«Նաիրիտ» գործարանի շուրջ 200 աշխատակիցներ Բաղրամյան 26-ում են. նրանք պահանջում են վճարել 15 ամսվա աշխատավարձերը և իրենց ներկայացնել գործարանի վերագործարկման և աշխատակիցներին աշխատանքով ապահովելու ժամանակացույցը:
Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրողը, ցուցարարների մի խումբ հանդիպել է նախագահի աշխատակազմի ներկայացուցչի հետ և ներկայացրել իր պահանջները: Նաիրիտցիները սակայն նշում են, որ իրենց «հարկավոր չէ մեկ ամսվա աշխատավարձ, և իրենց պահանջներն այլ են»: Այս պահին քիմիական հսկայի աշխատակիցները սպասում են նախագահականից պատասխանի:
«Նաիրիտի» մի քանի հարյուր աշխատակիցների (որոնք հարկադիր պարապուրդի մեջ են) բողոքի ակցիան մեկնարկել է ժամը 14:00-ին կառավարության շենքի դիմաց: Ցուցարարներն ի սկզբանե պահանջում էին հանդիպում վարչապետի հետ, սակայն նրանց առաջարկվել էր խորհրդակցություն էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ: Վերջինս նրանց խոստացել էր մինչև փետրվարի 15-20-ը վճարել մեկ ամսվա աշխատավարձ: Նաիրիտցիներին սակայն չէր բավարարել այս պատասխանը, ուստի նրանք շարժվել էին նախագահական:
«Նաիրիտում» աշխատավարձերը վճարվում են երկու ամիսը մեկ, իսկ գործարանի մեկ ամսվա աշխատավարձային ֆոնդը կազմում է $1 մլն: Գործարանը պարապուրդի է մատնված շուրջ 4 տարի, և օրական կտրվածքով նույնիսկ չաշխատելու դեպքում կուտակում է 30 մլն դրամի պարտք:
Քիմիական հսկայի աշխատակիցները պարբերաբար ցույցեր են կազմակերպում` աշխատավարձի վճարման պահանջով, որից հետո սովորաբար նրանց վճարվում է մեկ ամսվա աշխատավարձ:
Civilnet











