Գլխավոր Լրահոս

Վիճակագիրները կորցրել են ներկրված շաքարը

Վիճակագիրները կորցրել են ներկրված շաքարը

Շաքարը Հայաստան ներկրվում է որպես «շաքարի-հումք», զրոյական մաքսատուրքով, հետագայում ներկայացվում որպես տեղական արտադրություն։

Պետական եկամուտների կոմիտեի «ՀՀ արտաքին առևտուրն ԱՏԳ ԱԱ-ի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) ապրանքախմբերով 2012-2013 թթ.» հրապարակման համաձայն, 2013թ. Հայաստան ներկրվել է 79,77 հազ. տոննա շաքար։ Ներկրումը գրեթե ամբողջությամբ իրականացվել է Բրազիլիայից։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության «Վիճակագրական տեղեկատվության սպառողների կողմից հիմնականում հայցվող 25 ապրանքատեսակների ռեսուրսները» հրապարակման՝ Հայաստան անցած տարի ներկրվել է ընդամենը 4,85 հազ. տոննա շաքար, ինչը Մաքսային ծառայության կողմից ներկայացված ցուցանիշից պակաս է ավելի քան 16 անգամ։

Թե ինչով է պայմանավորված ԱՎԾ-ի կողմից նվազեցված ցուցանիշը, անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ վիճակագիրների համար արտաքին առևտրի հաշվարկման համար տվյալների աղբյուր է հանդիսանում մաքսային վիճակագրությունը։

Չի բացառվում, որ ներկրված շաքարը վիճակագրությունում արձանագրվել է որպես տեղական արտադրություն, հատկապես, երբ ներկրող ու արտադրող ընկերությունները փոխկապակցված են նույն գործարարի՝ Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալների համաձայն (2013թ. դեկտեմբերի 3-ի դրությամբ) շաքարավազի շուկայի 99,8%-ը կենտրոնացված է «Ալեքս Գրիգ» ընկերության ձեռքում (փոխկապակցված է Սամվել Ալեքսանյանի հետ)։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանում շաքարի արտադրությամբ զբաղվում է ԱԺ պատգամավորին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Լուսաստղ-Շուգրը» (Ախուրյանի շաքարի գործարան)։

Ներկրված շաքարը որպես տեղական արտադրություն ներկայացնելն ամենայն հավանականությամբ իրականացվել է հարկերից խուսափելու նպատակով։ Խնդիրն այն է, որ ներկրված շաքարի մաքսատուրքը կազմում է 10%, գանձվում է նաև 20% ԱԱՀ, այնինչ «եղեգնից շաքար-հումքի» մաքսատուրքը հաշվարկվում է 0% դրույքաչափով, եթե այն ներմուծվում են շաքարի արտադրության համար։

Պարզ ասած, շաքարը ներկրվում է որպես շաքարի հումք՝ զրոյական մաքսատուրքով, իսկ հետագայում ներկայացվում որպես տեղական արտադրություն։ «Շաքարը» միայն «շաքարի հումք» ձևակերպելու արդյունքում Սամվել Ալեքսանյանը կարող էր լրացուցիչ $4 մլն եկամուտ ստանալ (չվճարված մաքսատուրքը), պետբյուջեն էլ նույնքան գումարով տուժել։

Մաքսային վիճակագրությունից երևում է, որ անցած տարի Հայաստան ներկրված շաքարի ծավալը նվազել է 3,2%-ով, 1 տոննայի միջին մաքսային արժեքը՝ 18,5%-ով կամ $115-ով՝ 2013թ. կազմելով $507։ Մանրածախ ցանցում շաքարի 1 կգ-ի գինը անցած տարի ըստ ԱՎԾ-ի կազմել է 400 դրամ, ինչը 2012թ. համեմատ պակաս է 12%-ով կամ 54 դրամով։ Իհարկե, մանրածախ ցանցում շաքարի գների նվազումը համահունչ է եղել ներկրված շաքարի գների նվազմանը, այդուհանդերձ, ներկրված գնի (ներառյալ 20% ԱԱՀ-ն) և իրացման գնի տարբերությունը եղել է ավելի քան 65%։

Մաքսային վիճակագրությունից նաև երևում է, որ անցած տարի 2012թ. համեմատ 2,3 անգամ ավելացել է Հայաստանից արտահանված շաքարի ծավալը՝ կազմելով մոտ 900 տոննա։ 1 տոննայի մաքսային արժեքը եղել է $617։ Շաքարավազը ամբողջությամբ արտահանվել է Վրաստան։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում