Գլխավոր Լրահոս

Կառավարության հրաժարականի պահանջն անհասկանալի է. Աշոտյան

Կառավարության հրաժարականի պահանջն անհասկանալի է. Աշոտյան

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի` «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», Հայ ազգային կոնգրես և Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունների ներկայացուցիչների կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի շուրջ գործընթաց սկսելու քննարկումն այդքան էլ հասկանալի չէ Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համար։ Փետրվարի 13-ին կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Աշոտյանն ասաց, որ հաջորդ կառավարությունը նույնպես պետք է ձևավորի խորհրդարանի մեծամասնությունը՝ Հանրապետական կուսակցությունն ու «Օրինաց երկիրը»։

«Եթե ոչ իշխանական ուժերը ցանկանում են իշխանության ներսում ինչ-որ խնդիրներ լուծել, ապա դա ուրիշ հարց է: Այս դեպքում նրանք համագործակցում են իշխանության հետ, և այդ դեպքում, ցավոք, պետք է արձանագրենք, որ մենք չունենք ընդդիմություն։ Եթե այդպես չէ, ապա անհասկանալի է գործընթացի քաղաքական տրամաբանությունը, քանի որ, եթե այդ ուժերը ցույց տալու բան ունեն իրենց ընտրազանգվածին կամ փորձում են հեծել սոցիալական շարժումները և դրանք դարձնել իրենցը, ապա վստահ եմ, որ քաղաքացիական հասարակության ինստիտուտները թույլ չեն տալու, որ որևէ մեկի քաղաքական դրոշը ծածանվի ակտիվ քաղաքացիների սահմանադրական իրավունքների հրապարակային բանեցման վրա»,- ասաց Աշոտյանը` հռետորական հարցադրում անելով, թե հնարավոր է արդյոք, որ այդ քաղաքական ուժերից մեկը ցանկանում է վերադառնալ իշխանական կոալիցիա, բայց դրան խոչընդոտում է Տիգրան Սարգսյանի անհատական կերպարը։

Հարցին, թե ինչ պետք է անի կառավարությունը, որը չի կատարել նախագահի երկու հանձնարարականները, այն է` ապահովել 7% տնտեսական աճ և աշխատավարձերի  առաջանցիկ աճ գնաճից, Աշոտյանն ասաց, որ նախագահի մամուլի խոսնակը սպառիչ պատասխանել է այդ հարցադրմանը` պնդելով, որ մինչև մարտ նման տեսակի վերլուծություն ունենալուց և ֆինանսատնտեսական տարին ամփոփելուց հետո հարցին հրապարակային անդրադարձ կկատարի հենց նախագահի աշխատակազմը։

«Քաղաքական գնահատականը շատ հստակ է։ Եթե աճի համապատասխան տեմպերի` ոչ բավարար լինելու հիմքերում հստակ օբյեկտիվ պատճառներ են դրված, ապա ակնհայտ է, որ նման հարցադրումը, որը հնչում է քաղաքական դաշտի կողմից, ընդամենը քաղաքական ենթատեքստ ունի։ Նախագահի հանձնարարականի առնվազն մեկ պայման կատարվել է, և Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` միջին աշխատավարձերի աճը գնաճից առաջանցիկ է եղել»,- ասաց Աշոտյանը:

Ազգային վիճակագրական ծառայությունը «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2013թ. դեկտեմբերին (2014թ. հունվարի 24-ի դրությամբ)» հրապարակման մեջ ճշգրտեց միջին աշխատավարձերի ցուցանիշը, ընդ որում` ամբողջ տարվա կտրվածքով։ Արդյունքում ստացվեց, որ անցած տարի 5,6% գնաճի պայմաններում միջին աշխատավարձերի աճը եղել է ավելի առաջանցիկ՝ 5,6%, մինչդեռ առանց մեթոդոլոգիական փոփոխությունների` միջին աշխատավարձն աճել է 4,8%-ով։ Աշխատավարձերի ճշգրտումը ԱՎԾ-ն հիմնավորեց նրանով, որ միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշի ամբողջականացման նպատակով ներառվել են զինվորականների աշխատանքի վարձատրության վերաբերյալ 2012-2013 թթ. տվյալները, որոնք հասու են դարձել 2013թ. տարեվերջին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում