Բանկային համակարգում նվազում են եկամուտները։
Ֆինանսական վիճակի վատթարացման պայմաններում բանկերի վճարած հարկերի ծավալն անցյալ տարի աճել է 26,3%-ով։ Բանկային համակարգում տեղի է ունեցել նաև վարկային պորտֆելի որակի վատթարացում՝ կրկնապատկվել է ժամկետանց վարկերի ծավալը։
Հայաստանի 22 բանկերի կողմից անցած տարի պետբյուջե է վճարվել ընդհանուր առմամբ 37,8 մլրդ դրամ, ինչն անցած տարվա համեմատ ավելի է 26,3%-ով։ Բանկերի կողմից վճարված հարկերը կազմել են անցած տարի պետբյուջե մուտքագրված հարկերի 3,7%-ը։ 2012թ. այս ցուցանիշը 3,4% էր։
Ընդհանուր հարկերում բանկերի մասնաբաժնի ավելացումը դեռ չի նշանակում, որ 2013-ին նրանց գործերն ավելի լավ են եղել քան 2012-ին, պարզապես ի տարբերություն այլ ոլորտների, բանկերն աշխատում են թափանցիկ։ Բանկերի վճարած հարկերի ավելի քան 90%-ը ուղղակի հարկերն են (շահութահարկ և եկամտային հարկ), որը բյուջեի ուղղակի հարկերի մոտ 10%-ն է։
Բանկերի կողմից վճարված հարկերի ծավալի աճն ավելի շատ պայմանավորված է օրենսդրությամբ։ 2013թ. ուժի մեջ է մտել «Եկամտային հարկի մասին» օրենքը, ըստ որի, նախկինում վճարվող եկամտահարկի և պարտադիր սոցվճարների փոխարեն այժմ վճարվում է միասնական՝ եկամտային հարկ։ Արդյունքում որոշակիորեն ավելացել է հարկային բեռը՝ 100 հազ. դրամ աշխատավարձի դեպքում՝ 775 դրամով։ Բանկային համակարգում միջին աշխատավարձը կազմում է 352 հազ. դրամ։
Բանկերն անցած տարի նաև կանխավճարներ են վճարել։ Ըստ «Շահութահարկի մասին» օրենքի՝ կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի 18,75%-ի չափով՝ յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ։ Պարզ ասած՝ բանկերի վճարած շահութահարկի ծավալը հաշվարկվել է հիմք ընդունելով 2012թ. շահույթի մակարդակը, որը կազմել է 42,7 մլրդ դրամ։ Անցած տարի բանկերի շահույթը համեմատաբար ցածր է եղել՝ 38 մլրդ դրամ՝ 2012թ. համեմատ կրճատվելով 11%-ով։
Այս պայմաններում տեղի է ունեցել բանկերի արդյունավետության ցուցանիշների նվազում։ 2013թ. բանկերի երկարաձգված վարկերի ծավալն ընդհանուր վարկային պորտֆելում կազմել է 5,43%, 2012թ. վերջին ցուցանիշը 3,42% էր, ժամկետանց վարկերի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է ավելի քան երկու անգամ՝ կազմելով 1,2%։
Բանկային համակարգում 2013-ին նվազել է նաև կապիտալի եկամտաբերության մակարդակը (ROE), կազմելով 8%՝ 2012թ. 11,22 %-ի փոխարեն, ակտիվների շահութաբերության մակարդակը (ROA) եղել է 1,3%՝ 2012թ. 1,92%-ի դիմաց: Հաշվի առնելով, որ Հայաստանում ավանդների միջին տոկոսադրույքը կազմում է 12,5%, ապա բանկերի ROE-ն պետք է դրանից բարձր լինի։
Բանկային համակարգում նվազում են եկամուտները։
Civilnet











