Ռուսական Logos Film Company ընկերությունը ֆիլմ է նկարահանում խորհրդային չեմպիոն, լեգենդար լողորդ Շավարշ Կարապետյանի մասին, որը Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսից մարդկանց է փրկել: Ընկերության պաշտոնական կայքի հաղորդմամբ` ֆիլմը ստացել է «20 կյանք» անվանումը` փրկված մարդկանց թվով:
1976թ. սեպտեմբերին բազմակի ռեկորդակիր և աշխարհի չեմպիոն Կարապետյանը Երևանյան լճի մոտ վազք կատարելիս նկատում է կամրջից լիճն ընկնող տրոլեյբուսը։ Նա անմիջապես կազմակերպում է ուղևորների փրկությունը և դուրս բերում նրանց մեծ մասին։
Ներկայում ֆիլմի նախագիծը մշակման փուլում է։ Հայտնի է, որ այն կնկարահանվի դրամայի ժանրում, և պրոդյուսերներն են Սվետլանա Դալին և Օլգա Սինելշչիկովան։
Ժապավենը կպատմի նաև Կարապետյանի հերոսության հետևանքների մասին. մարզիկն ավելի քան մեկ ամիս անցկացրել է հիվանդանոցում, և սպառնալիքի տակ է եղել նրա սպորտ վերադառնալը։ Սակայն նա կարողացել է հաղթահարել դժվարությունները և ևս մեկ ռեկորդ սահմանել։
60-ամյա Կարապետյանը աշխարհի 11-ակի ռեկորդակիր է, 17-ակի աշխարհի չեմպիոն, 13-ակի Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ 7-ակի չեմպիոն: Նրա մասին նկարահանված է մի քանի վավերագրական ֆիլմ:
Civilnet











