Հայաստանում գումարների «դուրսբերումը» բավական տարածված երևույթ է, հատկապես հանքարդյունաբերության ոլորտում։
Կառավարությունը 2013թ. հունվարին Ազգային Ժողով էր ներկայացրել «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագիծը. այն փետրվարի վերջին արգելափակվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, ապա առաջարկվեց մեկ տարով հետաձգել նախագծի ընդգրկումը հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգ։ Որն էր նման որոշման պատճառը, այդպես էլ անհայտ մնաց. «նախագծի պատմություն» բաժնում ևս որևէ բան այս մասին չի ասվում։
Կառավարությունում որոշել են կրկին շրջանառության մեջ դնել այս փաստաթուղթը. «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակը ներկայացվել է փետրվարի 13-ի կառավարության նիստի հաստատմանը։
Տրանսֆերային գնագոյացումը փոխկապակցված անձանց միջև ապրանքների և ծառայությունների իրացումն է շուկայականից տարբերվող գներով։ Պարզ ասած՝ այս սխեման հնարավորություն է տալիս վերաբաշխել ընդհանուր խմբի եկամուտները հօգուտ այն ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում թեթև հարկային բեռով երկրներում, մասնավորապես օֆշորներում։
Օրինակ՝ հայաստանյան ընկերությունը բավական ցածր գներով իր արտադրանքը վաճառում է օֆշորում գրանցված և իր հետ փոխկապակցված ընկերությանը, վերջինս այն վերավաճառում է, իսկ հիմնական գումարները մնում են օֆշորային ընկերությանը։ Այս սխեմայով ընկերությունները պարզապես խուսափում էին շահութահարկից, որը Հայաստանում կազմում է 20%։
Հայաստանում գումարների «դուրսբերումը» բավական տարածված երևույթ է, հատկապես հանքարդյունաբերության ոլորտում։ Այսպես, օրինակ, ֆերոմոլիբդենի և մաքուր մոլիբդենի ջարդոնի արտադրությամբ զբաղվող «Մաքուր երկաթ գործարան» ընկերությունը, ըստ ֆինանսական հաշվետվության, մոլիբդենը վաճառում է Շվեյցարիայում գրանցված «Քրոնիմետ Մեթլ Թրեյդինգ» (CRONIMET Metal Trading) ընկերությանը, մոլիբդենի բրիկետները՝ գերմանական «Քրոնիմետ ֆերրոլեգ» ընկերությանը (Cronimet Ferroleg GmBH)։ Ընկերության ֆինանսական հաշվետվությունից երևում է, որ «Մաքուր երկաթ գործարանի» բաժնետոմսերի 50,58%-ը պատկանում է «Քրոնիմետ Մեթլ Թրեյդինգ»-ին։
Հանքարդյունաբերական մյուս ընկերություններում ևս գործում են նման սխեմաներ, պարզապես այդ ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները հրապարակային չեն։ Ընդ որում, Հայաստանից արտահանվող մետաղների գներն էապես տարբերվում են միջազգային գնանշումներից։ Բացի այդ, Հայաստանի տնտեսությունում անկախությունից հետո օտարերկրյա ներդրումների մոտ 5%-ը կատարվել է օֆշորային գոտիներից։ Մասնավորապես՝ Կիպրոսից կատարվել է ավելի քան $180 մլն-ի, Շվեյցարիայից՝ $108 մլն-ի, Լյուքսեմբուրգից՝ $1 մլն-ի, Լիխտենշտեյնից՝ $56 մլն-ի, Վիրջինյան Կղզիներից՝ $55 մլն-ի ներդրում։
Կառավարության կողմից լրամշակված օրենքի նախագիծն ավելի մեղմ է, քան 2013թ. տարբերակը։ Նախագծի սկզբնական տարբերակում հստակ նշված էր, որ եթե հարկ վճարողի վերահսկվող գործարքների ընդհանուր գումարը հաշվետու տարվա ընթացքում գերազանցում է 200 մլն դրամը, ապա հարկ վճարողը պարտավոր է վերահսկվող գործարքների մասին հաշվետվություն ներկայացնել լիազոր մարմիններին։
Ներկայում գործարքի գումարային պահանջը փոխարինվել է քանակայինով։ Նշված է, որ եթե հարկ վճարողը հանդիսացել է մեկ կամ մի քանի վերահսկվող գործարքի կողմ, ապա պարտավոր է լրացնել և լիազոր մարմին ներկայացնել գործարքների վերաբերյալ հայտարարություն: Թի ինչ է իրենից ներկայացնելու այդ հայտարարությունը և ինչպիսի տեղեկատվություն է այն ներառելու, պետք է սահմանի լիազոր մարմինը, այսինքն՝ Պետական եկամուտների կոմիտեն։
Կառավարության մյուս ակնհայտ նահանջը հաշվետվությունների չներկայացման կամ թերի ներկայացման համար պատասխանատվության ենթարկելն է։ Եթե նախկին տարբերակում վերահսկվող գործարքների մասին հաշվետվություն չներկայացնելու կամ թերի հաշվետվություն ներկայացնելու համար տնտեսվարողի նկատմամբ նախատեսվում էր տուգանք 200 հազ. դրամի չափով, ապա լրամշակված տարբերակում որևէ պատասխանատվություն նախատեսված չէ։
Civilnet











