Քասարջյանը, Գևորգ Սաֆարյանը, Արսեն Գևորգյանը, Արման Աթյանը և Անի Հարությունյանը:    

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում