Գլխավոր Լրահոս

Fitch-ը վերահաստատել է Հայաստանի վարկանիշները

Fitch-ը վերահաստատել է Հայաստանի վարկանիշները

Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի վարկանիշները։

Ըստ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության՝ Հայաստանի վարկանիշի վրա ազդող ռիսկերը հավասարակշռված են, ներկայում փոքր է նաև դրանց դրսևորման հավանականությունը։ Գործակալությունը 2014թ. համար Հայաստանում ակնկալում է մինչև 4% տնտեսական աճ՝ կառավարության կողմից կանխատեսված 5,2%-ի փոխարեն։

Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը փետրվարի 14-ին վերահաստատել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթով և ազգային արժույթով BB- մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ: Միաժամանակ վերահաստատվել է երկրի՝ թողարկողի դեֆոլտի վարկանիշի կարճաժամկետ կանխատեսումը արտարժույթով B մակարդակում, առաստաղը՝ BB մակարդակում:

Վարկանշային գործակալության հաղորդագրությունում նշվում է, որ Հայաստանի սուվերեն վարկանիշի վերահաստատումը պայմանավորված է մի քանի առանցքային գործոններով։

2013թ. պետբյուջեի կատարողականը երկրորդ տարին անընդմեջ եղել է ծրագրվածից ցածր, ինչը պայմանավորված է մի կողմից՝ հարկային մուտքերի աճով, մյուս կողմից՝ խոշոր վարկային ծրագրերի ծախսերի թերակատարումով։ Գործակալության գնահատմամբ՝ 2013թ. պետբյուջեի պակասուրդը 2012թ. ցուցանիշի համեմատ գրեթե չի փոխվի և կկազմի ՀՆԱ-ի 1,6%-ը՝ ծրագրված 2,6%-ի փոխարեն։

Ըստ գործակալության մասնագետների՝ դրական է Հայաստանի պետական պարտքի դինամիկան, պետպարտք/ՀՆԱ ցուցանիշը 2014թ. կարող է մի փոքր նվազել՝ շարունակելով գտնվել կայուն մակարդակում։ «Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ Հայաստանի պետական պարտքի 84%-ը արտարժույթով է, պետական պարտքը զգայուն է փոխարժեքային շոկերի նկատմամբ։ Մեկնարկած կենսաթոշակային բարեփոխումները կարող են նպաստել ներքին պարտքի շուկայի զարգացմանը, ինչի համար ժամանակ է պահանջվելու»,- նշված է Fitch Ratings-ի հաղորդագրությունում։

Վարկանշային գործակալության գնահատմամբ, 2013թ. արդյունքներով Հայաստանում կարող է արձանագրվել մինչև 3% տնտեսական աճ՝ 2012թ. 7,2%-ի դիմաց։ Տնտեսական աճի տեմպի դանդաղումը պայմանավորված է հիմնականում պետական ներդրումների դանդաղմամբ, գյուղատնտեսությունում ցածր աճով, գազի գնի բարձրացմամբ։ Ակնկալվում է, որ տնտեսական աճը աստիճանաբար կվերականգնվի և 2014թ. կկազմել մինչև 4%, երկարաժամկետ կտրվածքում՝ մինչև 5%։

Եկամուտների և տրանսֆերտների զգալի աճի շնորհիվ ընթացիկ հաշվի պակասուրդը 2013թ. նվազել է մինչև ՀՆԱ-ի 8,2% մակարդակը (2012թ. այն կազմել է ՀՆԱ-ի 11,2%-ը)՝ շարունակելով բարձր մնալ: Ընթացիկ հաշվեկշռի պակասուրդի կրճատումը և Հայաստանի կողմից եվրապարտատոմսերի թողարկումը նպաստել են արտարժութային պահուստների համեստ աճին։

Կենտրոնական բանկն իրականացրել է լողացող փոխարժեքի քաղաքականություն, չնայած տնտեսության դոլարիզացիայի զգալի մակարդակին։ Չնայած 2013թ. բանկերի կողմից վարկավորման աճի տեմպի դանդաղմանը, այն շարունակում է բարձր մնալ՝ անկախ ԿԲ-ի կողմից ձեռնարկվող քայլերից։

Եվրամիության հետ Ասոցացման և Խորն ու համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերը ստորագրելու փոխարեն Մաքսային միությանը միանալու սեպտեմբերի 3-ի որոշումը ընդգծել է Հայաստանի սերտ կապերը Ռուսաստանի հետ։ «Անդամակցությունը Մաքսային միությանը հնարավորություն կտա իջեցնել բնական գազի գինը, դրանով իսկ կրճատել ընթացիկ հաշվեկշռի դեֆիցիտը և բարելավել Հայաստանի արտաքին առևտրի պայմանները։ Մյուս կողմից, հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները, Մաքսային միության անդամակցությունը դժվար թե լուրջ ազդեցություն թողնի առևտրի հոսքերի վրա»,- գտնում են Fitch-ի մասնագետները։

Գործակալությունում վարկանիշների վերահաստատման ժամանակ առաջնորդվել են նրանով, որ տնտեսական աճի և բյուջեի կատարողականը էապես չեն շեղվի ծրարված ցուցանիշներից, իսկ Ռուսաստանում տնտեսության աճի դանդաղման ռիսկերը մեղմ ազդեցություն կունենան։ Բացի այդ, մետաղների համաշխարհային շուկայում գները կտրուկ չեն նվազի. Հայաստանի արտահանման մոտ կեսը բաժին է ընկնում պղնձին։

Վարկանիշների «կայուն» կանխատեսումը ցույց է տալիս, որ Հայաստանի համար դրական և բացասական ռիսկերը հավասարակշռված են և վարկանիշի վերանայման գործոնների դրսևորման հավանականությունը ներկայում այդքան էլ մեծ չէ։

Վարկանիշների՝ դեպի բարձրացում վերանայումը հնարավոր է, եթե բարելավվի ընթացիկ հաշվեկշռի պակասուրդը, ինչը կբերի պահուստների ամրապնդման, կամ պետպարտք/ՀՆԱ ցուցանիշը նվազման տեմպը Fitch-ի կանխատեսումներից առաջանցիկ լինի։

Հայաստանի սուվերեն վարկանիշը կարող է իջեցվել, եթե տեղի ունենա պետական ֆինանսների էական թուլացում, ինչը կբերի պետպարտք/ՀՆԱ ցուցանիշի վատթարացման, կամ արձանագրվի ազգային արժույթի արժեզրկում՝ հագեցնելով ընթացիկ հաշվեկշիռի վատթարացման, քանի որ պետական պարտքի զգալի մասն արտարժույթով է։ Ազգային արժույթի արժեզրկումը ռիսկեր է պարունակում նաև ֆինանսական համակարգի համար, քանի որ բավական բարձր է դոլարիզացիայի մակարդակը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում