Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վահան Բադասյանը նախաձեռնում է ստորագրահավաք` Արցախի գազալցակայաններում գազի գինն իջեցնելու նպատակով: ՍիվիլՆեթի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը և ԼՂՀ-ն գազը նույն գնով են գնում «ՀայՌուսգազարդ» ընկերությունից, սակայն Արցախում` Հայաստանի համեմատ, գազը կրկնակի «թանկ և անորակ է ստացվում»:
«Եթե Հայաստանում միևնույն ծավալով գազ լիցքավորած վարորդը վարում է 200 կմ, ապա Արցախում այս ցուցանիշը կազմում է 150 կմ»,- նշեց Բադասյանը` հավելելով, որ Արցախի գազալցակայաններում գազի 1 խմ-ի գինը մոտ 290 դրամ է, մինչդեռ Հայաստանում գինը տատանվում է 170-200 դրամի միջակայքում:
Արցախցի պատգամավորի խոսքով` ինքը չորս տարի շարունակ բարձրացրել է այս խնդիրը, սակայն իր «հարցերին սպառիչ պատասխաններ չեն տրվել, և կառավարությունը քայլեր չի ձեռնարկել իրավիճակը շտկելու համար»:
«Ստեփանակերտում գազալցակայանները գերշնորհներ են, իսկ շրջաններում` մենաշնորհներ»,- ասաց Բադասյանը` հավելելով, որ գազալցակայանների սեփականատերերը «սերտ կապեր ունեն իշխանությունների հետ և բնակչության հաշվին գերշահույթ են ստանում»:
Ստորագրահավաքը կմեկնարկի փետրվարի 13-ին: Վահան Բադասյանն ակնկալում է խնդրով մտահոգ վարորդների և բնակչության այլ խավերի ակտիվ մասնակցությունը:
Civilnet











