Տեխնիկական խնդիրների պատճառով գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական տուգանքներ կարող են ստանալ նաև որոշ վարորդներ, որոնք բարեխղճորեն կնքել են դրանք։
Հայաստանում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» (ԱՊՊԱ) օրենքն սկսել է գործել 2011-ից։ 2010թ. մայիսին ընդունված այս օրենքում հստակ ամրագրված է, որ պետք է ստեղծվի ԱՊՊԱ պայմանագրերի տեղեկատվական համակարգ։ Այն սկսել է ձևավորվել միայն 2013թ., ընդ որում, լուրջ թերացումներով։ Ավտոապահովագրողների բյուրոն ԱՊՊԱ համակարգի բնականոն գործունեությունը երաշխավորելու համար այս ընթացքում պետք է իրականացներ անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը և ապահովեր դրա մատչելիությունը տեղեկատվական համակարգից օգտվողների, այդ թվում՝ Ճանապարհային ոստիկանության համար։
2012թ., երբ կառավարությունը Ազգային Ժողով ներկայացրեց «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթը, արդեն իսկ պարզ էր, որ առաջիկայում դադարեցվելու է ԱՊՊԱ կտրոնների տրամադրումը և վերացվելու է այն մեքենաների դիմապակուն փակցնելու պարտադիր պահանջը։ ԱԺ-ի կողմից փոփոխություններն ընդունվեցին անցած տարի. ըստ այդմ՝ 2014թ. հունվարի 1-ից այլևս չէին տրամադրվելու ԱՊՊԱ կտրոններ։
Բյուրոն և Ճանապարհային ոստիկանությունը նախապատրաստվելու ժամանակ ունեին սկսած 2013թ. հուլիսից (փոփոխություններն ընդունվեցին հունիսի 19-ին), քանի որ հունվարի 1-ից ԱՊՊԱ պայմանագի չունենալու համար տուգանքները պետք է նշանակվեին ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում և Ճանապարհային ոստիկանության շտեմարաններում առկա տեղեկատվության համադրության միջոցով։
Ավտոապահովագրողների բյուրոն, սակայն, փետրվարի 7-ին հաղորդագրություն է տարածել, որտեղ բացահայտում է, որ տեխնիկական խնդիրների պատճառով, հնարավոր է, գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական ակտեր (տուգանքներ) ստանան նաև որոշ սպառողներ, որոնք բարեխղճորեն կնքել են ԱՊՊԱ պայմանագիր։
Իհարկե, Բյուրոն թյուրիմացաբար վարչական ակտեր ստացող քաղաքացիներին խնդրում է առաջացած հարցերի պարզաբանման համար դիմել կա՛մ ճանապարհային ոստիկանություն, կա՛մ Բյուրո, սակայն, ըստ էության, պատկան կառույցների թերացումներից տուժելու են քաղաքացիները։ Եվ սա այն դեպքում, երբ Բյուրոյի և Ճանապարհային ոստիկանության տեղեկատվական համակարգերի սինքրոնացման, տեխնիկական խնդիրների լուծման համար առկա էր բավարար ժամանակ։
Տուգանքի չափը նույնպես զգալի է՝ պայմանագիր չունենալու յուրաքանչյուր տասն օրվա համար նշանակվում է 5 հազ. դրամ, իսկ առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար՝ 100 հազ. դրամ տուգանք:
Civilnet











