Կենտրոնական բանկն անցած տարվա չորրորդ եռամսյակում արձանագրել է գործարար ակտիվության և գործարար միջավայրի ցուցանիշների որոշակի վատթարացում։
Կենտրոնական բանկն անցած տարվա չորրորդ եռամսյակում արձանագրել է գործարար ակտիվության և գործարար միջավայրի ցուցանիշների որոշակի վատթարացում։ Նման միտում արձանագրվել է նաև անցած ամբողջ տարվա կտրվածքով, իսկ չորրորդ եռամսյակի գործարար ակտիվության ցուցանիշը՝ 50,1 կետ, ամենացածրն է եղել 2010թ. ի վեր։
Կենտրոնական բանկի՝ հայաստանյան կազմակերպությունների շրջանում անցկացված հարցումների հիման վրա 0-100 բալանոց սանդղակով հաշվարկվող թե՛ գործարար ակտիվության (50,1 կետ,) և թե՛ գործարար միջավայրի ցուցանիշը (50,9 կետ) գտնվել է կայունության միջակայքում։ Ըստ ԿԲ-ի մեթոդաբանության՝ 0 արժեքը խոսում է այն մասին, որ հարցման բոլոր մասնակիցները նշել են նվազում, 100 արժեքը՝ աճ, 50 արժեքը՝ կայուն վիճակ (որպես կայուն մակարդակ ընդունվում է արժեքի տատանումը 45-55 միջակայքում)։
Գործարար միջավայրի փաստացի արժեքը հաշվարկվել է ընթացիկ, իսկ սպասման արժեքը՝ գալիք եռամսյակներում ընկերության տնտեսական վիճակի վերաբերյալ կազմակերպությունների սպասումների սեզոնային հարթեցված պատասխանների հիման վրա։ Հարցված կազմակերպությունների պատասխանների հաշվեկշիռները, համաձայն մեթոդաբանության, թույլ են տալիս պատկերացում կազմել տնտեսության ընդհանուր միտումների վերաբերյալ։
Գործարար ակտիվության և գործարար միջավայրի ցուցանիշների հաշվարկման նպատակով ԿԲ-ի կողմից հարցված 941 կազմակերպություններից չորրորդ եռամսյակում ներդրում է կատարել 23,1%-ը. երրորդ եռամսյակում հարցվածների 19,8%-ն էր պատրաստակամություն հայտնել ներդրումներ կատարել չորրորդ եռամսյակում։
Այդուհանդերձ, մտահոգիչ են այս տարվա առաջին եռամսյակի համար կանխատեսվող ցուցանիշները։ Տնտեսության չորս հիմնական ոլորտներում գործունեության ծավալող կազմակերպությունների շրջանում ավելացել է հոռետեսությունը։
Այսպես, 2013թ. չորրորդ եռամսյակում արդյունաբերության ոլորտի կազմակերպություններից 32%-ն է իրականում ներդրումներ կատարել, 2014թ. առաջին եռամսյակում ներդրումներ պատրաստվում է կատարել 27%-ը։
Շինարարության ոլորտում ներդրում է պատրաստվում իրականացնել կազմակերպությունների մոտ 11%-ը (2013թ. առաջին եռամսյակում ներդրումներ կատարել էին 12,1%-ը, չորրորդում՝ 17,8%-ը), ծառայությունների ոլորտում՝ 15%-ը (2013թ. առաջին եռամսյակում ներդրումներ կատարել էին 19,3%-ը, չորրորդում՝ 15,3%-ը)։
Առևտրի ոլորտում այս տարվա առաջին եռամսյակում ներդրումներ են պատրաստվում կատարել կազմակերպությունների 20,8%-ը, այն դեպքում, երբ 2013թ. նույն ժամանակահատվածում ներդրումներ էին կատարել 21,4%-ը, չորրորդում՝ 24,8%-ը։
Այս տարվա առաջին եռամսյակում ներդրումներ կատարելու պատրաստակամություն հայտնած կազմակերպությունների թվի նվազումը պայմանավորված է նրանով, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ որպես ընդլայնմանը խոչընդոտող առաջին գործոն տնտեսվարողները նշում են ներքին պահանջարկի կրճատումը։ Հիմնական խոչընդոտների եռյակում է նաև հարկային օրենսդրությունն ու ներքին մրցակցությունը։
Ներդրումների համար այս եռամսյակում հիմնական աղբյուր հանդիսանալու է կուտակված շահույթը (46%), ինչն առավել ցայտուն դրսևորվել է շինարարության (67%) և ծառայությունների ոլորտում (55%): Արդյունաբերության (43%) և առևտրի (54%) ոլորտի կազմակերպությունների համար արդեն երկու եռամսյակ շարունակ ներդրումների հիմնական աղբյուր են տեղական բանկերից և վարկային կազմակերպություններից ստացվող վարկերը։
Civilnet











