Անցած տարի Հայաստան ներկված ավտոմեքենաների թիվն ավելացել է 18,5%-ով՝ կազմելով 41,1 հազ.։
Անցած տարի շարունակվել է Հայաստան հին ավտոմեքենաների ներկրումը։ Ներկված ավտոմեքենաների թիվն ավելացել է 18,5%-ով՝ կազմելով 41,1 հազ., մինչև $5 հազ. մաքսային արժեք ունեցող մեքենաների թիվն ավելացել է 23%-ով՝ մինչև 25,3 հազ.։ Փաստացի, անցած տարի ներկրված ավտոմեքենաների 61,5%-ի մաքսային արժեքը չի գերազանցել $5 հազ-ը։ Համեմատության համար՝ 2012-ին էժան և հին ավտոմեքենաների մասնաբաժինը ընդհանուր ներկրումներում կազմում էր 59,4%, 2011-ին՝ 54,3%, 2010-ին՝ 45%։
Ընդհանուր ներկրումներում էժան ավտոմեքենաների մասնաբաժնի ավելացումը նաև հանգեցրել է բյուջե հարկային մուտքերի տեմպի նվազմանը։ Այսպես, ներկրման 18,5% աճի պայմաններում գանձված մաքսատուրքի ծավալն ավելացել է 11,5%-ով՝ 2013թ. կազմելով մոտ 42 մլրդ դրամ։ Անցած տարի մեկ մեքենայից գանձված միջին գումարը կազմել է 1,02 մլն դրամ, 2012թ. 1,085 մլն դրամի դիմաց։ Գանձման միջին գումարը փաստացի նվազել է մոտ 6%-ով։
Հին ավտոմեքենաների ներհոսքը պայմանավորված է նրանով, որ Հայաստանում ավտոմեքենայի մաքսազերծման ժամանակ հաշվի է առնվում միայն տարեթիվն ու շարժիչի հզորությունը, և ոչ թե մաշվածության աստիճանը։ Ըստ մաքսային կարգերի՝ մինչև 5 տարեկան մեքենաների մաքսազերծման գումարը կազմում է մեքենայի արժեքի 32%-ը, մինչև 10 տարվա մեքենաներինը՝ 34%-ը, 11-15 տարվա մեքենաներինը՝ 42%-ը, 15 տարուց ավելի մեքենաներինը՝ 52%-ը։ Բացի այդ, մաքսազերծման ժամանակ Մաքսային ծառայություն աշխատակիցները հիմք են ընդունում ոչ թե փաստաթղթերով ներկայացվող մաքսային արժեքը, այլ առաջնորդվում են կողմնորոշիչ գներով, որոնք ավելի բարձր են։
Ի դեպ հին մեքենաների ներկրումը կարող է կտրուկ նվազել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո։ Մաքսային միությունում միասնական մաքսատուրքը, օրինակ, 1,5-1,8 հազ. խսմ շարժիչի ծավալ և յոթ տարուց ավելի արտադրության տարիք ունեցող ավտոմեքենաների համար 1 խսմ-ի համար կազմում է 1,6 եվրո։ Պարզ ասած, Հայաստանում տարածված ու յոթից ավելի արտադրության տարիք ունեցող Opel Astra-ի (շարժիչի հզորությունը 1,6 հազ. խսմ) մաքսատուրքը կկազմի €2560 (մոտ $3,6 հազ.), այնինչ այս ավտոմեքենայի մաքսատուրքը ներկայում նրա մաքսային արժեքի 10%-ի չափով է, ինչը գումարային արտահայտությամբ կազմում է $600-$1000։
Civilnet











