«Նաիրիտ» գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք հարկադիր պարապուրդի մեջ են, փետրվարի 12-ին` ժամը 14:00-ից բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրողը, ցուցարարները պահանջում են վճարել 15 ամսվա աշխատավարձերը և իրենց ներկայացնել գործարանի վերագործարկման և աշխատակիցներին աշխատանքով ապահովելու ժամանակացույցը:
Աշխատակիցների բանավոր պահանջը ներկայացրել է «Կամք» քաղաքացիական շարժման հիմնադիր Արտաշես Ավետիսյանը: Ցուցարարներին է մոտեցել կառավարության աշխատակազմի դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, որն առաջարկել է միասին գնալ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ու խնդիրը քննարկել նախարար Արմեն Մովսիսյանի հետ: Այս հայտարարությունը զայրացրել է նաիրիտցիներին, քանի որ վերջինի հետ նրանք մի շարք հանդիպումներ են ունեցել, որոնք «կոնկրետ արդյունքի չեն հանգեցրել»:
Ակցիայի մասնակիցների խոսքով` այն, որ գործարանը դադարեցրել է իր գործունեությունը, եղել է «Սերժ և Տիգրան Սարգսյանների ու վերջինիս եղբոր պատճառով»: Նրանք նաև նշել են, թե կասկածներ ունեն, որ տեղի է ունեցել փողերի լվացում: Կառավարության աշխատակազմի ներկայացուցիչը ստպված է եղել հեռանալ, քանի որ քիմիական հսկայի աշխատակիցները հանդիպում էին պահանջում միայն վարչապետի հետ:
Ցուցարարները շարունակում են մնալ կառավարության շենքի դիմաց` նշելով, որ պատրաստ են ամեն օր գալ այստեղ` մինչև հաջողվի հանդիպել Տիգրան Սարգսյանի հետ:
«Նաիրիտում» աշխատավարձերը վճարվում են երկու ամիսը մեկ, իսկ գործարանի մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդը կազմում է $1 մլն: Գործարանը պարապուրդի է մատնված շուրջ 4 տարի, և օրական կտրվածքով նույնիսկ չաշխատելու դեպքում կուտակում է 30 մլն դրամի պարտք:
«2010թ. մայիսի 4-ին Չինաստանում բացվեց «Շանսի-Նաիրիտ»-ը, հայկական կողմի 40 տոկոս մասնաբաժնով, որտեղ բացման արարողությանը ներկա էր Սերժ Սարգսյանը: 2013թ. դրությամբ «Շանսի-Նաիրիտ»-ը արտադրում է 40 մլն դոլարի քլորոպրենային կաուչուկ, և դա ընդամենը 9 ամսվա ընթացքում: Ստացվում է՝ հայկական կողմի մասնաբաժինը 16 000 000 մլն դոլար է»,- մասնավորապես ասված է նաիրիտցիների ավելի վաղ տարածած գրավոր պահանջում:
Քիմիական հսկայի աշխատակիցները պարբերաբար ցույցեր են կազմակերպում` աշխատավարձի վճարման պահանջով, որից հետո սովորաբար նրանց վճարվում է մեկ ամսվա աշխատավարձ:
Civilnet











